30.05.2021
«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. 1. Նախագծի առաջին հոդվածով առաջարկվող Օրենքի 2–րդ հոդվածով տրվող ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության նախատեսման դրույթը կարծում եմ դեռևս հնարավոր չէ իրականացնել` հաշվի առնելով ակտիվ հաշտարարների և ռեսուրսների բացակայությունը։ Միևնույն ժամանակ հաշտարարության զարգացման համար պարտադիր հաշտարարության ներդրումը վեճերի որոշակի տեսակների համար խիստ ողջունելի է, սակայն առաջարկում եմ նման փոփոխությունների ուժի մեջ մտնելը նախատեսել առնվազն հաշտարարների նոր որակավորման անցկացումից առնվազն վեց ամիս հետո։ Գտնում եմ նաև, որ անհրաժեշտ է դիտարկել աշխատանքային վեճերով ևս պարտադիր հաշտարարության նախատեսումը։ Միևնույն ժամանակ պետք է լուծել դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետների ու հայցային վաղեմության հետ կապված անհրաժեշտ փոփոխությունների կատարումը, որի համաձայն ժամկետները պետք է կասեցվեն հաշտարարության ժամկետում։ 2. Նախագծի հինգերորդ հոդվածով Օրենքի 11.1 նոր հոդվածի երրորդ մասի մեջ մեջ անհրաժեշտ է հաշտարարության ավարտման մասին արձանագրության կազմումը վերապահել բացառապես հաշտարարին` կողմի մասնակցությամբ ստորագրման գործընթացի հնարավոր բարդություններից ու նման ստորագրումից խուսափելու ռիսկերը չեզոքացնելու համար։ Հաշվի առնելով, որ հաշտարարները որակավորվում են և զսպված են կարգապահական պատասխանատվությամբ` արձանագրության միակողմանի կազմման ռիսկերը նվազագույնն են։ Նույն հոդվածի չորրորդ մասում անհրաժեշտ է արձանագրության տրամադրումը նախատեսել հաշտարարության համար դիմած կողմին, այլ ոչ թե հաշտարարությանը ներկայացած կողմին, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ կողմերից որևէ մեկը չներկայանա հաշտարարության։ 3. Նախագծի վեցերորդ հոդվածով Օրենքի 12–րդ հոդվածում առաջարկվող լրացվող 8–րդ մասում անհրաժեշտ է նախատեսել պետական ֆինանսավորում բոլոր այն դեպքերում, երբ հաշտարարությունը պարտադիր է կամ նշանակվել է դատարանի կողմից` հաշվի առնելով, որ կողմերին պարտադրվում է նշված գործընթացը և իրավաչափ չի կարող լինել նման պարտադիր ընթացակարգի համար կողմերից վարձատրության ստացումը և պրակտիկայում կողմերը մշտապես կխուսափեն օրենքով սահմանված հաշտարարության համար վճարելուց։ Մյուս կողմից, հաշտարարները կարող են խնդիրների բախվել համաձայնության առկայության կամ բացակայության ապացուցման հարցում։ Առաջարկվող ձևակերպումից որևէ կերպ չի բխում, որ օրենքով սահմանված պարտադիր հաշտարարության համար ևս հաշտարարները պետք է ստանան ֆինանսավորում, ինչը կարծում ենք խիստ կարևոր է` հաշվի առնելով պարտադիր անհատույց աշխատանքի անթույլատրելիությունը և հանրային պաշտպանների հետ կապված առկա փորձը, որի անալոգիայով հաշտարարները ևս պետք է վարձատրվեն պետության կողմից պարտադրվող աշխատանքի դիմաց։ 4. Անհասականալի է Նախագծի յոթերորդ հոդվածով լրացվող Օրենքի 12.1 հոդվածի 7–րդ մասում նվազագույնը 6 ժամ տևողությամբ հաշտարարության սահմանումը և առկա չէ հիմնավորում օրենքով պարտադիր 2 ժամ տևողության հետ տարբերակման համար։ Անհրաժեշտ է սահմանել նույն նվազագույն ժամկետը։ Հարգանքով` Հայաստանի Հաշատարարների ԻԿԿ առաջին խորհրդի անդամ, արտոնագրված հաշտարար Վանիկ Մարգարյան