2. Մտահոգություններ Միջազգային քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում, Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայում և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում ընդգրկված նյութական և դատավարական իրավունքների պաշտպանության վերաբերյալ
ա. Հիմնականում վերաբերվում է ընտանեկան բռնության զոհերին. 16-րդ հոդվածով (Քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժած անձի բողոքի հիման վրա) նախատեսվում է, որ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն զոհի բողոքի հիման վրա՝ առողջությունը վտանգող տարբեր հանցագործությունների, կյանքի և առողջության սպառնալիքի, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության և սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների դեմ ողղված հանցագործությունների 24, 25, 26 և 28 գլուխներում): Այս առնչությամբ ԵԽ դիտարկումները ամրագրում են «տուժողի բողոքի պատշաճությունը նշված իրավախախտումների իմաստով մշտապես պատասխանատվության նախապայման լինելու հանգամանքը պետք է վերանայվի», «չափահաս անձի կողմից բողոքը ետ վեցնելը կարող է հանդիսանալ ճնշման, վախի և հուզական շփոթմունքի արդյունք: Նման դեպքերում բողոքը ետ վերցնելն ընդունելու պատրաստակամությունը կարող է նպաստել համապատասխան քրեական օրենքի խախտումները հանդուրժելուն և չպետք է տեղի ունենա ինքնաբերաբար» (պարբերություն 31) և հետևաբար «անհրաժեշտ է իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել չափահաս անձի կողմից բողոքը ետ վերցնելը, համոզվելու համար, որ բողոքը ետ տալու համաձայնությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային»:
բ. Հոդված 16-ի վերաբերյալ. նման դրույթ պետք է լինի նաև խոշտանգումների զոհերի համար՝ բողոքը ետ վերցնելու դեպքերում հետագա ուսումնասիրության հնարավորություն:
գ. Քրեական պատժի մեղմացում «Տուժողի հակաբարոյական վարքագծի» հիմքով. դատարանները սովորաբար կիրառում են մեղմ պատիժների հիմք ընդունելով տուժողի, այսպես կոչված «հակաբարոյական» կամ «սադրող» վարքագիծը: Այս հայեցակարգը կիրառելը գործնականում նպաստել է իրավախախտողների անպատժելիությանը, ավելին, մշտապես օգտագործվել է անգամ քրեական գործերը հարուցելուց զերծ մնալու նպատակով: Քրեական օրենսգրքի նախագծի 74-րդ հոդվածը (Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) նախատեսում է ավելի մեղմ պատժի կիրառում, եթե հանցագործությունը պայմանավորված է եղել տուժած անձի հակաբարոյական վարքագծով, ինչը, ի տարբերություն «հակաիրավական վարքագծի», հստակ չէ:
դ. Ընտանեկան բռնությունը քրեականացված չէ. Նախագիծը (Հոդված 192, Ֆիզիկական կամ հոգեկան բռնությունը), անկախ տուժող-հանցագործ հարաբերությունների բնույթից, քրեականացնում է միայն «հարվածելը, ծեծելը կամ բռնությամբ զուգորդված այլ ներգործությունը, որը ֆիզիկական կամ հոգեկան ցավ է պատճառել հանցագործությունից տուժած անձին, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի հոդված 172-ով (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) նախատեսված հետևանքները», և նախատեսում է պատիժ առավելագույնը 10,000 ՀՀ դրամի չափով, կամ հանրային աշխատանքներ` մինչեւ 100 ժամ: Ծանրացուցիչ հանգամանքների (նույն անձի դեմ կրկնվող բռնությունը, որը կարևոր է ընտանեկան բռնության դեպքում), կամ տուժողին ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքում, նախատեսվում է պատիժ տուգանքի տեսքով՝ առավելագույնը 30,000 ՀՀ դրամ, կամ հանրային աշխատանք` մինչև 200 ժամ, կամ ազատության սահմանափակում՝ մինչև 2 տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 1 ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով; ինչպես նաև, եթե արարքը կատարվել է անչափահասի, հղի կնոջ, կամ հանցավորից կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` 20,000-ից մինչև 50,000 ՀՀ դրամ չափով, կամ հանրային աշխատանքներով` մինչև 270 ժամ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշված պատժամիջոցները իրենց մեղմությամբ համարժեք չեն նկարագրված հանցագործությունների ծանրությանը։
ե. Դատական պաշտպանության ակտերի խախտումները, որոնք առաջարկվել էր քրեականացնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի շրջանակում, չի նախատեսվում քրեականացնել ՔՕ նախագծով: Սա զգալի նահանջ է զոհերի նկատմամբ կիրառվող պաշտպանության տրամադրման ռազմավարությունից, քանի որ այս փոփոխությամբ առաջարկվում էր, Ստամբուլի Կոնվենցիային համահունչ կերպով, քրեական օրենսգրքում լրացնել ՔՕ-ի նախագիծը նոր՝ 353.1 հոդված-ով. այսինքն` դատական պաշտպանության ակտին դիտավորությամբ չենթարկվելը, որը պատժվում է 300,000 ՀՀ դրամից մինչև 1 տարի ժամկետով ազատազրկմամբ:
զ. Խոշտանգման սահմանումը. ՔՕ-ի նախագծի 413-րդ հոդվածը նախատեսում է խոշտանգման արգելքը որպես այդպիսին և սահմանում պատիժ՝ 3-6 տարի ազատազրկման տեսքով: ԵԽ Կարծիքում առաջարկ է արվում, որ «չնայած այն հանգամանքին, որ պետությունները պարտավորություն չունեն ներառել անմարդկային վերաբերմունքը որպես հանցագործություն ներպետական օրենսդրությունում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի բոլոր դիտավորյալ խախտումների արգելքը ապահովվի քրեական օրենքով» (186-րդ կետ): Հետևաբար, խելամիտ կլինի անմարդկային վերաբերմունքը ներառել որպես պատժելի հանցագործություն:
է. Միավորման ազատություն. Հոդված 204-ը (Անձի իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի դեմ ոտնձգող միավորում ստեղծելը կամ ղեկավարելը) տալիս է նշված իրավունքների կամայական սահմանափակումների հնարավորություն, քանի որ արգելում է կազմակերպության ստեղծումը՝ առանց հստակ ապացույց պահանջելու, որ իր կոնկրետ գործողություններով ոտնահարում են որևէ իրավունքներ: Նման սահմանափակումները պետք է արգելվեն օրենքով՝ ըստ անհրաժեշտության և համաչափության սկզբունքի, մինչդեռ, ինչպես արդարացիորեն նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 157), այս դրույթով նախատեսված իրավախախտման սահմանումը լայն է, չի պահանջվում որևէ ոտնձգող գործողության ապացուցում:
ը. Հավաքների ազատությունը. Հոդված 304-ը (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, ղեկավարելը կամ դրանց մասնակցելը) տարբերակում չի դնում զանգվածային անկարգություններին մասնակցության ու խաղաղ ցույցի և հավաքի մասնակցության միջև (պաշտպանված ՔՔԻՄԴ-ի և ՄԻԵԴ-ի ներքո), որոնք, մասնակցի կամքից անկախ, զուգորդվել են բռնություններով: Ինչպես նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 175), առկա է վտանգ, որ եթե խաղաղ ցույցը հանգեցնում է ոստիկանության և մի քանի ցուցարարների միջև փոքր բախման, ցույցի բոլոր մասնակիցների իրավունքը կարող է սահմանափակվել՝ առանց հրատապ/ճնշող անհրաժեշտության. Այսպիսով, անհրաժեշտ է ավելացնել օրինակ «ակտիվ կամ շարունակական» արտահայտություն (պարբերություն 176):
թ. Խոսքի ազատությունը և ազդարարների պաշտպանությունը. Հոդված 419-ը (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) պաշտոնատար անձի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն բացահայտելու համար կարող է հանգեցնել անհատների կամ լրատվամիջոցների դատապարտման, ինչը հնարավոր է կոռուպցիայի կամ այլ ապօրինի գործողությունների բացահայտման (ազդարարման) համատեքստում: Ինչպես նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 187), եթե բացահայտված տեղեկությունը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այն բացահայտող անձի դատապարտումը հավանական է, որ խախտի Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, և այդ դրույթը պետք է փոփոխվի, որպեսզի ներառի անձի պաշտպանությունը` ցույց տալու համար, որ վեճի առարկա հանդիսացող բացահայտումը կատարվել է ելնելով տեղեկության հանրային հետաքրքրությունից (պարբերություն 188):
ժ. Ազատ և արդար ընտրությունների իրավունքը. ՔՕ-ի նախագծի 211-րդ հոդվածը, որը քրեականացնում է ընտրակաշառք ստանալը, չի նախատեսում այսպես կոչված «անձեռնմխելիության դրույթը» (որը առկա է գործող Քրեական օրենսգրքում՝ 1542-րդ հոդվածի 3-րդ կետ), ըստ որի Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը քրեականացված չէ: