01.03.2019
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը լրացնել 11 մասով, որով սահմանվելու են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնք կատարած անձինք պատժի կրումից պայմանական վաղաժամկետ չեն կարող ազատվել։ Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով էլ նախատեսվում է, որ նշված արարքները կատարած անձանց համապատասխանաբար չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատել վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով (Նախագիծ, հոդված 2), չեն կարող պատժից ազատել մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով (Նախագիծ, հոդված 3) եւ վերջիններիս նկատմամբ չի կարող հայտարարվել համաներում (Նախագիծ, հոդված 4)։ ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ ներում չի շնորհվում նախանշված հանցագործությունների համար դատապարտված անձանց։ Հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առհասարակ միջազգային իրավունքում ընդունված է, որ ոչ միայն խոշտանգման հանցակազմի (ինչն ամրագրված է Նախագծով), այլեւ որոշ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի կիրառումը, համաներման եւ ներման ակտերն անթույլատրելի են։ Համանման կարգավորումներ են նախատեսված ինչպես Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածով (ի թիվս այլնի վաղեմության ժամկետներ չեն կիրառվում երեխաների նկատմամբ սեռական գործողությունների, բռնաբարության, անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ սեռական գործողությունների, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, երեխայի շահագործման կամ սեռական գործողությունների եւ այլ հանցակազմերի պարագայում), Խորվաթիայի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ մասով (անչափահասներին վիրուսային հիվանդություններով վարակելը) եւ այլն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեռական բռնության գործերն իրենց առանձնահատկություններով պայմանավորված բավական երկար դատավարական գործընթաց են անցնում, ինչն առկա իրավական կարգավորումների արդյունքում մի շարք դեպքերում հանգեցնում է նրան, որ հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով, առավել անհրաժեշտ է դառնում համանման կարգավորումներ նախատեսել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի, 132-1322-րդ հոդվածների, ինչպես նաեւ 138-141-րդ հոդվածների պարագայում։ Ելնելով վերոշարադրյալից՝ առաջարկում ենք օրենսդրական այս նախագծերում կատարել լրացում եւ ավելացնել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածները։