Նախագծով նախատեսվել է Քրեակատարողական օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Բաց, կիսաբաց, կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության գոտիներ կամ խցեր՝ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով»:
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալնները հիմնականում զրկված են աշխատելու հնարավորությունից, մինչդեռ աշխատանքը համարվում է վերասոցիալակացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը: Որպես խնդրի լուծում շեշտվում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց վերաինտեգրման, արտախցային զբաղվածության խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն,անդրադառնալով ազատությունից զրկված անձանց զբաղվածության խնդրին, նշել է, (տես՝ https://rm.coe.int/1680696a9c )որ անհրաժեշտ է գործողություններ իրականացնել ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գործնականում ապահովելու համար:
Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված կարգավորումը ձևակերպման առումով չի արդարացնում հետապնդվող նպատակը, ինչպես նաև զբաղվածության՝ գործնականում ապահովման միջազգային պարտավորությունները, ինչպես նաև չի բավարարում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության, ինչպես նաև մատչելիության և կանխատեսելիության որակներին, այն հիմնավորմամբ, որ «կարող են կազմակերպվել» ձևակերպումը բավարար չափով հստակ չի և գնահատողական հասկացություն է, իսկ գնահատման չափանիշները նախատեսված չեն Նախագծով, բացի այդ Նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը ոչ թե զբաղվածության ապահովման գործնական և իմպետարիվ հնարավորություն է նախատեսում, այլ հայեցողական լիազորություն, որը կասկածի տակ է դնում դատապարտյալների զբաղվածության ապահովման արդարացի նախաձեռնությունը։
Հատկանշական է, որ նման գնահատողական և հայեցողական ձևակերպում առկա չէ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) հաստատելու մասին Կառավարության թիվ 1543-Ն որոշման 107-րդ կետում, համաձայն որի՝ «Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով»։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձևակերպել Նախագծի 1–ին հոդվածում ամրագրված կարգավորումը՝ հստակ սահմանելով աշխատանքային զբաղվածության գոտիներ կամ խցեր կազմակերպելու պարտականություն։