base.notification_banner.text
project.favorite.title

Under development

<<ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները և պահանջել կամ նախաձեռնել կրկնակի փորձաքննության նշանակում:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր «ը» և «թ» կետերով.

«ը) ստեղծում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմին և հաստատում է դրա գործունեության կանոնադրությունը.

թ) ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի  փորձաքննություն իրականացնող փորձագետների հավաստագրումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) համակարգում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունը.»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի «գ» կետից հանել «անկախ» բառը:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 143 –րդ հոդվածի 25-րդ և 33-րդ մասերը:

 

Հոդված 6. Օրենքի 14.4-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «փորձաքննվում,» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասից հանել «փորձաքննության,» բառը:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր VII1 գլխով հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ VII1

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 17.1.  Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական դրույթները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության նպատակը քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանության պահպանումն է Հայաստանի Հանրապետության օրենսդրության» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։
  2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը հավաստվում է սահմանված կարգով տրված փորձագիտական եզրակացությամբ:
  3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձագիտական եզրակացության կառուցվածքի և բովանդակության ձևերն ու գործողության ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն)՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

4.Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը համարվում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեություն՝ բացառությամբ պետական փորձաքննության:

  1. Պետական փորձաքննություն իրականացնող մարմինը, լիցենզավորված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն կարող են իրականացնել միայն հավաստագրված փորձագետի կամ փորձագետների միջոցով: Հավաստագիրը տրվում է միայն ֆիզիկական անձանց:
  2. Փորձագետի հավաստագրման կարգը, մասնագիտական չափորոշիչները, հավաստագրի գործողության ժամկետը և հավաստագրի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:
  3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ: Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ընթացակարգերը սահմանվում են կարգով։
  4. Փորձագետների ցանկը և փորձագիտական եզրակացությունները (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության) պարտադիր հրապարակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական հարթակում:
  5. Քաղաքաշինական փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու փորձաքննությունն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 17.2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական սկզբունքներն են՝

     1) փորձաքննության օբյեկտիվությունը․

     2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և  ամբողջականությունը.

     3) փորձաքննություն իրականացնելիս փորձագետի անկախությունը. 

     4) փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական պատասխանատվությունը:

 

Հոդված 17.3. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակներն են՝

     1) պետական.

     2) արտագերատեսչական.

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն իրականացնող մարմնի գործունեությունը համակարգում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:
  2. Արտագերատեսչական փորձաքննություն իրականացնում են քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
  3. Պարտադիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ։

 

Հոդված 17.4. Քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննություն

  1. Պետական փորձաքննության կարող են ենթարկվել արտագերատեսչական փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերը՝ Կառուցապատողի հայեցողությամբ:
  2. Քաղաքաշինության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող պետական մարմինն արտագերատեսչական փորձաքննության ենթարկված քաղաքաշինական փաստաթղթերը գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների հետ անհամապատասխանության հայտնաբերման դեպքում, հնգօրյա ժամկետում միջնորդագիր է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին՝ քաղաքաշինական փաստաթղթերը պետական փորձաքննության ենթարկելու համար:
  3. Օրենսդրությամբ սահմանված այլ պետական մարմինների հետ քաղաքաշինական փաստաթղթերի համաձայանեցման պահանջի դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է այդ համաձայնեցումների և (կամ) դրական եզրակացությունների ստացումից հետո:
  4. Քաղաքաշինական փաստաթղթերը կարող են ենթարվել կրկնակի փորձաքննության, բացառությամբ պետական փորձաքննության ենթարկված քաղաքաշինական փաստաթղթերի:

 

Հոդված 17.5. Փորձագետի հիմնական իրավունքները և պարտականությունները

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականցող փորձագետի իրավունքներն են՝

     1) փորձաքննության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող  հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ազատ արտահայտումը,

     2) հրաժարվել իր մասնակցությամբ մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործընթացից,

    3) փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից կամ նրա կողմից լիազորված անձից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելը:

  1. Փորձագետի հիմնական պարտականություններն են`

     1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում փորձաքննության ներկայացված քաղաքաշինական փաստաթղթերի գաղտնիության պահպանումը,

     2) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությանը, վելուծությանը և գնահատմանը մասնակցելը փորձաքննության ընթացքում,

     3) քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանության հավաստումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,

     4) ստորագրում է փորձաքննության ներկայացված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներում իր մասնակցության մասին հայտարարություն:

  1. Փորձագետները չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննության աշխատանքներում:
  2. Փորձագետն ունի նաև օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 17.6. Փորձագետի հավաստագրի կասեցումը կամ դադարեցումը

  1. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության նպատակով փորձագետին տրված հավաստագիրը կասեցվում է սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
  2. Փորձագետի հավաստագիրը կասեցվում է, եթե՝

     1) նվազագույնը երկու դեպքով փորձագետի կողմից տրված եզրակացությունը  կրկնակի փորձաքննության արդյունքում հերքվել է,

     2) մասնակցել է իր կողմից մշակված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությանը,

     3) փորձագետի կողմից ներկայացվել է դիմում հավասատագրի կասեցման համար:

  1. Փորձագետի հավաստագիրը դադարեցվում է, եթե՝

     1) փորձագետի հավաստագիրը մեկ տարվա ընդացքում կասեցվել է երկու անգամ,

     2) փորձագետի կողմից ներկայացվել է հավաստագրի դադարեցման դիմում,

     3) հավաստագիր ստանալու նպատակով ներկայացվել է հիմնավորված կեղծ փաստաթղթեր,

     4) սույն օրենքով սահմանված դեպքերում փորձագետի կողմից ներկայացվել է կեղծ փաստաթղթեր:

  1. Փորձագետի հավաստագիրը կասեցվում է երեք ամիս ժամկետով: Հավաստագրի գործողությունը վերականգնվում է օրենսդրությամբ սահմանաված որակավորման քննության արդյունքի հիման վրա::

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքի 17.1-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 8-րդ մասերով, 17.3-րդ հոդվածի 1-ին մասով, 17.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 17.5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով,  6-րդ հոդվածով սահմանված դրույթները ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի մեկից:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) մինչև 2021 թվականի ապրիլի մեկը՝ հաստատում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը,

2) օրենքի հաստատումից վեց ամսվա ընդացքում՝ հաստատում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող փորձագետի հավաստագրման կարգը:

  • project.old_project_time.text

    01.11.2019 - 17.11.2019

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Urban planning

  • project.ministry.title

    Urban Development Committee

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7700

project.print.title

project.docs.title

project.sentences.title

14.11.2019

Նախագծում խախտվել է օրենսդրական ակտին վերաբերող օրենսդրական տեխնիկայի պահանջների տրամաբանությունը, քանի որ, չներկայացնելով գործող իրավակարգավորումների և սույն օրենքի որևիցե կետի հակասություն, Նախագծում ներկայացվում են դրանում նշված բազմաթիվ կարգերից մեկի` փորձաքննության կարգի վերաբերյալ մասնակի պահանջներ, այն էլ առանց հիմնավորումների, որը, անհրաժեշտության դեպքում, պետք է իրականացվի արդեն գործող համապատասխան ենթաօրենսդրական ակտի փոփոխությունների միջոցով՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորումները:

14.11.2019

Առաջարկում ենք Նախագիծը մշակողներին անկեղծ լինել և ներկայացնել իրական ցանկությունները. ներկայացվածի պարզ վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ նպատակ է դրված լուծելու երկու խնդիր. քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը կենտրոնացնել իրենց ձեռքում՝ խաղից դուրս թողնելով անգամ նախարարություններին և այլ գերատեսչություներին, իսկ ոչ պետական փորձաքննության լիցենզիաների մասով խոչընդոտներ ստեղծեն փորձաքննություն իրականացնողների համար և արհեստականորեն ստեղծված գործընթացների լայն ճակատ բացեն իրենց համար:

14.11.2019

Առավել անհասկանալի է այն փաստը, երբ որպես վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգ՝ կարևորում են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացումը, սակայն ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման կարգում դեռևս որևիցե բարեփոխում չի իրականացվել: Նման պարագայում մեծ հարց է առաջանում. նոր ստեղծվելիք պետական մարմնում ո՞ր մասնագետներն են ներգրավվելու որոնք պետք է քաղաքաշինական փաստաթղթերի նախահաշվային բաժնի փորձաքննություն իրականացնեն:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text