28.04.2021
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին Հոդվածը հանել, քանի որ Նախագծով սահմանվող «երթուղային թերթիկ» հասկացությամբ երթուղային թերթիկ փաստաթղթին ներկայացվող պահանջները ամբողջությամբ կրկնում են ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «ճանապարհային թերթիկ» հասկացությամբ ճանապարհային թերթիկ փաստաթղթում ներկայացվող պահանջները: Համապատասխանաբար կանոնավոր ուղևորափոխադրումներում նույնաբովանդակ երկու փաստաթղթի կիրառումը համարում ենք ոչ նպատակահարմար: Օրենքի նախագծի մշակողները կամ տեղյակ չեն, որ նախկինում ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էր «երթուղային թերթիկ» հասկացությունը և այն 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ հանվեց, քանի որ երթուղային թերթիկի տրամադրումը պարունակում էր կոռուպցոն ռիսկեր, կամ նախագծի հեղինակները ցանկանում են օրենքով լծակ տրամադրել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին և «Երևանտրանս» ՓԲԸ-ին փոխադրողներից գանձել գումարներ: Կարելի է փաստել, որ նշված ՓԲԸ-ները կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայումս չեն մատուցում պայմանագրով նախատեսված համապատասխան ծառայություններ կամ դրանք մատուցում են թերի: Այսինքն կանխատեսվում է որ օրենքի նախագծի ընդունման դեպքում փոխադրողները օրենքով պարտավորված կլինեն նշված ՓԲԸ-երից ստանալ «երթուղային թերթիկ» և վճարել «մատուցվող» ծառայությունների դիմաց վճար, հակառակ դեպքում փոխադրողին նշված ՓԲԸ-ները չեն տրամադրի երթուղային թերթիկ, ինչի արդյունքում փոխադրողը կամ չի իրականացնի փոխադրում կամ կիրականացնի առանց երթոուղային թերթիկի և տեսչական մարմնի կողմից կենթարկվի վարչական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների իրավունքից զրկման: Ներկայումս կիրառվում է ճանապարհային թերթիկ, որը մասամբ լրացվում է փոխադրողի, մասամբ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից և դրա հիման վրա է իրականացվում վերահսկողական գործառույթների մի մասը: Փոփոխության արդյունքում լուրջ վնաս կհասցվի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, ինչն էլ չի կարող չանդրադառնալ ուղևորների սպասարկման որակի վրա: Սակայն այս փոփոխությունը, նախագծի հեղինակները հիմնավորում են արդյունավետ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ և երթակարգավարական ծառայությունների բարելավմամբ և անօրինական փոխադրումների բացառմամբ, այսինքն նախատեսվում է արդյունավետ վերահսկողություն իրականացնելու կամ անօրինական փոխադրումները բացառելու համար փոխադրողի համար ավելացնել վարչարարությունը և գանձել գումարներ: Կարծում ենք, որ նշված փոփոխությամբ ոչ թե կկանխվեն անօրինական փոխադրողները, այլ օրինապաշտ կանոնավոր ուղևորափոխադրողների նկատմամբ կիրականացվի տոտալ վերահսկողություն: Անհրաժեշտ է, գիտակցել, որ տվյալ պարագայում վերահսկողությունը պետական գործիքակազմ է և այն չպետք է իրականացվի օրինական փոխադրողի հաշվին կամ նրան վնաս պաճառելով: Ինչ վերաբերվում է հիմնավորման այն մասին, որ խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ապա ենթադրվում է, որ նախագծի հեղինակները տեղյակ են, որ բազմաթիվ գործեր են քննվում դատարաններում, համաձայն որոնց վիճարկվում է փոխադրողների կողմից վերը նշված ՓԲԸ-երին, չմատուցված կամ թերի մատուցված ծառայությունների դիմաց պայմանագրային վճարները չվճարելու մասին և հիմնականում դատարանների կողմից վճիռները կայացվում են ի օգուտ փոխադրողներին: Նախագծով առաջարկվում է կիրառել պետական լծակ, որի միջոցով պետական կամ համայնքային ՓԲԸ-երի կողմից չմատուցող կամ թերի մատուցվող ծառայությունների դիմաց փոխադրողից կգանձվի գումար՝ խախտել այն հիմնական սկզբունքը երբ երկու տնտեսվարող սուբյեկտ՝ փոխադրողները և երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպությունները գտնվելով պայմանագրային հարաբերություններում չստացած ծառայությունների կամ ստացած ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում հարցը լուծում են դատական կարգով: Առաջարկում ենք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից ընդհանրապես չգանձել երթակարգավարական ծառայությունների մատուցման համար գումար, քանի որ երթակարգավարական ծառայությունները հիմնականում միտված են վերահսկողական գործառույթների իրականացման և երթուղային ցանցերի ձևավորման համար, որոնք էլ պետական գործառույթներ են: Միաժամանակ երբ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պայմանագիր կնքելու պարտավորություն, ինչով էլ նախատեսվում է փոխադրողից գումարի գանձում և ՀՀ օրենքով նախատեսված չէ վճարների տեսակները, չափը, վճարման կարգը, ապա տվյալ տիպի վճարների գանձումը հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը: Կարծում եմ, որ օրենքի նախագիծը մշակողները ծանոթ չեն երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրերի բովանդակությանը, օրինակ «Երևանտրանս» ՓԲԸ-ին վերապահված գործառույթների մի մասը առավել բարձր իրավական ակտերով «Երևանտրանս» ՓԲԸ-ն իրավասու չէ իրականացնել, իսկ վերապահված գործառույթների մյուս մասը չի իրականացնում պատշաճ կարգով: Հերտևաբար առաջարկվում է Երևանի քաղաքապետարանին դադարեցնելու ինքնագործունեությամբ զբաղվող «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործունեությունը, կամ վերանայելու «Երևանտրանս» ՓԲԸ-ի գործառույթները և մատուցվող ծառայությունների շրջանակը, միաժամանակ ապահովելով դրանց տրամադրումը փոխադրողներին: Առաջարկվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մշակելու «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի զարգացման ռազմավարություն, թե չէ այդ կառույցն էլ փոխադրողից սպասարկման ծառայությունների մատուցման գումար է պահանջում անգամ առանց սկզբնակետում և վերջնակետում երթակարգավարական կետ ունենալու, էլ ուր անդրադառնանք ավտոկայանային կամ ավտոկայարանային ծառայությունների մատուցմանը: