14.09.2019
«Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթի ամրագրման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն իրողությամբ, որ պետական հաստատությունների կողմից գումարներ էին հատկացվում հանրությանն անհայտ հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության, նվաճումների եւ ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որեւէ հանրային տեղեկություն առկա չէր: Տրամաբանորեն ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ հասարակական կազմակերպություններից տարբեր իրավիճակում եւ նրանք պետք է հանրության առջեւ հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ եւ կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում ձեւակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը։ Հարկ է նկատել, որ առհասարակ իրավաչափ է հաշվետվողականություն պահանջը, սակայն ինչպես ամրագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Իրավաչափ է հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին, այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, եւ պետք է լինի միավորման չափին եւ գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի եւ եկամուտների ծավալը։» : Հաշվի առնլեով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք հաշվետվողականության եւ թափանցիկության վերաբերյալ դրույթներն ամրագրել հաշվի առնելով միավորման չափն ու գործունեության շրջանակն եւ չհիմնավորված ու անհամաչափ բեռ չդնել հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման եւ առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված միավորումների ազատության իրավունքը: