base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի __________ «____» N       -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

          1) Որոշման 1-ին հավելվածի «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» գլուխը «13-րդ՝ «XIII. ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14-րդ նախադասությամբ. «XIV. ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»,

          2) Որոշման 1-ին հավելվածը «XIII. ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բաժնից հետո լրացնել նոր 14-րդ բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.

«XIV. ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հանածո վառելիքի այրումը և անտառների գերշահագործումը զգալի վնասակար ազդեցություն ունեն կլիմայի փոփոխության վրա։ Էներգիայի վերականգնվող աղբյուրներին համընդհանուր անցում կատարելու խթանների բացակայությունը կամ ոչ բավարար լինելը հանգեցնում է անխուսափելի և անշրջելի արդյունքների, որոնք վտանգավոր են շրջակա միջավայրի համար։ Որպես էներգիայի վերականգնվող աղբյուր՝ կենսազանգվածի օգտագործումը այն քարշիչ ուժն է, որն ընթացքի մեջ է պահում աշխատանքը և կենսազանգվածի օգտագործումը դարձնում առավել կայուն։ Կենսազանգվածի վրա հիմնված ճյուղերը կարող են նպաստել գյուղական զարգացմանը, ապահովել զբաղվածության հնարավորություններ և խթանել կենսազանգվածի վերաճը՝ հողի կայուն կառավարման գործելակերպերի միջոցով։
  2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան Հանրապետությունն ունի ածխի սահմանափակ պաշարներ, չունի նավթի և բնական գազի հաստատված պաշարներ՝ ջերմա-քիմիական փոխարկման տեխնոլոգիաների օգտագործումը կարևոր դեր կարող է խաղալ հանածո վառելիքներից երկրի կախվածությունը նվազեցնելու գործում։ Ուստի, կենսազանգվածային հիմքով վառելանյութերի օգտագործման աճը գյուղական վայրերում՝ կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կայուն զարգացմանը և մարդու կյանքի որակի ու առողջության բարելավմանը։
  3. Ըստ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 2017 թվականի հաշվետվության՝ էներգետիկ հատվածի ընդհանուր ջերմոցային գազի արտանետումների 18 տոկոսի աղբյուրը բնակելի շենքերում վառելիքի այրումն է, իսկ 7 տոկոսինը՝ հասարակական և արտադրական շենքերում վառելիքի այրումը: Բնակելի շենքերում էներգիայի վերջնական սպառումը 2015-2018 թվականների համար մեջ կազմում է 33-38 տոկոս, արտադրական/հասարակական նշանակության շենքերի մասով՝ 18-20 տոկոս։ Ներքին ռեսուրսներով Հայաստանը ներկայումս կարող է բավարարել էներգիայի ներկա պահանջարկի ընդամենը 35 տոկոսը։ Ուստի, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացումը էական նշանակություն ունի երկրի համար։ Բնակչության ցածր եկամուտներով և աղքատության բարձր մակարդակով պայմանավորված՝ ջեռուցման և տաք ջրի նպատակով ջերմային էներգիայի պահանջարկը սահմանափակ է։ Համաձայն 2017 թվականին իրականացված ինտեգրված հետազոտությունների՝ գյուղական բնակավայրերում, որպես ջերմային էներգիայի հիմնական աղբյուր, տնային տնտեսությունների շուրջ 70 տոկոսի կողմից օգտագործվում է վառելափայտ։
  4. Անտառային կենսազանգվածը (բնափայտը), որպես կենսավառելիքի նախընտրելի աղբյուր չի դիտարկվում, հաշվի առնելով հանրապետությնում անտառապատվածության անբավարար մակարդակը, հետևաբար անհրաժեշտ է նվազեցնել անտառային ռեսուրսների վրա առկա ճնշումը, կանխելու անտառների հետագա դեգրադացիան և անտառազրկումը։

 

ԳԼՈՒԽ 2. ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետությունում կենսազանգվածի ներուժը տպավորիչ է։ Կենսազանգվածի հնարավոր աղբյուրներն են հացազգիների բերքահավաքից հետո առաջացող ծղոտը, չոր խոտի մնացորդները, հատիկաընդեղենային, տեխնիկական և բանջարանոցային մշակաբույսերը, պտղատու, հատապտղատու և խաղողի այգիներից էտի արդյունքում առաջացող ճյուղերը։ Դրանց գումարային ծավալը գնահատվում է տարեկան մոտ 544.000 տոննա, ինչը բավարար է մոտ 2.300 ՏՋ էներգիա ստանալու համար։ Էներգաարդյունավետ վառարանների և կաթսաների կիրառման պարագայում ստացվելիք էներգիայի քանակը հնարավոր է ավելացնել ևս 30 տոկոսով։ Հայաստանում առկա ընդհանուր գյուղատնտեսական կենսազանգվածի ընդամենը 25 տոկոսն է հեշտ հասանելի և այդ մասը կարող է առանց լրացուցիչ ծախսերի փոխարկվել կենսավառելիքի և օգտագործել բնափայտին փոխարինելու համար։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ բրիկետից և պելետից կարող է արտադրվել ավելի քան 2,000 ՏՋ էներգիա՝ երկրում գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունները ջեռուցման նպատակով, ինչը թույլ կտա խուսափել տարեկան կտրվածքով 144.000 խորանարդ մետր փայտ, ինչպես նաև դաշտերում առնվազն 114.000 տոննա գյուղատնտեսական կենսազանգված այրելուց։ Ակնհայտ է, որ օգուտները կարող են լինել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական, սոցիալական, ֆինանսական և այլն։ Անտառահատման ծավալների կրճատումը կնպաստի Հայաստանի անտառների տարածքների դրանց բնական էկոհամակարգերի պահպանությանը։ Կենսազանգվածային մնացորդները կդառնան կենսավառելիք արտադրողների համար ապրանք և ռեսուրս՝ լինելով պահանջված և ունենալով գին, ինչը կնվազեցնի հրդեհների ռիսկը խոտածածկ տարածքներում։ Շրջակա միջավայրի համար անվնաս գյուղատնտեսությունը կնվազեցնի դաշտերից մինչև անտառներ հրդեհների ռիսկը, կապահովի հավելյալ եկամուտ ագրոբիզնեսով զբաղվողների համար, էներգաանվտանգություն՝ տնային տնտեսությունների համար և այլն։
  2. Հայաստանի Հանրապետությունում առաջարկվող՝ կենսագազի արտադրության կայանները նախատեսված են կենսագազ և օրգանական պարարտանյութ արտադրելու համար։ Դրանց ծավալները տարբեր են՝ 100 խմ-ից մինչև 4000 խմ, շինարարության տևողությունը կազմում է 3-6 ամիս, զբաղենում են 200-1500 քմ տարածք։ Արտադրվող կենսագազի ծավալը, կախված հումքի տեսակից և ծավալից, կարող է հասնել մինչև օրական մինչև 100 խմ։ Կենսագազը կարող է օգտագործվել՝

1) ջեռուցման նպատակով,

2) կենսագազը ճնշելով հնարավոր է զատել մեթանը և ածխաթթու գազը, այնուհետև մեթանը կարող է օգտագործվել որպես տրանսպորտային միջոցների վառելիք իսկ ածխաթթու գազը՝ տեխնիկական նպատակներով,

3) կոգեներացիոն կայանի միջոցով հնարավոր է ստանալ էլեկտրական և ջերմային էներգիա, ընդ որում այս տարբերակով 1 խմ կենսագազից հնարավոր է ստանալ մինչև 2 կՎտ էլեկտրական էներգիա և 3 կՎտ ջերմային էներգիա:

  1. Կենսազանգվածից ստացվող կենսավառելիքի ոլորտը ունի երկարաժամկետ ներուժ, քանի որ այն վերականգնվող է, մատչելի, ծախսարդյունավետ և պահանջվում է աշխատատար տեխնոլոգիաներ։ Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ առնվազն առաջիկա տասնամյակների համար կենսավառելիքի ոլորտի զարգացումը կարող է նպաստել մի շարք բնագավառներում առկա խնդիրների լուծմանը, և հետագայում հիմք հանդիսանալ կենսավառելիքի տեխնոլոգիապես ավելի առաջադեմ տեսակների արտադրության և կիրառման զարգացման համար։
  2. Ոլորտի զարգացման աշխատանքներն ունեն համալիր դիտարկման կարիք, հաշվի առնելով նաև շենքերի էներգաարդյունավետության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդիրը։ Վերջինիս շրջանակներում կարևոր են քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-02-2022 «Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ» շինարարական նորմերը, ինչի դրույթներով սահմանված են նաև վառելիքի տարբեր տեսակներից ածխածնի երկօքսիդի արտանետումների գործակիցները, որոնցով գնահատվում են մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը։
  3. Հայաստանը, բացի բավականաչափ բնական վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից, ունի նաև մեծ գիտական և ճարտարագիտական համապատասխան փորձ ունեցող աշխատանքային ռեսուրսներ։

 

ԳԼՈՒԽ 3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

  1. 2009 թվականին Եվրոպական Միությունը կենսավառելիքի ոլորտում ունեցել է գրեթե 2 տրիլիոն եվրո շրջանառություն, ոլորտում զբաղվածությունը կազմել է ավելի քան 22 միլիոն մարդ՝ ԵՄ-ում զբաղվածության 9 տոկոսը: Վիճակագրությունը ներառում էր գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, ձկնաբուծությունը, սննդամթերքի, ցելյուլոզայի և թղթի արտադրությունը, ինչպես նաև քիմիական, կենսատեխնոլոգիական և էներգետիկ արդյունաբերության ոլորտները: Կանխատեսվում է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կենսատնտեսական հետազոտությունների և նորարարության մեջ ներդրված յուրաքանչյուր եվրոն մինչև 2025 թվականը կբերի 10 եվրո ավելացված արժեք կենսատնտեսության ոլորտում: Զուգահեռաբար կզարգանան նաև տրանսպորտի համար առաջադեմ կենսավառելիքների շուկաները։
  2. Ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկան մատակարարում է վերջնական էներգասպառման մոտ մեկ հինգերորդը, որը բաժին է ընկնում ավանդական կենսազանգվածին, մեծաքանակ հիդրոէլեկտրաէներգիային և «նոր» վերականգնվող էներգառեսուրսներին (միկրոհիդրոէներգետիկա, կենսազանգված, քամու, արևային, երկրաջերմային էներգիա և այլ)։ Վերջին կանխատեսումները մատնանշում են, որ մինչև 2050 թվականը համաշխարհային ընդհանուր էներգետիկ հաշվեկշռի մեկ երրորդը հավանականորեն կսնուցվի կենսազանգվածի միջոցով։ Որպես էներգիայի ամենամատչելի այլընտրանքային աղբյուրներից մեկը, այն արագորեն դարձել է համաշխարհային վերականգնվող էներգետիկ հաշվեկշռի հիմնական բաղադրիչը, որն ունի աշխարհի ջերմային էներգիայի ամենաարագ աճող մասնաբաժինը։
  3. Ներկայումս շատ զարգացող երկրներում կենսազանգվածային էներգետիկան շարունակում է լինել էներգիայի հիմնական աղբյուրը, մասնավորապես դրա ավանդական ձևերով, ապահովելով աշխարհի բնակչության երեք քառորդի էներգետիկ կարիքների միջինում 35 տոկոսը։ Ամենաաղքատ զարգացող երկրներում այն աճում է՝ հասնելով 60-90 տոկոսի։ Այնուհանդերձ, կենսազանգվածային էներգիայի մերօրյա կիրառություններն արագորեն աճում են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները կենսազանգվածից ստանում է իր հիմնական էներգիայի մոտավորապես 4 տոկոսը, իսկ Ֆինլանդիան և Շվեդիան՝ 20 տոկոսը։
  4. Ուշադրության արժանի է կենսազանգվածի գործածության ոլորտի խթանման Իտալիայի փորձը, որտեղ մեծ տարածում ունի կենսամեթանի, կենսադիզելի, էթանոլի արտադրությունը և օգտագործումը, ինչպես նաև կենսավառելիքից ստացված էլեկտրաէներգիայի սպառումը։ Բիոմեթան կամ այլ կենսավառելիք արտադրողները իրավունք ունեն ստանալ հավելավճարներ, իսկ բիոմեթան արտադրողները կարող են արտադրված բիոմեթանը վաճառել պարզեցված ընթացակարգով։ 2006 թվականին ներդրվել է «սպառման համար բաց թողնելու պարտավորության» քվոտան՝ տրանսպորտի ոլորտում արտանետումները նվազեցնելու համար: Այն սահմանում է կենսավառելիքի մասնաբաժինը, որը տրանսպորտի համար վառելիք մատակարարողները պետք է ներառեն տրանսպորտի ոլորտում իրենց մատակարարման մեջ: Ջեռուցման նպատակով կենսավառելիքի գործածության խթանումը զուգակցվում է շենքերի ջեռուցման և օդորակման՝ թաղամասի կամ շենքի մակարդակով կենտրոնացված համակարգերի կիրառության խթանման հետ։ Մասնավորապես, նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան և հասարակական շինությունների համար սահմանված է թաղամասի կամ շենքի մակարդակով ջեռուցման կենտրոնացված համակարգի առկայության պահանջ, ինչպես նաև կենսազանգվածից ստացված վառելիքի օգտագործման նվազագույն շեմ։ Իտալիայի կենսավառելիքի ոլորտի առաջավոր փորձի որոշ բաղադրիչներ Հայաստանում կարող են ներդրվել՝ որպես ելակետ ընդւնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի «VI. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերին ներկայացվող էներգաարդյունավետության պահանջները» գլխի 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների կարգավորումները։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում կենսավառելիքի (հատկապես հեղուկ և գազային) ոլորտը դեռևս սաղմնային վիճակում է՝ Իտալիայի առաջավոր փորձի հիմնական բաղադրիչները կարող են կիրառվել ոլորտի զարգացման որոշակի աստիճանի առկայության պարագայում։ Ոլորտի ներդրման, շարունակական և անվտանգ զարգացման ապահովման նպատակով, խթանման ելակետային միջոցառումների իրականացման մեկնարկի որոշակի փուլից հետո հնարավոր կլինի ուսումնասիրել կենսավառելիքի մատակարարման կամ քվոտաների սահմանման հնարավոր ուղղությունները և դրանց ներդրման մեխանիզմները։

 

ԳԼՈՒԽ 4. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Գյուղացիական տնային տնտեսությունները, հաճախ գտնվելով փոքր և ենթակառուցվածքներից հեռու բնակավայրերում, հիմնականում չեն գազաֆիկացվում, իսկ գազաֆիկացման առկայության դեպքում՝ եկամուտների ցածր մակարդակի պատճառով մեծամասամբ օգտագործում են վառելափայտ (այդ թվում՝ ապօրինի հատված) կամ գոմաղբ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենսդրական բարեփոխումների արդյունքում խստացվել է նաև ապօրինի անտառահատման համար պատասխանատվությունը, հետևաբար առավելապես գյուղական բնակավայրերի բնակիչներն ունեն մատչելի ջեռուցման ապահովման խնդիր։ Հայաստանի գյուղերի բնակչության մեծ մասը կախվածություն ունի վառելափայտից՝ որպես էներգիայի հիմնական աղբյուր։ Բացի այդ, օգտագործվող վառարանների մեծ մասն ունի շատ ցածր արդյունավետություն։ Հետևաբար, անհրաժեշտ է դիտարկել տեղերում առկա ռեսուրսները, որոնք կարող են էականորեն բավարարել տնային տնտեսությունների և հասարակական կառույցների ջերմային էներգիայի պահանջարկը։ Գյուղատնտեսական կենսազանգվածի մնացորդների օգտագործումը, որոնք ներկայումս այրվում են դաշտերում՝ կարող են վերափոխվել ներկայիս գյուղական վառարաններում օգտագործման ենթակա պիտանի վառելիքի։ Այդ վառարանները կարող են աստիճանաբար բարելավվել, որպեսզի հարմար լինեն բրիկետի և պելետի համար՝ ապահովելով այրվող վառելիքի բարձր արդյունավետություն։
  2. Վերջին տարիներին լուրջ մարտահրավեր են նաև անտառային հրդեհները, որոնք Հայաստանի Հանրապետությունում անտառների սակավության պայմաններում անդառնալի հետևանքներ են հասցնում շրջակա միջավային։ Հրդեհները մեծամասամբ մարդածին են և շատ հաճախ դրանց առաջացման պատճառ է հանդիսանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո խոզանի և դաշտում թողնված ծղոտի այրումը։
  3. Հիմնական խնդիրը կենսազանգվածի կառավարումն է (հավաքում, պահում, փոխադրում, մշակում, այրում)։ Իրականացված դիտարկումների համաձայն՝ տեղական շուկայում կան կենսազանգվածային վառելիք առաջարկող մոտավորապես երկու տասնյակ տնտեսվարող։ Նրանց մի զգալի մասը Ռուսաստանի Դաշնությունից բրիկետ և պելետ ներկրողներ են։ Գները տատանվում են 1 տոննայի համար 100-170 հազար դրամի միջակայքում, ինչը տնային տնտեսությունների համար մատչելի չի դարձնում կենսազանգվածից ստացվող վառելիքը։ Բարձր գների հիմնական պատճառը ներկայումս Հայաստանում գործող արտադրությունների ոչ մեծ ծավալն է։ Առկա են 5-6 արտադրողներ, որոնց արտադրական հզորությունը կազմում է 400-500 կգ/ժամ, իսկ մյուսները գտնվում են 100-250 կգ/ժամ արտադրողականության միջակայքում՝ աշխատեցնելով տնային պայմաններում պատրաստված սարքեր։ Նման պայմաններում շուկայում մրցունակ գներ առաջարկելու հնարավորությունը մեծ չէ։
  4. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգետիկայի (հիդրոէներգետիկա, արևային ու հողմային էներգիա, կենսավառելիք) մասնաբաժինը կազմել է ընդամենը 9.8 տոկոս (որից՝ կենսավառելիքի մասնաբաժինը 3.1 տոկոս), իսկ ներմուծվող բնական գազինը՝ 65 տոկոս, ինչը չի նպաստում երկրի էներգետիկ անկախության և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիներ» ռազմավարական փաստաթղթով (մինչև 2036թ.) որպես ծրագրի արդյունք նախատեսվում է փոխել Հայաստանում էներգիայի սպառման կառուցվածքը՝ Էներգիայի արտադրության կառուցվածքում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը հասցնելով 40 տոկոսի։ Կենսազանգվածից ստացվող կենսավառելիքի (պինդ, հեղուկ կամ գազային) մասնաբաժնի շարունակական մեծացման արդյունքում հնարավոր է էականորեն հավասարակշռել սեփական և ներմուծվող էներգետիկ ռեսուրսների հարաբերակցությունը։
  5. Գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունները մոտ 80 տոկոսն օգտագործում է ինքնաշեն փայտի վառարաններ։ Ջեռուցման համար օգտագործվող վառելիքի տեսակների մեջ վառելափայտը կազմում է 60-95 տոկոս (կախված մարզից և անտառից հեռավորությունից)։ Ըստ հարցումների՝ էներգաարդյունավետ լուծումների հիմնական խոչընդոտը (80-ից ավել տոկոս) ֆինանսական միջոցների բացակայությունն է։

 

ԳԼՈՒԽ 5. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  1. Ոլորտի զարգացման նպատակն է կենսավառելիքի ոլորտի կայուն զարգացման ներդրման և զարգացման միջոցառումների իրականացմամբ կանխել կամ հնարավորինս մեղմել ներկայացված խնդիրների՝ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, ինչպես նաև ձևավորել մատչելի էներգետիկ ռեսուրսների հասանելիություն՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ կախվածության նվազեցմանը։ Հանրապետությունում զարգացման հեռանկարներ ունեն կենսավառելիքի բոլոր տեսակների (պինդ, հեղուկ, գազային) ոլորտները։
  2. Որպես հիմնական նպատակ դիտարկվում է անտառահատման ծավալների էական կրճատումը՝ հիմնականում գյուղական բնակավայրերում ջեռուցման և եփելու համար ներկայումս օգտագործվող բնափայտը կենսավառելիքով փոխարինելու միջոցով։
  3. Առանցքային նշանակություն ունի անտառային հրդեհների կանխումը։ Կենսավառելիքի արտադրության և սպառման ոլորտի զարգացվածության պարագայում կիրականացվի բուսական մնացորդների կազմակերպված հավաք և մշակում։ Խոզանների, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքների, արոտավայրերի և խոտհարքերի բուսականության այրման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների և այրման ենթարկվող բուսական մնացորդների մթերման արդյունավետ համադրության արդյունքում էականորեն կնվազեն շրջակա միջավայրին և տնտեսությանը էական վնաս պատճառող հրդեհները։
  4. Հիմնականում գյուղական բնակավայրերում էներգետիկ աղքատության առկա մակարդակի պարագայում էներգիայի այլընտրանքային, տնտեսապես արդյունավետ (ցածր ինքնարժեք, բարձր էներգաարդյունավետություն) և Հայաստանի Հանրապետության համար ինքնաբավ տեսակների գործածության զարգացման խթանումը։
  5. Հեղուկ և գազային կենսավառելիքի (կենսադիզել, էթանոլ, կենսամեթան) արտադրության ծավալների աճի պարագայում նաև տրանսպորտային միջոցների համար կստեղծվի համեմատաբար մատչելի և շրջակա միջավայրի վրա քիչ վնասակար ազդեցություն ունեցող վառելիքի այլընտրանքային հնարավորություն։
  6. Կենսավառելիքի (պինդ, հեղուկ, գազային) արտադրության և գործածության ոլորտի զարգացման արդյունքում հնարավոր է լուծել պետական և հասարակական նշանակության մի շարք խնդիրներ (կամ հնարավորինս մեղմել դրանց բացասական ազդեցությունը), այդ թվում՝

          1) շրջակա միջավայրի ոլորտում.

          ա) ապօրինի անտառհատումների բացառում, կամ, առնվազն դրանց ծավալների էական կրճատում՝ վառելափայտի պահանջարկի նվազեցման միջոցով,

          բ) գյուղատնտեսական նշանակության հողերում և այլ խոտածածկ տարածքներում առկա բուսական մնացորդների հավաքման և օգտագործման միջոցով հնարավոր հրդեհների կանխում և հրդեհի հետևանքով վնասվող տարածքների նվազեցում,

          գ) բազմամյա տնկարկներում և խաղողի այգիներում էտի հետևանքով առաջացող թափուկների հավաքում և արդյունավետ օգտագործում,

          դ) Սևանի ջրածածկ կամ ջրածածկման ենթակա տարածքներից հեռացվող և անտառներում գոյացող թափուկների արդյունավետ կառավարում,

          ե) հանրապետությունում աճեցվող գյուղատնտեսական մշակաբույսերի համար ոչ պիտանի (աղակալված, խիստ դեգրադացված, քարքարոտ և այլ տիպի) հողերի կամ այլ խախտված հողերի՝ տնտեսական շրջանառության մեջ ներգրավում, հողերի դեգրադացիայի կանխում։

          զ) կոշտ թափոնների արդյունավետ կառավարում, մթնոլորտային օդ վնասակար արտանետումների և ջերմոցային գազերի արտանետումների կրճատում,

          է) անտառաճման գոտիավորման պահանջները հաշվի առնելով՝ կենսավառելիքի հումքի կայուն ապահովման նպատակով անտառային տնկադաշտերի հիմնում,

          2) սոցիալական ոլորտում.

          ա) նոր աշխատատեղերի ստեղծում կենսավառելիքի արտադրության ու իրացման, ինչպես նաև կենսավառելիքի համար արտադրական և սպառման սարքավորումների արտադրության ու սպասարկման ոլորտներում,

          բ) տնային տնտեսություններին համար մատչելի և էկոլոգիապես անվտանգ վառելիքի ապահովում։ Աջակցության միջոցառումները նպատակահարմար կլինեն իրականացնել հաշվի առնելով բնակավայրի սահմանամերձ և անտառամերձ լինելը, տնային տնտեսության աղքատության մակարդակը, բազմանդամ լինելը, մինչև 18 տարեկան երեխաների թվաքանակը և այլն։

          3) ֆինանսների ոլորտում լրացուցիչ հարկային մուտքերի միջոցով պետական և տեղական ինքնակառավարման բյուջեների եկամտային մասի ավելացում,

          4) տնտեսական ոլորտում.

          ա) ներդրումների ներգրավում կենսավառելիքի արտադրության ու իրացման, կենսավառելիքի համար արտադրական և սպառման սարքավորումների արտադրության ու սպասարկման ոլորտներում,

          բ) տնտեսապես արդյունավետ (ցածր ինքնարժեք, բարձր էներգաարդյունավետություն) և Հայաստանի Հանրապետության համար ինքնաբավ վառելիքի արտադրություն և սպառում,

          գ) կենսավառելիքի արտադրության և սպառման ոլորտների հետ փոխկապակցված այլ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտի խթանում,

          դ) էներգետիկ մշակաբույսերի մշակման ներդնում և բազմամյա էներգետիկ տնկարկների ստեղծում,

          ե) տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական տեխնիկայի համար, ավանդական վառելիքի փոխարեն, շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ և մատչելի հեղուկ և գազային կենսավառելիքի (կենսադիզելի, էթանոլի, կենսամեթանի) գործածության հնարավորություն,

          զ) պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնում։

  1. Կենսավառելիքի ոլորտի զարգացման խթանումը երկարաժամկետ կտրվածքով շարունակական և անընդհատ գործընթաց է։ Ոլորտի զարգացման աջակցության ծրագրերը պետք է իրականացվեն այլ ոլորտային ծրագրերի հետ զուգահեռ։ Մասնավորապես՝ սոցիալապես անապահով խմբերին, սահմանամերձ բնակավայրերին և այլ հնարավոր շահառուներին էներգետիկ ապահովման հետ կապված ծրագրեր մշակելիս և իրականացնելիս նախապատվություն տալ կենսավառելիքի ձեռքբերմանը։ Աջակցության իրականացման բոլոր փուլերում, ոլորտի ներդրման, շարունակական և անվտանգ զարգացման ապահովման, ինչպես նաև տեղեկացվածության բարձրացման նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել.

1) տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային ծառայողների հետաքրքրության բարձրացում, ուսուցման և վերապատրաստման գործընթացի շարունակականության ապահովում,

2) գիտակրթական հաստատությունների և մասնագետների հետաքրքրության բարձրացում, նոր տեխնոլոգիաների մշակում, ուսուցման և վերապատրաստման գործընթացի շարունակականության ապահովում,

3) հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի մոտ հետաքրքրության բարձրացում, ոլորտային համագործակցության ամրապնդում,

4) միջազգային կազմակերպությունների հետ ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացում, տնտեսվարողների, օտարերկրյա ներդրողների, դոնոր կազմակերպությունների հետ կենսավառելիքի ոլորտի ներդրման ֆինանսավորման հետ կապված աշխատանքների իրականացում,

5) կենսավառելիքի արտադրության և սպառման աճի որոշակի մակարդակում կառաջանա նաև էներգետիկ մշակաբույսերի ցանքատարածությունների ու բազմամյա տնկարկների ստեղծման ու ընդլայնման նպատակով աջակցության ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտություն։

 

ԳԼՈՒԽ 6. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 7-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը համարվում են գերակա ոլորտներ, հետևաբար, կենսավառելիքի արտադրությամբ, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ հումքի ապահովման նպատակով էներգետիկ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող տնտեսվարողները կարող են օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից ազատվելու հնարավորությունից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով, կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին:
  2. Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման 1-ին կետով հաստատված Հավելված N 1-ի համաձայն՝ օժանդակություն է տրամադրվում տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառումը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, կենսավառելիքի ոլորտի զարգացման ապահովման նպատակով, կառաջանա միջոցառման գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն։
  3. Էներգետիկ բուսատեսակների ցանքատարածությունների ու բազմամյա տնկարկների հիմնմամբ ու այդ մշակաբույսերի մշակության ոլորտի տնտեսվարողները հնարավորություն ունեն անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար օգտվել Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։
  4. Ծրագրով նախատեսվող միջոցառումները և կարգավորումներն առավել արդյունավետ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության», 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների» հետ համահունչ կիրառելու պարագայում։

 

ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

  1. Կենսազանգվածից ստացվող կենսավառելիքի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հիմնականում բաշխվում են հետևյալ կերպ.
    • կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ հումքի (կենսազանգվածի, էներգետիկ մշակաբույսերի) արտադրություն,
    • կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ձեռքբերում,
    • կենսավառելիքի արդյունավետ սպառման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերում,
    • կենսավառելիքի իրացում։
  2. Կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ հումքի (կենսազանգվածի, էներգետիկ մշակաբույսերի) արտադրության համար անհրաժեշտ էներգետիկ մշակաբույսերի (Salix ուռենի, Miscanthus չինական եղեգ) ցանքատարածությունների և տնկարկների հիմնման ու կենսազանգվածի արտադրության ծախսերը (տնկանյութ, հողի նախապատրաստում, ոռոգման համակարգ), ըստ իրականացված ուսումնասիրությունների, 1 հեկտարի համար կազմում են 1.250-2.000 հազար դրամ, տարեկան ընթացիկ ծախսերը (բերքահավաք, պահպանում, հողի վարձակալություն)՝ 120- 180 հազար դրամ։
  3. Կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար պահանջվող ներդրումները գնահատվել են՝ օգտագործելով եվրոպական շուկայի միջին գները։ Մեկ բրիկետավորման գործարանի ամբողջական լուծումների արժեքը տատանվում է 95-180 միլիոն դրամի միջակայքում։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները կարող են էականորեն տատանվել՝ կախված արտադրական սարքավորումների հզորություններից, տեսակներից (հիդրավլիկ, մեխանիկական, հարվածային, պտուտակային կոմպակցիայի և դրանց համադրություններ), արտադրող երկրից, օգտագործվող հումքի շրջանակից և այլն։ Կենսագազի (կենսամեթան) արտադրության կայանների գները (ներառյալ շինարարական և մոնտաժման աշխատանքները), կախված դրանց արտադրողականությունից, տատանվում են 35-450 մլն դրամի սահմաններում, սակայն, սկսած 8-րդ ամսից, դրանք կարող են բերել տարեկան 7-200 մլն դրամի եկամուտ՝ արտադրված կենսագազի և պարարտանյութի դիմաց (1 խմ գազը 100 դրամ և 1 տոննա օրգանական պարարտանյութը 55 հազար դրամ հաշվարկով)։ Անհրաժեշտ ներդրումները կարող են կատարվել՝ հաշվի առնելով տեղական շուկայի զարգացման տեմպը։ Այս պարագայում ներդրումների աստիճանական ներգրավումը կզուգակցվի ոլորտի զարգացման տեմպերի հետ, ինչի արդյունքում կբարձրանա դրանց արդյունավետությունը և կկրճատվի հետգնման ժամկետը։
  4. Կենսավառելիքի արդյունավետ սպառման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների (ջեռուցման կաթսաների և վառարանների) գները խիստ տարբեր են։ Բազմաթիվ գործոններ են ազդում այդ լուծումների վերջնական գների վրա։ Այդ գործոններից ամենակարևորներն են արդյունավետության մակարդակը, սնուցման համար նախատեսված վառելիքների քանակը կամ տեսակը, ինչպես նաև՝ մեկ բեռնվածքի գործարկման ժամերի քանակը։ Կարող են լինել կաթսայի/վառարանի վերջնական գնի վրա ազդող լրացուցիչ պարամետրեր, սակայն սովորաբար վերը նշվածներն են այն պարամետրերը, որոնք պետք է հաշվի առնել ջեռուցման որևէ լուծում գնելու վերաբերյալ որոշում կայացնելիս։ Հայաստանում օգտագործվող ամենաէժան լուծումների գնային միջակայքը տատանվում է 20-30 հազար դրամի միջակայքում։ Ունենալով բարակ բոցամուղ պատեր՝ այս վառարանները կարող են շահագործվել մինչև 2-3 տարի, որից հետո պետք է փոխարինվեն։ Դրանք կենսավառելիքի սպառման համար նախատեսված ամենապարզունակ մոդելներն են, չունեն որևէ առանձնահատկություն, սովորաբար բաց կրակով լուծումներ են՝ շատ ցածր արդյունավետությամբ, ներկայացնում են հրդեհային անվտանգության ռիսկ տնային տնտեսություններում կիրառելու դեպքում։ Բացի այդ, այդ տիպի վառարանները վնաս են հասցնում տնային տնտեսության անդամների առողջությանը՝ դրանց օգտագործման ընթացքում արտանետվող ծխի և այլ մասնիկների պատճառով։ Ներքին շուկայում առկա են նաև տեղական արտադրության, 60-80 տոկոս արդյունավետությամբ, շահագործման ավելի երկար ժամկետ ունեցող վառարաններ, որոնց գները տատանվում են 70-200 հազար դրամի սահմաններում։ Միջազգային պրակտիկայում կիրառվող վառարանները տարբեր են։ Դրանցից ամենակատարելագործվածները սարքավորված են ջրային պատյանով, այրման կառավարման էլեկտրական օդափոխիչով, ջերմաչափով և այլն։ Այսպիսի լուծումները առաջացնում են տաք օդ, որը բաշխվում է ներքին խողովակային համակարգերով։ Սակայն այս լուծումների գները բավականին բարձր են և համադրելի են ջեռուցման կաթսաների գների հետ։ Նշված սարքավորումների գները տատանվում են 350-1.000 հազար դրամի միջակայքում։ Վառարանները սնուցվում են պելետով կամ բրիկետով, և դրանք կարելի է ընտրել ըստ սպառողի նախընտրությունների։ Առավել նախընտրելի վառարանները դիմակայում են բարձր ջերմաստիճաններին, կարող են աշխատել երկար այրումով։ Ստեղծված են մինչև 150 քառակուսի մետր տարածք ջեռուցելու համար։ Այս լուծման գնացուցակային գինը 200 հազար և ավելի դրամ է։ Արտադրվում են նաև ԵԱՏՄ անդամ երկրներում, և գործող մաքսային ռեժիմի պայմաններում դրանց ներկրումը համեմատաբար քիչ ծախսեր կպահանջի։
  5. Արևելյան եվրոպայի երկրներում արտադրվող՝ կենսավառելիքով աշխատող կաթսաների գները 1.000-3.000 հազար դրամի միջակայքում են գտնվում։ Այս տիպի կաթսաները սովորաբար մեկ տեսակի վառելիք են այրում, պելետի դեպքում ունեն ձեռքով մաքրում, սակայն ավտոմատ սնուցում։ Դրանց ինքնակառավարման մակարդակն ավելի ցածր է՝ առավել թանկ կաթսաների համեմատ։ Ցածր գնային կարգի կաթսաները ներկայացված են մինչև 80 տոկոս արդյունավետություն ունեցող կաթսաներով, որոնք ունեն ձեռքով սնուցում և մաքրում։ Աշխատանքի ինքնակառավարումը սովորաբար 1-2 օրվա միջակայքում է։ Դրանք կենսազանգվածով ջեռուցման ամենաէժան լուծումներն են, և Եվրոպական Միության շուկայում դրանք կարելի է ձեռք բերել մինչև 1.500 հազար դրամ գումարով։
  6. Առանցքային նշանակություն ունի կենսավառելիքի գինը։ Կախված խտությունից՝ բրիկետի ու պելետի գները 150-170 դրամ են՝ ներկրված վառելիքի համար և 100-140 դրամ՝ տեղական արտադրության պինդ կենսավառելիքի համար։ Գների տարբերությունը պայմանավորված է պինդ կենսավառելիքի ջերմատվությամբ ու ձեռք բերման քանակից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վառելափայտի գները տատանվում են 13-22 հազար դրամի սահմաններում (ապօրինի հատման դեպքում՝ ավելի էժան) պինդ կենսավառելիքն ավելի քիչ շահավետ է բնակչության համար (1 տոննա բրիկետը համարժեք է մոտավորապես 3.3-3.5 խմ չոր վառելափայտին)։ Այս պարագայում կարևորվում է պետության կողմից աջակցության միջոցառումների միջոցով պինդ կենսավառելիքի ավելի մատչելի դարձնելը։

 

ԳԼՈՒԽ 8. ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ

 

  • Կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացումը չի ենթադրում մեծ ռիսկեր, որոնք կարող են ունենալ չվերականգնվող կամ դժվար վերականգնվող հետևանքներ շրջակա միջավայրի կամ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Հնարավոր ռիսկերը հիմնականում պայմանավորված են կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ հումքի (էներգետիկ մշակաբույսերի) մշակման և իրացման ենթակառուցվածքների ոլորտում առկա խնդիրների հետ։ Նշված ռիսկը հնարավոր է չեզոքացնել կամ առավելագույն չափով մեղմել պետության կողմից գյուղատնտեսության ոլորտի աջակցության իրականացման, ինչպես նաև այլ մեխանիզմների կիրառման (ապահովագրական համակարգ, մթերման ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում և այլն) միջոցով։
  1. Մարդու կյանքի և առողջության վրա հնարավոր վնասակար ռիսկերից է տնային տնտեսություններում կենսավառելիքի այրման համար պարզունակ վառարանների օգտագործումը, ինչը կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, կամ կարող է վնաս հասցնել տնային տնտեսության անդամների առողջությանը՝ դրանց օգտագործման ընթացքում արտանետվող ծխի և մասնիկների պատճառով։ Սակայն, այդ ռիսկը առկա է նաև հիմա՝ փայտի այրման համար օգտագործվող վառարանների օգտագործման պարագայում, հետևաբար ռիսկի ավելացում չի կանխատեսվում։ Քանի որ կենսավառելիքի այրման դեպքում ավելի քիչ վնասակար նյութեր են արտանետվում, ինչպես նաև նվազում է վառարանի լիցքավորման պարբերականությունը՝ նշված ռիսկը, կենսավառելիքի գործածության դեպքում ունի նվազման միտում։»,

          3) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը «11. Պետական ընկերությունների կառավարում» գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ՝ «12. Կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացում» գլխով.

 

«

12. Կենսավառելիքի արտադրության և գործածության ոլորտի զարգացում

12.1

«Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման, Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված, տնտեսության արդիականացման միջոցառումների՝ մինչև 31.12.2023թ. սահմանված ժամկետի երկարացում (կենսավառելիքի արտադրության և սպառման սարքավորումների մասով)

Կենսավառելիքի արտադրության և սպառման կարողությունների հիմնում ու վերազինում։ Պինդ, հեղուկ և գազային կենսավառելիքի արտադրության ծավալների էական աճի ապահովում, կենսավառելիքի սպառման էներգաարդյունավետ սարքավորումների (վառարաններ, կաթսաներ, ջրատաքացուցիչներ, ավտոտրանսպորտային միջոցների լիցքավորման կայաններ և այլն) գործածության ներդնում և հետագա աճի ապահովում

ՀՀ ԷՆ

ՀՀ ՇՄՆ

ՀՀ ՏԿԵՆ

2023թ.

սեպտեմբերի3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

12.2

Որակի ապահովման և հսկողության իրականացման նպատակով տնտեսվարողների կողմից արտադրված կենսավառելիքի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին (ԳՕՍՏ 33103.1-2017 (ԻՍՕ 17225-1:2014) Պինդ կենսավառելիք։ Վառելիքի դասերը և տեխնիկական բնութագրերը։) համապատասխան սերտիֆիկատացման գործընթացն իրականացնող ենթակառուցվածքների վերազինում

Բարձրորակ, անվտանգ,

 

կենսավառելիքի առանց խոչընդոտների իրացումն ու հնարավոր արտահանումը, սպառողների շահերի պաշտպանությունը և սպառման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազագույն մակարդակը ապահովելու համար

Պատրաստի արտադրանքի և սպառման սարքավորումների՝ միջազգային ընդունված նորմերին և ստանդարտներին համապատասխանություն, բարձրորակ, անվտանգ, էներգաարդյունավետ և նվազ արտանետումներով կենսավառելիքի արտադրություն, սպառողների շահերի պաշտպանություն

ՀՀ ԷՆ

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

 

ՀՀ ՇՄՆ

2026թ.

շարունակական

Պետական բյուջե, օրենքով չարգելված միջոցներ

12.3

«Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) ձեռքբերման խթանման համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիներին 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիներին աջակցության տրամադրում, վառելափայտի համեմատ բրիկետի ու պելետի ձեռքբերումը շահավետ դարձնելու միջոցով տնային տնտեսություններում օգտագործվող բրիկետի ու պելետի սպառման ծավալների ավելացում

Սպառողների համար էականորեն կմեծանա էներգետիկ մատչելիությունը, հատվող անտառանյութի համեմատ կենսավառելիքի ավելի ցածր գնի ձևավորման արդյունքում կնվազեցվի ճնշումը անտառածածկ տարածքների վրա։ Կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը (այդ թվում՝ ջերմոցային գազերը), կբարելավվի բնակելի տարածքների միկրոկլիման։ Կենսավառելիքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների մոտ կաճեն արտադրության ծավալները, կբարձրանա արտադրական կարողությունների օգտագործման արդյունավետությունը, կբարելավվի ոլորտի տնտեսվարողների ֆինանսական վիճակը

ՇՄՆ

 

ՖՆ

ԷՆ

ՏԿԵՆ

2023թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.4

«Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) ձեռքբերման խթանման համար գյուղական բնակավայրերում գտնվող համանքային ենթակայության կազմակերպություններին 2025-2027 թվականների պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում գտնվող համանքային ենթակայության կազմակերպություններին աջակցության տրամադրում՝ վառելափայտի համեմատ բրիկետի ու պելետի ձեռքբերում ը շահավետ դարձնելու միջոցով տնային տնտեսություններում օգտագործվող բրիկետի ու պելետի սպառման ծավալների ավելացում

Համայնքային կազմակերպությունների համար էականորեն կմեծանան էներգետիկ մատչելիությունը և ջեռուցման համար նախատեսված ֆիանսական միջոցների ծախսման արդյունավետությունը, հատվող անտառանյութի համեմատ կենսավառելիքի ավելի ցածր գնի ձևավորման արդյունքում կնվազեցվի ճնշումը անտառածածկ տարածքների վրա։ Կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը (այդ թվում՝ ջերմոցային գազերը), կբարելավվի բնակելի տարածքների միկրոկլիման։ Կենսավառելիքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների մոտ կաճեն արտադրության ծավալները, կբարձրանա արտադրական կարողությունների օգտագործման արդյունավետությունը, կբարելավվի ոլորտի տնտեսվարողների ֆինանսական վիճակը

ՇՄՆ

 

ՖՆ

ԷՆ

ՏԿԵՆ

2024թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.5

«Հայաստանի Հանրապետությունում կենսամեթանի ստացման կայանների ձեռքբերման (կառուցման) համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների աջակցության 2025-2027 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

 

Հայաստանի Հանրապետությունում կենսամեթանի ստացման կայանների ձեռքբերման համար  գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիներին աջակցության տրամադրում, անասնապահության ոլորտում ջերմոցային գազերի (մեթանի) արտանետումների, սննդային թափոնների կրճատում, օրգանական պարարտանյութի ստացման ծավալների ավելացում

Սպառողների համար էականորեն կմեծանա էներգետիկ մատչելիությունը, կնվազեցվի ճնշումը անտառածածկ տարածքների վրա։ Կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը, (այդ թվում՝ անասնապահության ոլորտում առաջացող մեթանը), կբարելավվի բնակելի տարածքների միկրոկլիման

ՇՄՆ

 

ՖՆ

ԷՆ

ՏԿԵՆ

2024թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.6

«Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների աջակցության 2026-2028 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիներին աջակցության տրամադրում, ջեռուցման ոլորտում էներգաարդյունավետության մեծացում

Սպառողների համար էականորեն կմեծանա էներգետիկ մատչելիությունը, կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը (այդ թվում՝ ջերմոցային գազերը), կբարելավվի բնակելի տարածքների միկրոկլիման, կնվազի օգտագործվող վառելիքի ծախսը, կմեծանա արդյունավետությունը

ՇՄՆ

 

ՖՆ

ԷՆ

ՏԿԵՆ

2025թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

12.7

 

 

«Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում գտնվող համայնքային կազմակերպություններին աջակցության 2026-2028 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակում և վարչապետի աշխատակազմ ներկայացում

Հայաստանի Հանրապետությունում պինդ կենսավառելիքի (բրիկետ, պելետ) սպառման էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման համար գյուղական բնակավայրերում գտնվող համայնքային կազմակերպություններին աջակցության տրամադրում, ջեռուցման ոլորտում էներգաարդյունավետության մեծացում

Սպառողների համար էականորեն կմեծանա էներգետիկ մատչելիությունը, կկրճատվեն ջեռուցման հետևանքով մթնոլորտային օդ արտանետվող վնասակար նյութերը (այդ թվում՝ ջերմոցային գազերը), կբարելավվի բնակելի տարածքների միկրոկլիման, կնվազի օգտագործվող վառելիքի ծախսը, կմեծանա արդյունավետությունը։

ՇՄՆ

 

ՖՆ

ԷՆ

ՏԿԵՆ

2025թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

պետական բյուջե,

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • project.old_project_time.text

    25.04.2022 - 22.04.2023

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Healthcare, Agriculture, Շրջակա միջավայր, Energy and natural resources, Economy, Territorial administration and development, Economical

  • project.ministry.title

    Ministry of Environment

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2627

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text