14.02.2020
Առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի նշանակման, ազատման, գործունեության հաշվետվողականության վերաբերյալ իրավական մեխանիզմներ․ • Ներկայացված նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ վարչապետը 8 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված մրցույթով անցած թեկնածուներից։ Սկզբունքորեն չառարկելով վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի նշանակման ընթացակարգին, Կոմիտեի նախագահի հաշվետվողականության, պաշտոնից ազատման առումով գտնում ենք, որ նախագծում ներկայացված լուծումները խիստ թերի են և կրում են ձևական բնույթ։ Մասնավորապես՝ նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում։ Նման իրավակարգավորման դեպքում գրավոր հաղորդման քննարկում, դրա արդյունքում Կոմիտեի նախագահին անվստահություն հայտնելու իրավական մեխանիզմներ նախատեսված չեն։ Բացի այդ, Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը՝ 8 տարով համարում ենք չհիմնավորված երկար։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի նախագահի իրավունքներին և պարտականություններին նվիրված նախագծի 12-րդ հոդվածում նախատեսել, որ Կոմիտեի նախագահը կիսամյակային և տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում ՀՀ ԱԺ։ Կոմիտեի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ՀՀ վարչապետի կամ ԱԺ 1/3-ի առաջարկությամբ՝ պաշտոնեական պարտականությունները չկատարելու, լիազորությունները գերազանցելու կամ հանցակազմի հատկանիշներ պարունակող իրավախախտում կատարելու, ինչպես նաև կիսամյակային և տարեկան հաշվետվությունը ԱԺ կողմից չհաստատելու դեպքում՝ ԱԺ քվեարկությամբ՝ պատգամավորների 2/3-ով։ 2․ Սահմանել, որ եռամսյակը մեկ Կոմիտեի կայքում տեղադրվում է գործունեության մասին հաշվետվությունը։ 3․ Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը սահմանել առավելագույնը 6 տարի ժամկետով՝ միևնույն անձի համար մեկ անգամից ոչ ավել ընտրվելու հնարավորությամբ։ • Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեությունը․ Նախագահի պաշտոնում թեկնածուի ընտրության համար նախագծով նախատեսվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն կառավարության, ԱԺ, ԲԴԽ, ՄԻՊ և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներ։ ՀՀ սահմանդրության 7-րդ գլխում ԲԴԽ որպես կառույց գործում է բացառապես ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ընտրության, վերջիններիս լիազորությունների դադարեցման և դատական իշխանության գործունեության հետ կապված այլ հարցերով։ Այս առումով ԲԴԽ մասնակցությունը Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում անթույլատրելի է, քանի որ քրեական գործերի քննության իմաստով Կոմիտեն հանդիսանում է քննության ընդհանուր գործընթացի առաջին փուլում գործունեություն իրականացնող նախաքննական կառույց, որին կարող է հաջորդել դատաքննությունը։ Այս առումով ընդհանուր գործընթացի երկու փուլերում ԲԴԽ ազդեցությունը պետք է բացառել՝ նախաքննության անկախության երաշխիքները չվնասելու նկատառումներից ելնելով։ Բացի այդ, նախագծով ԱԺ-ն ունենալու է մեկ ներկայացուցիչ։ ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունն այս խորհրդում արտահայտելու նպատակով նպատակահարմար է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ևս հնարավորություն ընձեռել մասնակցել հանձնաժողովի ձևավորմանը՝ համատեղ ներկայացնելով երկու թեկնածու։ Անհամաձայնության դեպքում այդ թեկնածուներին նշանակելու իրավասությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Առաջարկ․ Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում ընդգրկել կառավարության, նախագահի, ՄԻՊ կողմից առաջադրված մեկական թեկնածու, ԱԺ մեծամասնության կողմից առաջադրված մեկ թեկնածու, ԱԺ ընդդիմադիր ուժերից երկու թեկնածու, հակակոռուպցիոն ոլորտում վերջին 10 տարում գործունեություն ծավալող երկու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից համատեղ թեկնածուներին չներկայացնելու դեպքում լիազորությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ ՄԻՊ և ԱԺ առաջարկած թեկնածուները պետք է լինեն իրավաբան գիտնականներ՝ 5 տարվա աշխատանքային ստաժով։