base.notification_banner.text
project.favorite.title

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության (քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պահպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների և ֆիզիկական անձանց լիազորությունները:


Հոդված 2. Oրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
2. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում են պետության կողմից:
3. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի («Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի) տեղեկությունների վրա, որոնք, թեև պարունակում են որևէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, սակայն սույն օրենքին համապատասխան չեն դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:

Հոդված 3. Oրենքում գործածվող հասկացությունները

1. Սույն օրենքում գործածվում են հետևյալ հասկացությունները.
1) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար,
2) ծառայողական գաղտնիք` սույն մասի առաջին կետով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,
3) պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրիչներ` (այսուհետ` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացի ձևով,
4) պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածում` այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստը,
5) հրապարակում` սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն,
6) հոսակորուստ` սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստը,
7) տեղեկությունների գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,
8) տեղեկությունների գաղտնազերծում` պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների վերացումն է,
9) պետական կամ ծառայողական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովմանը,
10) գաղտնիության աստիճան՝ գաղտնի տեղեկությունների կարևորության ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,
11) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրված թույլտվություն,
12) գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված տեխնիկական, ծածկագրային, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,
13) գաղտնիության դրոշմագիր` վավերապայմաններ, որոնք դրվում են տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում են տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,
14) գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը, պահպանումը փոխանցումը:

Հոդված 4. Գաղտնիության աստիճանները

1. Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում առաջացող հնարավոր հետևանքներից ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին պատճառված վնասների չափերից, ինչպես նաև այդ տեղեկությունների պահպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
1) «Հատուկ կարևորության»,
2) «Հույժ գաղտնի»,
3) «Գաղտնի»:
2. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է զգալիորեն ազդել պաշտպանության, տնտեսության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության շահերի վրա կամ ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակցող պետությունների և կազմակերպությունների համար:
3. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել պաշտպանության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության, պետության քաղաքական ու տնտեսական շահերին:
4. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:
5. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

Հոդված 5. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությունը

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 6. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:


Հոդված 7. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները

1. Հանրապետության նախագահը`
1) որոշում է Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
2) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է սույն օրենքի կատարումը,
2) մշակում և հաստատում է պետական

  • project.old_project_time.text

    23.03.2021 - 07.04.2021

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Security

  • project.ministry.title

    National Security Service

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7804

project.print.title

project.docs.title

project.sentences.title

07.04.2021

2. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն, ինչպես և գործող օրենքով՝ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին (տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում) կարող են դասվել այդ թվում հետևյալ տեղեկությունները՝ - պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին (հոդված , մաս 3, «3» կետ), - պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին (հոդված 8, մաս 3, «4» կետ) , - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին (հոդված 8, մաս 3, «6» կետ): Հաշվի առնելով «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացության չափազանց լայն լինելը՝ դրա տակ հնարավոր է հասկանալ, ցանկացած պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական վերազինմանը չվերաբերող տեղեկություն: Նմանապես, «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Գտնում ենք, որ այս առումով միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների (այդ թվում՝ արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի) մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է համարվել անձի տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու՝ օրենքով սահմանված հնարավորությունն առհասարակ չի կարող գնահատվել որպես համաչափ՝ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Դրանից բխում է, որ կառավարության որոշմամբ գաղտնագրել հնարավոր է պետության ցանկացած ֆինանսական ցուցանիշների մաս կազմող տեղեկատվություն: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Նշված տեղեկությունների գաղտնագրումը չի կարող համարվել տեղեկատվության մատչելիության իրավաչափ սահմանափակում, ուստի այն անհրաժեշտ է հանել նախագծից կամ սահմանել այդպիսի սահմանափակման հստակ և բացառիկ նախապայմաններ: • Հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա ՝ առաջարկում ենք նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «3» կետը վերաշարադրել, դրանում օգտագործվող «պաշտպանական պատվեր» բառակապակցությունը փոխարինելով «սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների, օբյեկտների պատվերներ» բառերով. • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «4» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «կամ տնտեսական» բառերը կամ փոխարենը, որպես գաղտնագրման ենթակա տեղեկություն նախատեսելով այժմ Կառավարության թիվ 173 որոշման 15-րդ կետում շարադրված դրույթը՝ «պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները»: • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «6» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ դրանք փոխարինելով «ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա» բառերով: Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 82-86 էջերում https://bit.ly/2PSZgjQ

07.04.2021

3. Նախագծի 9-րդ հոդվածով անփոփոխ է թողնվում գործող օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում չներառելով այլ պետությունների իրավաստեղծ փորձում լայնորեն կիրառվող մի շարք այլ կարևոր տեղեկություններ, մասնավորապես. - մարդկանց անվտանգությանն ու առողջությանն ինքնին վտանգ չներկայացնող, սակայն բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները, - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - հանցավորության մակարդակի մասին տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բարձրաստիճան պաշտոնատար անձանց առողջական վիճակի մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, նախագծում տեղ գտած «առողջապահության բնագավառ», «բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» ձևակերպումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման ու տեղեկատվության ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, քանի որ դրանց տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է բացառապես այդ ոլորտներում իրականացվող գործողություններին, ծրագրերին և չի վերաբերում բնակչության առողջության և բնության ու շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկություններին: Օրենքում տեղ գտած «քաղաքացիներ» եզրույթը տեսական հնարավորություն է թողնում պետական գաղտնիքի շարքին դասելու այլ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների սահմանափակումների, խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը լրջագույն խնդիր է առաջին հերթին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված՝ այդ թվում քաղաքացիության հիմքով խտրականության արգելքի հիմնարար դրույթի տեսանկյունից: • Հիմք ընդունելով նշվածը և միջազգային լավագույն փորձը ՝ առաջարկում ենք ընդլայնել նախագծի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում ներառելով. - բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «1» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «մարդկանց անվտանգությանը և առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները», - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - հանցավորության մակարդակի մասին տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բարձրաստիճան պաշտոնատար անձանց առողջական վիճակի մասին տեղեկությունները, - բնակչության առողջության, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «2» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «տնտեսության, բնության և շրջակա միջավայրի, բնակչության առողջության վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները»։ • Օրենքի 9-րդ հոդվածի «3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները»: Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 92-93 էջերում https://bit.ly/2PSZgjQ

07.04.2021

4. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ «Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքներին համապատասխան: (….) Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից»: Ինչպես և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, նախագիծը ևս ընդհանրական կերպով սահմանում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների պարտականությունը՝ հիմնավորելու տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժետությունը (հոդված 11, 2-րդ պարբերություն), սակայն միևնույն ժամանակ չի ամրագրում պաշտոնատար անձանց հստակ պարտականությունը՝ տեղեկությունները գաղտնիքների շարքին դասելիս նշելու տեղեկատվությունը գաղտնագրելու և հատկապես կոնկրետ ժամանակահատվածով գաղտնագրելու պատճառ հանդիսացող հիմքերը: Մասնավորապես նախագծի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությամբ սահմանվում է միայն, որ տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է Կառավարության կողմից սահմանված կարգով , յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով՝ գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխան: Պաշտոնատար անձի կողմից տեղեկությունը գաղտնագրելը խիստ մեխանիկորեն՝ ուղղակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխանության ստուգման միջոցով, այդ գործընթացում որևէ ուղեկցող հիմնավորում նշելու պարտականության բացակայությունը անառարկելիորեն նպաստում է կամայականության և տեղեկությունները գաղտնի պահելու չափից շատ դեպքերի թվի մեծացմանը: Հակառակը, նման պարտականության սահմանման դեպքում տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը պարտավորված կլինի յուրաքանչյուր առանձին դեպքում իրապես գնահատել կոնկրետ տեղեկատվության կոնկրետ ժամանակահատվածում կամ մինչև կոնկրետ պայմանի վրա հասնելը հրապարակման հետևանքով որոշակի վնասի առաջացման հնարավորությունը: Ինչը բխում է նաև միջազգային չափորոշիչներից և միջազգային լավագույն իրավաստեղծ փորձից : • Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում տեղեկություններ գաղտնագրելիս, դրանց՝ գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխան գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու պարտականության հետ մեկտեղ սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշել գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը: «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կողմից Վարչապետի աշխատակազմ կատարված հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը մշակել է նշված կարգը, հղում է կատարվել Կառավարության՝ Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին թիվ 173 որոշմանը, որով նման կարգ չի սահմանվում: Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 102-103 էջերում https://bit.ly/2PSZgjQ

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text