01.11.2019
Ընտանեկան բռնությունն ինքնին կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսեւորման ձեւ է. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեն իր №19 կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ընդհանուր բնույթի առաջարկով (տես http://www.un.org/womenwatch/daw/cedaw/recommendations/recomm.htm) արձանագրել է, որ գենդերային բռնությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, ուստի դրա դեմ պայքարելիս պետք է հստակորեն հաշվի առնել գենդերային առանձնահատկությունները: Այս մոտեցումը արտահայտել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք նախադեպային գործերով (տես http://hudoc.echr.coe.int/app/conversion/pdf/?library=ECHR&id=001-92945&filename=001-92945.pdf)։ Իր հերթին «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան նույնպես սահմանում է, որ պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական եւ այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` յուրաքանչյուր անձի, հատկապես` կանանց, բռնությունից զերծ մասնավոր եւ հանրային կյանքով ապրելու իրավունքը ապահովելու եւ պաշտպանելու ուղղությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 2-րդ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները» վերտառությամբ հոդվածը համալրել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով. «2. Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենսդրությունը հիմնված է օրինականության, հավասարության եւ խտրականության բացառման, տուժողակենտրոն մոտեցման (ընտանեկան բռնության ենթարկված անձանց շահերի պաշտպանության առաջնայնության), գենդերային զգայունության սկզբունքների հիման վրա: Գենդերային զգայունության չափորոշիչները սահմանված են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով: 3. Գենդերային հիմքով բռնությունից կանանց պաշտպանելուն եւ այն կանխելուն ուղղված այնպիսի հատուկ միջոցների ընդունումը, որոնք չեն վերաբերում տղամարդկանց, չի հանդիսանում խտրականության դրսեւորման ձեւ:»։