base.notification_banner.text
project.favorite.title

Under development

Testing formating issue

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1.              4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2.              լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ՝

«6.1) ներքին գործերի նախարարությունը.»:

 

Հոդված 2. Օրենքի հավելվածի՝

1.              1-ի կետում «տարեցների սոցիալական պաշտպանության» բառերից հետո լրացնել «,  Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների  ինտեգրման կամ վերաինտեգրման» բառերը.

2.               4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ներքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանության, մարդու անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության, հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտմանը մասնակցության, հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ճանապարհային երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման ապահովման, ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների պայմաններում իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցության, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցության ապահովման, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման, կացության կարգավիճակների տրամադրման, աշխատանքային  միգրացիայի, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, փախստականի կարգավիճակի ճանաչման և ապաստանի տրամադրման, քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման, անձնագրային միասնական համակարգի գործունեության կազմակերպման, անձանց փաստաթղթավորման և նույնականացման,  օտարերկրացիների կամավոր վերադարձի և արտաքսման, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու հետ կապված հարաբերություններում տեղեկատվության փոխանակման, բնակչության պետական և ընտրողների ռեգիստրների վարման ու ընտրողների ցուցակների կազմման, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, հաշվառման համարանիշների և վարորդական իրավունքի տրամադրման, տեխնիկական զննության և մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզավորման, զենքի առևտրի լիցենզավորման և շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենքի առգրավման, առանց հսկողության մնացած գույքի պահպանության հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնածին և տեխնածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության տարահանման գործընթացների պետական կարգավորման ու դրա իրականացման աշխատանքների ապահովման, նշված ոլորտների խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և կազմակերպման, նշված ոլորտներում կառավարման իրականացման, հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման, նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրման, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման, տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հաշվառման, ինչպես նաև լիցենզավորման ծառայությունների մատուցման ապահովման, արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման և բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման մասնակցության (խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, դրանց ծավալման և կիրառման պլանավորումը և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում այդ ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի) ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։»։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1.              Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որը ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

2.              Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում Ներքին գործերի նախարարի թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն։ Ներքին գործերի նախարարի թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկության հետ մեկտեղ ներկայացվում է առաջարկություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարի լիազորությունները դադարեցնելու մասին։

3.              Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, վարչապետը հաստատում է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը՝ միաժամանակ սահմանելով նախարարի տեղակալների, նրանց օգնականների, նախարարի խորհրդականի, օգնականի հաստիքների թվաքանակը։

4.              Ներքին գործերի նախարարը լիազորությունները ստանձնելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարների թեկնածու նշանակելու մասին առաջարկություն։

5.              Ներքին գործերի նախարարը լիազորություններն ստանձնելու պահից՝

1)              Հինգ աշխատանքային օրվա ընթացքում Վարչապետի աշխատակազմ է ներկայացնում գլխավոր քարտուղարի՝ իր կողմից՝ այլ նախարարության գլխավոր քարտուղարի համար սահմանված պահանջների հաշվառմամբ  հաստատված պաշտոնի անձնագիրը։ Գլխավոր քարտուղարի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ մինչև սահմանված կարգով տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքում նշանակում կատարելը.

2)              Հաստատում է նախարարության կազմավորման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքացուցակը, որում ներառվում է սույն մասի 3-րդ կետով նախատեսված աշխատանքային խմբերում ընդգրկվող պաշտոնները, ինչպես նաև գլխավոր քարտուղարի, նախարարի տեղակալների, նրանց օգնականների, նախարարի խորհրդականի, օգնականի պաշտոնները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնները՝ հիմք ընդունելով վարչապետի կողմից Ներքին գործերի նախարարության համար սահմանված նախնական թվաքանակը.

3)              Ձևավորում է աշխատանքային խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական։ Աշխատանքային խմբերի համար սահմանում է գործողությունների ժամանակացույց.

4)              Մեկ ամսվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում Ներքին գործերի նախարարության կանոնադրության՝ վարչապետի որոշման նախագիծը և Ոստիկանության կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին վարչապետի որոշման նախագիծը.

5)              Վարչապետի կողմից Ոստիկանության կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու օրը ներքին գործերի նախարարը հաստատում է Ոստիկանության կանոնադրությունը և կառուցվածքը՝ կառուցվածքում չներառելով այն հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց գործառույթները փոխանցվում են Ներքին գործերի նախարարությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը.

6)              Ներքին գործերի նախարարության կանոնադրության նախագծի հետ միաժամանակ Վարչապետի աշխատակազմ է ներկայացնում նաև Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների ցանկը (առկայության դեպքում) և համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը.

7)              Գլխավոր քարտուղարի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է Ներքին գործերի նախարարության հաշվառումը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում.

8)              12 ամսվա ընթացքում ապահովում է Ոստիկանության կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության գործառույթների փոխանցումը Ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանության աջակցող մասնագիտական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը։

6.               Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում սահմանված աշխատանքային խմբերում նախատեսված պաշտոնները համալրվում են Հայսատանի Հանրապետության կառավարության 2018 օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» 878-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Այն դեպքերում, երբ աշխատանքային խմբերում  նախատեսված պաշտոնները զբաղեցնում են պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, ովքեր տվյալ պաշտոններին նշանակվել են միաժամանակ ազատվելով իրենց զբաղեցրած պաշտոններից, պահպանում են իրենց աշխատավարձը։ Այն դեպքերում, երբ այդ պաշտոնում նշանակվում են մինչև այդ պետական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձինք, նրանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով։

7.              Ներքին գործերի նախարարի լիազորությունների ստանձնելու օրվան հաջորդող երկրորդ շաբաթվա Կառավարության նիստի օրը Կառավարությունը լուծում է Ներքին գործերի նախարարության կազմավորման համար անհրաժեշտ գումարի հատկացման հարցերը։

8.              Դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը: Դրանով պայմանավորված՝

1)              Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, զբաղեցրած  պաշտոններից ազատվում են նաև նախարարի օգնականը և խորհրդականը։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատվելու դեպքում նախարարի տեղակալները, այդ թվում՝ առաջին տեղակալը, շարունակում են պաշտոնավարել։ Արտակարգ իրավիճակների նախարարի լիազորությունները դադարեցնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելու օրը վարչապետը Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներից մեկի վրա դնում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքների կազմակերպման պարտականությունների կատարումը, որոնք վերապահված չեն Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարին։ Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքների կազմակերպման պարտականությունները կատարող տեղակալը իրականացնում է օրենքներով Արտակարգ իրավիճակների նախարարին վերապահված գործառույթները, բացառությամբ կառավարության անդամին վերապահված լիազորությունների և գործառույթների և արտաքին ներգործություն ունեցող գործունեության։ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատվելուց հետո արտաքին ներգործություն ունեցող գործունեությունը իրականացվում է Ներքին գործերի նախարարի միջոցով, որի մասնագիտական սպասարկումը ապահովում են Արտակարգ իրավիճակների նախարարության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները և գրասենյակը՝ մինչև սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան պաշտոններից ազատվելը.

2)              Եթե Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքների կազմակերպման պարտականությունները կատարող նախարարի տեղակալը ազատվում է զբաղեցրած պաշտոնից սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով սահմանված ժամանակացույցից շուտ, ապա վարչապետի որոշմամբ այդ պարտականությունների կատարումը դրվում է պաշտոնավարումը շարունակող նախարարի այլ տեղակալի վրա կամ նշանակվում է նախարարի այլ տեղակալ (առանց ներկայացման), եթե առկա են դեռ գործողություններ, որոնք պետք է կատարվեն:

3)              Օրենքով  Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտների մասով ընթացքի մեջ գտնվող հարցերը Կառավարությանը ներկայացնում է Կառավարության այլ անդամը՝ վարչապետի հանձնարարությամբ՝ մինչև իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաշվառումից հանելու օրը.

4)              Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարը իրականացնում է գույքագրում և կազմում Կառավարությանը փոխանցվող գույքի ցանկը, ինչպես նաև անձնական ոչ գույքային իրավունքների ցանկը.

5)              Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիական ծառայության պաշտոնները համալրելու գործընթացը դադարեցվում է, իսկ հայտարարված մրցույթները անցկացվում են սահմանված կարգով.

6)              Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գլխավոր քարտուղարը Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքների կազմակերպման պարտականությունները կատարող տեղակալի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների (այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքների կազմակերպման պարտականությունները կատարող տեղակալի, նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի) իրենց պաշտոններից ազատելու մասին ժամանակացույց՝ հաշվի առնելով ընթացիկ աշխատանքների առաջնահերթությունները և Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցմամբ պայմանավորված գործառույթների իրականացման անհրաժեշտությունը

7)              Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարը սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացը, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների ծանուցման գործընթացը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով սահմանված ժամանակացույցը.

8)              Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները (առկայության դեպքում՝ ըստ սուբյեկտների և պարտավորությունների չափի համապատասխան հիմքերով, եթե մինչ այդ հիմնավոր պատճառներով հնարավորություն չի եղել դրանք կատարել մինչև նախարարության գործունեության դադարեցման օրը) և ամրացված գույքը, նախարարության կնիքը և առկա ձևաթղթերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այս գործընթացի հետ միաժամանակ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվում Արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին վարչապետի որոշման նախագիծ։ Սույն փոխանցումը իրականացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված աշխատանքների կազմակերպման պարտականությունները կատարող տեղակալի և գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած անձինք, պաշտոնից ազատվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում.

9)              Գաղտնիության ռեժիմին առնչվող տեղեկատվության փոխանցումը իրականացվում է՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այն փաստաթղթերը, որոնք պետք է փոխանցվեն Ներքին գործերի նախարարությանը, ի պահ են տրվում Ազգային անվտանգության ծառայությանը, մինչև Ներքին գործերի նախարարության համապատասխան պաշտոնների համալրումը։

9.              Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից վեց ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք Ոստիկանության ծառայողներին, Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, Փրկարար ծառայողներին և Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողներին (այդ թվում՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներին, ովքեր գրանցվել են ռեզերվում Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հիմքով՝ գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում) կարող են նշանակել Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը՝ Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

10.           Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողների վարձատրության հարցերը կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով։ Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում այլ ծառայողների նշանակման դեպքում նրանք պահպանում են իրենց աշխատավարձը (ներառյալ հավելումները և հավելավճարներ, այլ վճարներ), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար հաշվարկվող աշխատավարձից։

11.           Ոստիկանության ծառայողը, փրկարար ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), ով օրենքով սահմանված կարգով կզբաղեցնի Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն,  նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկը իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով։ Նախկինում հաշվարկվող հավելումները, հավելավճարները և այլ վճարները չեն հաշվարկվում աշխատավարձում:

12.           Եթե քաղաքացիական ծառայողը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա վերջինիս հետ  վերջնահաշվարկ չի կատարվում։

13.           Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում են ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:

14.           Ներքին գործերի նախարարը իրավահաջորդ է Արտակարգ իրավիճակների նախարարի՝ ոլորտային օրենսդրության շրջանակներում ընդունված իրավական ակտերի մասով։

15.           Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման գործընթացը չի կարող գերազանցել ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա ժամկետը:

  • project.old_project_time.text

    05.09.2023 - 09.10.2023

  • project.type.title

    Financial statement

  • project.area.title

    Bankruptcy, Electronic justice

  • project.ministry.title

    Ministry of Justice

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 26

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text