25.10.2021
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ։ Աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 242): Աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 243, մաս 2): Հատկանշական է, որ օրենսդիրը, աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունն ապահովելու պարտականությունը դնելով գործատուի վրա, միաժամանակ նախատեսել է, որ մի շարք մասնագիտությունների, աշխատանքների դեպքում, որոնք կարող են սպառնալիք լինեն բնակչության առողջության պահպանման, մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվելու տեսակետից, ինչպես նաև՝ մինչև տասնութ տարեկան աշխատողների դեպքում, գործատուն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի համապատասխան աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը։ Այսինքն՝ օրենսդիրը նպատակ հետապնդելով լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում նաև՝ բնակչության առողջության պահպանման, աշխատողին մասնագիտական ռիսկից զերծ պահելու հետ կապված, նախատեսել է, որ որոշ կատեգորիայի աշխատողներ ենթակա են պարտադիր բժշկական զննության, որը պետք է կազմակերպվի աշխատանքային ժամին և գործատուի միջոցների հաշվին, քանի որ գործատուն ի սկզբանե կրում է պարտավորություն՝ ապահվելու բոլոր աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ։ Քննարկվող նախագծով գործատուի համար բոլոր աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու պարտականություն սահմանելու փոխարեն սահմանվել է իրավունք լուծելու աշխատանքային պայմանագիրը այն դեպքում, երբ աշխատողը սեփական միջոցների հաշվին չի կարողանում իրականացնել ՊՇՌ թեստավորման պահանջը։ Հարկ է նշել, որ․ պարտադիր պատվաստման կամ թեստավորման վերաբերյալ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատողին, հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու կարգավորումները խնդրահարույց են աշխատանքի ընտրության ազատության բաղկացուցիչ մաս կազմող աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքի տեսանկյունից։ առանձին խումբ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ հակահամաճարակային սահմանափակումների չկիրառումը անտրամաբանական է և խտրական։