base.notification_banner.text
project.favorite.title

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Oրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու և պաշտպանելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնագրելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, ինչպես նաև գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբե­րություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմա­կերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտակա­նու­թյուն­­ները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմա­նա­փակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:
  2. Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Բարձրագույն դատական խորհրդում, Հաշվեքննիչ պալատում, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժո­ղովում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Կենտրոնական բանկում, Հակա­կո­ռուպ­ցիոն կոմիտեում, ինչպես նաև Սահամանդրությամբ նախատեսված կամ օրենքով ստեղծ­ված պետական այլ մարմիններում պետական գաղտնիքի հետ կապված հարաբե­րություն­ները կարգավորվում են սույն օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, եթե տվյալ մարմինների գործունեությունը կանոնակարգող սահմանադրա­կան օրենքներով և օրենքներով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 2.

Oրենքի գործողության ոլորտը

 

  1. Սույն օրենքի դրույթները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքա­ցիների և քաղա­քացիություն չունեցող անձանց կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարելու պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, ինչպես նաև սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից:
  2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում սույն օրենքով չնախատեսված դրոշմագիր ունեցող տեղեկությունների, նյութերի, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների վրա:

 

 

Հոդված 3.

Oրենքում գործածվող հասկացությունները

 

  1. Սույն օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1)  պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկու­թյուն­ներ)` ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պահպանվում և պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը  կամ շահերին,

2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախու­զական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագա­վառ­ների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային  անվտանգությանը կամ շահերին,

3) սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն` Հայաստանի Հանրա­պետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբե­րություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ` նաև տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են (այդ թվում՝ ֆիզիկական դաշտերը), որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումներիգործընթացի կամ այլ ձևերով,

5) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում կամ հոսակորուստ,

6) հրապարակում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկացած ձևով մատչելի դարձնելն է այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեցող անձանց,

7) հոսակորուստ` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորուստ,

8) գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

9) գաղտնազերծում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

10) գաղտնիության ռեժիմ՝ պետական գաղտնիքի պաշտպանության և պահպանության նպատա­կով համալիր միջոցառումների ամբողջություն` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստը կանխելուն,

11) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի համակարգմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմին­ների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ուժերի ու միջոցների կիրա­ռում` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, արտադրանքների և նյութերի հրապարակումը և հոսակորուստը կանխելուն,

 12) պետական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական, ծրագրային, կրիպտոգրա­ֆիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում,

13) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարևորությունը, դրանց տարած­մամբ հնարավոր հետևանքների առաջացումը և տեղեկության մատչելիության սահմանա­փակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

14) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվու­թյուն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված թույլտվություն,

15) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված ինժենե­րատեխ­նիկական, կրիպտոգրաֆիկական, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղե­կությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

16) գաղտնիության դրոշմագիր` վավերապայման, որը դրվում է տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում է տեղեկակիրներում առկա տեղե­կու­թյունների գաղտնիության աստիճանի մասին,

17) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը կամ պահպանումը կամ փոխանցումը կամ գաղտնազերծումը,

18) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվել՝ անկախ իրակա­նացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոց­ներ կիրառելու կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպա­նության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխ­ման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ,

19) լիազոր մարմին՝ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմին,

20) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում՝ պետական գաղտ­նիք պարունակող տեղեկությունների մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարա­վո­րության բացառում,

21) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն` այնպիսի կացություն, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից։

 

Հոդված 4.    

Գաղտնիության աստիճանները

  1. Ելնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառված կամ սպառնացող վնասի չափից սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

1) «Հատուկ կարևորության»,

2) «Հույժ գաղտնի»,

3) «Գաղտնի»:

  1. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է առանձնապես ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
  2. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկու­թյունները, որոնց տարածումը կարող է ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
  3. Գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղե­կությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
  4. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկա­կիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:
  5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով պատճառվող հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

 

Հոդված 5.

Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությունն ու պաշտպա­նությունը

 

  1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերով:
  2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

 

Հոդված 6.

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումն այլ պետություններին և միջազգային կազմակերպու­թյուններին, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները

 

  1. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցման, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 7.

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթները

 

  1. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորու­թյուն ունեն՝

1) պետական մարմինների ղեկավարները, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ նախագահները.

2) Երևանի քաղաքապետը.

3) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախա­գահը։

  1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական գաղտ­նիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելիության,

2) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցները,

3) սահմանված կարգով որոշումներ է ընդունում պետական գաղտնիքի տեղե­կա­կիրներն այլ պետություններ, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու հնարավորության մասին,

4) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների հետ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց կողմից աշխատանքների իրականացման կարգը,

5) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնա­կառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ գաղտ­նիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումների գործունեության կարգը,

6) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտակա­նությունների իրականացման կարգը,

7) սահմանում է պետական գաղտնիք պարունակող՝ «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց կողմից օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում էլեկտրո­նային հարթակի միջոցով լիազոր մարմնին տեղեկացնելու կարգը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի ստեղծման և գործարկման ընթացակարգերը։

8) սահմանում է տեղեկությունների գաղտնիության աստիճանի որոշման, գաղտ­նագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը մշակելու և հաստատելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը,

9) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների պահպանման ժամկետները երկարաձգելու  և գաղտնազերծելու կարգը,

10) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավա­րության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման,  պահ­պանու­թյան հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմա­կեր­պություններում, իրավաբանական անձանց մոտ անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,

11) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

12) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև օտարերկրյա պետություներ գործուղման կամ մասնավոր այցելությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

13) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի  ապահովման կարգը,

14) սահմանում է գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայո­ղական քննության անցկացման կարգը,

15) սահմանում է էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկու­թյունների փոխանակման կարգը,

16) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրակա­նացման կարգը,

17) սահմանում է պահպանման ժամկետները լրացած, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, դրանք պետական արխիվ հանձնելու կամ ոչնչացնելու կարգը,

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները`

1) ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության  բնագավառի օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա կազմակեր­պու­թյուններում,

2) իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ստորաբաժանումների ստեղծումը կամ պատասխանատու անձանց նշանակումը և գործունեությունն իրենց ենթակա կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման  և պատասխանատու աշխատակիցների պաշտոնների նշանակման կամ ազատման մասին:

  1. 4. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորու­թյամբ օժտված՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտո­նա­տար անձինք`

1) հաստատում են իրենց կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղե­կու­թյունների ընդլայնված գերատեսչական ցանկերը.

2) սահմանում են պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հան­րային ծառայության պաշտոնների անվանացանկերը.

3) գաղտնազերծում են իրենց կողմից գաղտնագրված (տնօրինվող) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները.

4) հրապարակման են ուղարկում իրենց կողմից գաղտնազերծված իրավական ակտերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ

 

Հոդված 8.

Պետական  գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկու­թյունները

 

  1. Պետական գաղտնիքի շարքին դասվում են հետևյալ տեղեկությունները.

1) ռազմական բնագավառում`

ա. զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի` ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանու­թյան, Հայաստանի Հանրապետության տա­րածքի օպերատիվ սարքավորման (կահա­վորման), գործողությունների նախա­պատ­րաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապա­հության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդա­սավորության, գործունեության հաջորդակա­նության, համակարգի հասանելիության, ամբողջա­կանության, համակողմանի ապահով­ման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառ­նա­լիքները չեզոքացնելու միջոցառումները,

բ. ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց անվանումների, բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին,

գ. հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին,

ե. ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի մասին,

զ. զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների վերաբերյալ տեղեկությունը, որի ցանկը հաստատվում է Կառավարության կողմից,

2) արտաքին հարաբերությունների բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը,

բ. ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը,

3) տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական՝ պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքների օգտագործման մասին,

գ. պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, մատակարարումների, դրանց արտադրական կարողությունների առկայության և զարգացման մասին, այդ նպատակով կազմակերպությունների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին,

դ. պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանա­­կություն ունեցող գիտահետազոտական և փոր­ձակոնստրուկտորական աշխատանքների մա­սին,

ե. քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին,

զ. քաղաքացիական պաշտպանության պլանների մասին,

է. Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին,

ը. տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մասին,

4) հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան բնագավառում`

ա. հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեու­թյան ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,

բ. հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին,

գ. հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,  

դ. կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակման, դրանց պատրաստման և ապահովման, ծածկագրային և հատուկ պաշտպանության միջոց­ների վերլուծության մեթոդների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծա­կան համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակում­ներից պաշտ­պան­վածության մասին,

ե. պետական գաղտնիքի պահ­պանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,

զ. ահաբեկչության հակազդման և որոշակի անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ կիրառելու մեթոդների, եղանակների մասին,

է. ահաբեկչության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,

ը. պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության մեթոդների ու միջոցների մասին,

թ. պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին, եթե դրանք կարող են բացահայտել վերոհիշյալ տեղեկությունները,

ժ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին,

ի. կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

 

Հոդված 9.

Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանա­փակումները

 

  1. Արգելվում է պետական գաղտնիքի շարքին դասել`

1) մարդկանց անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները,

2) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները,

4) պետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, պաշտո­նատար անձանց, կազմա­կերպություն­ներին տրա­մադրվող արտոնությունների և սոցիալական երաշ­խիքների մասին տեղեկությունները:

  • project.old_project_time.text

    13.07.2022 - 28.07.2022

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Security

  • project.ministry.title

    National Security Service

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 2836

project.print.title

project.docs.title

project.sentences.title

28.07.2022

3. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին (տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում) կարող են դասվել այդ թվում հետևյալ տեղեկությունները՝ - պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին (մաս 3, «գ» կետ), - պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր¬ձակոնստրուկտորական աշխատանքների մասին (մաս 3, «դ» կետ), - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին (մաս 3, «է» կետ): Հաշվի առնելով «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացության չափազանց լայն լինելը՝ դրա տակ հնարավոր է հասկանալ, ցանկացած պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական վերազինմանը չվերաբերող տեղեկություն: Նմանապես, «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր¬ձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Գտնում ենք, որ այս առումով միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների (այդ թվում՝ արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի) մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է համարվել անձի տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու՝ օրենքով սահմանված հնարավորությունն առհասարակ չի կարող գնահատվել որպես համաչափ՝ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Դրանից բխում է, որ կառավարության որոշմամբ գաղտնագրել հնարավոր է պետության ցանկացած ֆինանսական ցուցանիշների մաս կազմող տեղեկատվություն: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Նշված տեղեկությունների գաղտնագրումը չի կարող համարվել տեղեկատվության մատչելիության իրավաչափ սահմանափակում, ուստի այն անհրաժեշտ է հանել նախագծից կամ սահմանել այդպիսի սահմանափակման հստակ և բացառիկ նախապայմաններ: Հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 82-86 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf)՝ առաջարկում ենք․ • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը վերաշարադրել՝ դրանում օգտագործվող «պաշտպանական պատվեր» բառակապակցությունը փոխարինելով «սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների, օբյեկտների պատվերներ» բառերով. • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «կամ տնտեսական» բառերը կամ փոխարենը, որպես գաղտնագրման ենթակա տեղեկություն նախատեսելով այժմ Կառավարության թիվ 173 որոշման 15-րդ կետում շարադրված դրույթը՝ «պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները». • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «է» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ դրանք փոխարինելով «ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա» բառերով: 4. Նախագծի 9-րդ հոդվածից հանվել է նախորդ խմբագրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստի¬ճան պաշտոնատար անձանց առողջության վերա¬բերյալ տեղեկությունները՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասման ոչ ենթակա տեղեկություն լինելու վերաբերյալ սահմանափակումը: Բացի այդ, պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկում կրկին չի ներառվել այլ պետությունների իրավաստեղծ փորձում լայնորեն կիրառվող մի շարք այլ կարևոր տեղեկություններ, մասնավորապես. - մարդկանց անվտանգությանն ու առողջությանն ինքնին վտանգ չներկայացնող, սակայն բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները, - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, նախագծում տեղ գտած «առողջապահության բնագավառ», «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» ձևակերպումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման ու տեղեկատվության ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, քանի որ դրանց տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է բացառապես այդ ոլորտներում իրականացվող գործողություններին, ծրագրերին և չի վերաբերում բնակչության առողջության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկություններին: Նախագծի 9-րդ հոդվածից հանվել են սահմանափակման ոչ ենթակա ներքոգրյալ տեղեկությունները. - իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները, - այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա, - արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները: Հաշվի առնելով նշված տեղեկությունների հանրային կարևորության աստիճանը՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը հետընթաց քայլ է գործող իրավակարգավորումների համեմատությամբ, և նշված դրույթների խմբագրությունն այս մասով ենթակա է վերականգնման: • Հիմք ընդունելով նշվածը և միջազգային լավագույն փորձը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 92-93 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf )՝ առաջարկում ենք ընդլայնել նախագծի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում ներառելով. - բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «1» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «մարդկանց անվտանգությանը և առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները», - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բնակչության առողջության, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «2» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «տնտեսության, բնության և շրջակա միջավայրի, բնակչության առողջության վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները»։ - Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց առողջության վերա¬բերյալ տեղեկությունները: • Օրենքի 9-րդ հոդվածի «3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները»: • Վերականգնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով սահմանված դրույթները: 5. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և արդիականության սկզբունքներին համապատասխան: (….) Գաղտնագրման հիմնավորվածությունը դա յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից»:

28.07.2022

Ինչպես և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, Նախագիծը ևս ընդհանրական կերպով սահմանում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, պարտականությունը՝ հիմնավորելու տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու անհրաժետությունը (հոդված 11, 2-րդ մաս), սակայն միևնույն ժամանակ չի ամրագրում պաշտոնատար անձանց հստակ պարտականությունը՝ տեղեկությունները գաղտնիքների շարքին դասելիս նշելու տեղեկատվությունը գաղտնագրելու և հատկապես կոնկրետ ժամանակահատվածով գաղտնագրելու պատճառ հանդիսացող հիմքերը: Պաշտոնատար անձի կողմից տեղեկությունը գաղտնագրելը խիստ մեխանիկորեն՝ ուղղակի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին համապատասխանության ստուգման միջոցով, այդ գործընթացում որևէ ուղեկցող հիմնավորում նշելու պարտականության բացակայությունը անառարկելիորեն նպաստում է կամայականության և տեղեկությունները գաղտնի պահելու չափից շատ դեպքերի թվի մեծացմանը: Հակառակը, նման պարտականության սահմանման դեպքում տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը պարտավորված կլինի յուրաքանչյուր առանձին դեպքում իրապես գնահատել կոնկրետ տեղեկատվության կոնկրետ ժամանակահատվածում կամ մինչև կոնկրետ պայմանի վրա հասնելը հրապարակման հետևանքով որոշակի վնասի առաջացման հնարավորությունը: Սա բխում է նաև միջազգային չափորոշիչներից և միջազգային լավագույն իրավաստեղծ փորձից (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 102-103 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf): • Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը` տեղեկություններ գաղտնագրելիս յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշելու գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում՝ գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը: 6. Գործող օրենքի պես Նախագծի 11-րդ հոդվածով ևս սահմանվում է․ «Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք»: Վերջին դրույթը սահմանվել է Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. թիվ ՍԴՈ-1010 որոշման կայացման արդյունքում, որով Սահմանադրական դատարանը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ գործող 12-րդ հոդվածի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը գտել է, որ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի դիրքորոշումից ակնհայտ բխում է, որ իրավաչափ կարող է համարվել ցանկում ներառված կոնկրետ տեղեկության, սակայն ոչ ամբողջ ցանկի իմպերատիվ գաղտնագրումը: Եվ չնայած նշված որոշման կայացումից հետո օրենսդիրը նախաձեռնել է փոփոխություն օրենքում, փոփոխված դրույթի ներկայիս խմբագրությունը, ինչպես և նախագծում կիրառված ձևակերպումը կրկին համահունչ չէ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշմանը, ինչպես նաև չի համապատասխանում որոշակիության չափանիշին՝ գործնականում հնարավորություն ստեղծելով գերատեսչական ցանկում գոնե մեկ անուն պաշտպանված տեղեկության առկայության պարագայում գաղտնագրելու ոչ թե այդ տողը, այլ ցանկն ամբողջությամբ, ինչն էլ տեղեկատվության տնօրինող պետական մարմինների մեծամասնությունը գործնականում իրականացնում է(Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 95, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf ): Արդյունքում հանրությունը հասանելիություն չի ունենում այն նորմատիվ-իրավական ակտին և այն չափանիշներին, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության գաղտնագրումը, ինչը հակասում է նաև միջազգային չափորոշիչներին (տե՛ս հաջորդ ենթաբաժնում): Նշված խնդրին առաջնային լուծում տալու համար անհրաժեշտ է գաղտնազերծել բոլոր գաղտնագրված ընդլայնված գերատեսչական ցանկերը՝ ինքնին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալներ պարունակող տողերի բացառությամբ: Ինչ վերաբերում է պետական մարմինների՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակման՝ օրենքով սահմանված իրավասությանը, կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է: Առաջին հերթին, նման իրավասությամբ փաստացի բոլոր գործադիր մարմիններին օժտելը մեծացնում է տեղեկատվության չարդարացված գաղտնագրման հնարավորությունը և ներկայիս օրենքով սահմանված՝ այդ ցանկերը գաղտնագրելու իրավական հնարավորության պայմաններում: Միևնույն ժամանակ նման իրավակարգավորումը չի ապահովում պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պետության միատեսակ և համաչափ (տեղեկատվության ազատության սահմանափակման համաչափության տեսանկյունից) քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը: Յուրաքանչյուր գործադիր մարմին իրականացնում է պետության քաղաքականությունն ու գործառույթներն իրեն վերապահված ոլորտում, իսկ ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը այս մարմինների ճնշող մեծամասնության համար ընտրովի (ֆակուլտատիվ) պարտականություն է, որի քաղաքականության մշակումը (այդ թվում՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերի մշակումը) նպատակահարմար չէ թողնել յուրաքանչյուր այդպիսի մարմնի հայեցողությանը՝ անկախ նրանից, որ այդ քաղաքականությունը մշակելիս գերատեսչությունները այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն օրենքով և Կառավարության որոշմամբ նախանշված սահմաններով: Պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ընդլայնված ցանկեր կազմելու, կազմելիս լիազորությունները չարաշահելու, այդ ցանկերն ինքնին գործնականում գաղտնագրելու խնդիրների արդիականության մասին է խոսում թե՛ դատական և թե՛ իրավակիրառ պրակտիկան(Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 96-99, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf): Գերատեսչությունների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդլայնված ցանկեր մշակելիս լիազորությունները չարաշահելու իրական վտանգը գործնականում փաստվում է նաև որոշ հասանելի ցանկերի ուսումնասիրությամբ, որը ցույց է տալիս, որ դրանցում հաճախ ընդգրկվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կա՛մ որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների տեսակների սահմաններում, կա՛մ հնարավոր է տեղավորել դրանց չափազանց լայն և ոչ ազգային անվտանգության ապահովման նպատակի համատեքստում մեկնաբանման արդյունքում (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 98-99, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf): Վերոգրյալի հետ մեկտեղ գործնականում տեղեկություն հայցողները բախվում են նույնիսկ գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների շրջանակից դուրս տեղեկություններ գաղտնագրելու դեպքերի(Տե՛ս նույն տեղում, էջ 99, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf): Խնդիրն արձանագրել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին 2018 թ.-ի տարեկան հաղորդման մեջ: • Առաջարկում ենք, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս նույն տեղում, էջ 100, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf), նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում է պետական մարմինների իրավասությունը՝ մշակելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և դրանից բխող հարակից դրույթները: Նախատեսել, որ պետական մարմինները տեղեկություններ գաղտնագրելիս պետք է հիմք ընդունեն այդ տեղեկությունների համապատասխանությունը Կառավարության սահմանած գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկին: Միևնույն ժամանակ Կառավարության սահմանած՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը պետք է շարունակի մնալ հրապարակային ամբողջությամբ, իսկ դրանում առկա տեղեկությունների վերնագրերը չպետք է հասցվեն այն աստիճան մանրամասնության, որ ինքնին պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը:

28.07.2022

7. Նախագծի 14-րդ հոդվածը սահմանում է, որ պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը` այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Այդպիսով, ըստ էության անփոփոխ է մնացել գործող օրենքի 15-րդ հոդվածի դրույթը և փաստացի օրենքը վերանայման պարտականությունը սահմանել է գերատեսչական ցանկերում ընդգրկված և ոչ կոնկրետ գաղտնագրված տեղեկությունների մասով, այնինչ առավել կարևոր է հենց կոնկրետ տեղեկությունները շարունակական գաղտնի պահելու անհրաժեշտության պահպանման պարբերական վերանայումը: Այսպես, հնարավոր է և նույնիսկ առավել հավանական, որ գերատեսչական ցանկերում ընդգրկված գաղտնագրման ենթակա տեղեկատվության կոնկրետ տեսակը 5 տարվա ընթացքում կորցրած չլինի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից այն գաղտնի պահելու արդիականությունը, սակայն այդ արդիականությունն այլևս չպահպանի այդ տեսակի մեջ մտնող կոնկրետ տեղեկատվությունը: • Հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 109 էջում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf)՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածության պարբերական վերանայման պարտականություն սահմանող դրույթի փոխարեն սահմանել մարմինների՝ գաղտնագրված տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտության/հիմնավորվածության՝ առնվազն 5 տարին մեկ անգամ վերանայելու պարտականությունը սահմանող դրույթ: 8. Նախագծի 15-րդ հոդվածով որպես տեղեկությունները գաղտնազերծելու հիմք է նախատեսվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որոնց հետևանքով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է ոչ նպատակահարմար, սակայն չի նախատեսվում այդ հիմքով տեղեկությունները գաղտնազերծելու՝ պատասխանատու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը: Ստեղծվում է իրավիճակ, երբ օբյեկտիվ հանգամանքի փոփոխությամբ տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտության վերացման դեպքում պաշտոնատար անձն ունի ընդամենը այն գաղտնազերծելու իրավասություն, հայեցողություն, սակայն ոչ իմպերատիվ պարտականություն (հատկապես հաշվի առնելով այն, որ օրենքը ի սկզբանե չի նախատեսում որոշակի հանգամանքի վրա հասնելով պայմանավորված՝ տեղեկությունների գաղտնագրման ժամկետի սահմանում): Գործնականում իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող մարմիններից շատերն ուղղակի չեն իրականացնում գաղտնազերծում, որոշները տեղեկությունները գաղտնազերծում են սահմանված ժամկետից ուշ («Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կատարած հարցումներին ի պատասխան՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվացքների ու Ֆինանսների նախարարությունները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանները, Նախագահի աշխատակազմը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Կադաստրի պետական կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտնել են, որ երբևէ գաղտնագրված տեղեկություններ չեն գաղտնազերծել։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղեկությունները որոշ դեպքերում գաղտնազերծում է սահմանված ժամկետից ուշ։ Տե՛ս նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տարեկան հետազոտությունները: ), իսկ օբյեկտիվ հանգամանքների փոփոխության արդյունքում տեղեկություններ գաղտնազերծելու ընթացակարգն առհասարակ չի կիրառվում (Հարցված բոլոր մարմինները (նախարարություններ, մարզպետարաններ և այլ գերատեսչություններ) հարցումներին պատասխանելու դեպքում հայտնել են, որ նման հիմքով գաղտնազերծում երբևէ չեն իրականացրել:): Այս իրավիճակի հիմնական պատճառներից հաստատապես կարելի է նշել անկախ վերահսկող մարմնի բացակայությունը: • Հիմք ընդունելով վերոգրյալն ու հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 105 էջում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։ )՝ առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածը լրացնել որոշակի պայմանի վրա հասնելով կամ տեղեկատվության հետագա գաղտնի պահպանության անհրաժեշտությունը բացառող հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված՝ տեղեկությունները գաղտնազերծելու՝ իրավասու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը սահմանող դրույթով: 9. Նախագծով հանվել է օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծելու և ծանոթանալու համար բաց դառնալու կամ ըստ անհրաժեշտության ոչնչացնելու վերաբերյալ դրույթը: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ենթակա լինելու վերաբերյալ դրույթը վերաձևակերպվել է հանձնման հայեցողության սահմանմամբ ՝ այսպիսով նախատեսելով գործող՝ առանց այդ էլ խնդրահարույց կարգավորումների համեմատությամբ առավել վատթար կարգավորում: Միաժամանակ, նախատեսվել է դրույթ համաձայն որի՝ պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա տեղեկությունները ոչնչացվում են: Այսպիսով, հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ կարող են հանձնվել «ըստ անհրաժեշտության»: Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` բոլոր տեղեկությունները գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf):

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text