base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  թիվ 1332-Ն որոշումից (այսուհետ՝ որոշում):

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

         2019 թվականի նոյեմբերի 20-ին ձևավորվել է  կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի բաղադրատարրերից առաջինը՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով): Կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար Հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ անհրաժեշտ է ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը:

                   Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետաքննության և նախաքննության գործառույթները, կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածության:                   

                 Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով միջազգային մի շարք կառույցների, ստանձնել է կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման գործող կառուցակարգեր ստեղծելու  պարտավորություն: 

                  Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան» (այսուհետ՝ Կոնվենցիա), որն ընդունվել է 2003 թվականին և Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է դարձել 2007 թվականից, պարունակում է գործուն մեխանիզմներ, որոնք վերաբերում են նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման  մարմինների ստեղծմանը և դրանց լիազորությունների շրջանակին:  

Կոնվենցիայի 36-րդ հոդվածով կոռուպցիայի բացահայտման մարմինների համար սահմանվել են որոշակի սկզբունքային դրույթներ: 

Կոնվենցիայի 36-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի այնպիսի մարմնի կամ մարմինների կամ անձանց առկայությունը, որոնք մասնագիտացած են կոռուպցիայի դեմ պայքարում` իրավապահ միջոցների օգնությամբ: Մասնակից պետության իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան` այդպիսի մարմնին կամ մարմիններին կամ անձանց պետք է անհրաժեշտ անկախություն ապահովվի, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց գործառույթները առանց որևէ անհարկի ազդեցության։ Այդպիսի անձինք կամ այդպիսի մարմնի կամ մարմինների աշխատակիցները իրենց խնդիրների կատարման համար պետք է օժտված լինեն պատշաճ որակավորմամբ և պաշարներով:» 

         Այսպիսով, կարելի է առանձնացնել այն սկզբունքային դրույթները, որոնք պետք է բնորոշ լինեն կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմիններին: Նման մարմինները պետք է լինեն անկախ, զերծ մնան անհարկի ազդեցությունից, օժտված լինեն պատշաճ նյութատեխնիկական պայմաններով, իսկ աշխատակիցները ունենան բարձր որակավորում:  

Հարկ է նշել նաև, որ միջազգային գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին բազմիցս բարձրացրել են նշված հարցը՝ պնդելով, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է:      
         
 Կոմիտեն՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով օժտված մասնագիտացված մարմին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ բաղադրատարրն է:  Այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

        Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշումը՝ Նախագծով առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցին կոմիտե:    
          Նախ, անդրադառնալով միջազգային փորձին՝ հարկ է նշել, որ մի շարք պետություններ ստեղծել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության գործառույթով օժտված մարմիններ, որոնք, ընտրված մոդելների տարբերություններով հանդերձ, առաջնորդվում են միջազգայնորեն ընդունված սկզբունքներով: 
          Այսպես, Ուկրաինայում գործում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Համաձայն ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) մասին օրենքի առաջին հոդվածի՝ Բյուրոն պետական իրավապահ մարմին է, որը պատասխանատու է իր իրավասության հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման, քննության, բացահայտման, ինչպես նաև կանխարգելման համար: Բյուրոյի ղեկավար կազմն ու անդամները ընտրվում են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Միաժամանակ  Բյուրոյի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով   այն  իր գործունեության մասին հաշվետվություններ է հրապարակում և հասարակությանը տեղեկացնում է իր կատարած աշխատանքի արդյունքների մասին: Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝  Բյուրոի աշխատակիցնեը իրականացնում են  և՛ օպերատիվ-հետախուզական գործունեություն, և՛ նախաքննություն:
          Լատվիայում գործում է  Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի բյուրո (այուհետ՝ Բյուրո)։ Վերջինս ունի գործունեության հիմնական երեք ուղղություններ` կանխարգելիչ, հետաքննական և կրթական։ Բյուրոն իրավասու է կիրառել վարչաիրավական` օրենքով նախատեսված կոռուպցիոն բնույթի իրավախախտումների համար, ինչպես նաև իրականացնել հետաքննական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու մեջ։ 

         Կոսովոյում  կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության մարմինը  Հակակոռուպցիոն գործակալությունը է: Գործակալությունն ունի երեք բաժին՝ քննչական վարչություն բաժին, կոռուպցիայի կանխարգելման վարչություն և կառավարման վարչություն։ Գործակալությունն իրավունք ունի նաև կոռուպցիոն հանցագործություններով հարուցված գործերով իրականացնել հետաքննություն:
           Իսկ Սլովակիայում գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, որը ստեղծվել է 2004 թվականին։ Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն գործում է Ոստիկանության ուժերի ղեկավարության ներքո։ Այն հիմնականում հետաքննական գործակալություն է, սակայն ունի նաև կոռուպցիայի կանխարգելման լիազորություններ:
          Նման մարմիններ գործում են նաև Բելգիայում՝  Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական գրասենյակը, Խորվաթիայում՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության կանխարգելման գրասենյակը, Ռումինիայում՝ Ազգային հակակոռուպցիոն ծառայությունը, Մալթայում՝ Կոռուպցիայի դեմ մշտական ​​հանձնաժողովը:
          Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն համգամանքը, որ կոնկրետ երկրի փորձը կիրառելիս պետք է հաշվի առնել նաև այդ երկրի օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, իրավական համակարգի կառուցվածքը և  առանձնահատկությունները՝ համաձայն սույն Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների՝ Կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, դրանց հայտնաբերման, բացահայտման, կանխման և խափանման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն, ինչպես նաև կազմակերպելու և իրականացնելու է այդ հանցագործությունների նախաքննությունը:

Հարկ է նշել, որ ի տարբերություն վերոնշյալ մի շարք երկրների, որտեղ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով և՛ հետաքննությոնը, և՛ օպերատիվ-հետախուզական գործունեությունը, և՛ նախաքննությունը իրականացվում է միևնույն անձի կողմից, հաշվի առնելով հայրենական իրավական համակարգը՝ Նախագծով կոռուպցիոն հանցագործությունների քննության կենտրոնացվածությունը ապահովելու համար թեև հետաքննությոնը,  օպերատիվ-հետախուզական գործունեությունը, նախաքննությունը իրականացվելու են մեկ մարմնի՝ Կոմիտեի կողմից, այնուամենայնիվ,  չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար դրանք իրականացվելու են տարբեր ստորաբաժանումների կողմից:   
          Այսպես, Կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական և տարածքային մարմիններից: Տարածքային մարմինները ձևավորվելու են աստճանաբար: Կենտրոնական մարմինը կազմված է լինելու օպերատիվ-հետախուզական գործունեության, քննչական և ներքին անվտանգության վարչություններից, ինչպես նաև միջազգային համագործակցության, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, վերապատրաստման ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից:        
          Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած նոր կադրերի ներգրավման և այլ մարմիններից մասնագիտացված կադրերի փոխանցման եղանակով:
          Միաժամանակ հարկ է ընդգծել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի  փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային և արտամրցութային կարգով:      
          Մասնավորապես, արդեն մասնագիտացված կադրերը՝ ՀՀ քննչական այլ մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչները, որոնք կբավարարեն Նախագծով ներկայացված պահանջները, պետք է մասնակցեն  Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, իսկ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  պարտադիր պետք է ստուգի վերջիններիս բարեվարքությունը: Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում Կոմիտեի նախագահը պետք է կատարի համապատասխան նշանակումները: Նշանակվելուց հետո փոխանցված կադրերը պետք է անցնեն լրացուցիչ վերապատրաստումներ:   
          Միաժամանակ, Կոմիտեի նոր կադրերը, որոնք կազմելու են հաստիքների մեկ երրորդը, համապատասխան ուսումնառության ծրագրի հաղթահարման արդյունքում նույնպես հնարավորություն են ունենալու պաշտոնի նշանակվելու:
          Բոլոր դեպքերում Կոմիտեի թե՛ նոր, թե՛ արդեն մասնագիտացված կադրերը պարբերաբար անցնելու են վերապատրաստման դասընթացներ ՀՀ Արդարադատության ակադեմիայում:         
          Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների ընտրության մրցութային կարգին, որն անմիջականորեն ուղղված է Կոմիտեի անկախության երաշխիքների ապահովմանը:    Ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների,  Կոմիտեի ղեկավարի կազմի և ծառայողների թեկնածուները  ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում:
           Այսպես, Կոմիտեի ղեկավար կազմի թեկնածուների ընտրության համար ձևավորվելու է մրցութային խորհուրդ(այսուհետ նաև` Խորհուրդ), իսկ Կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության համար՝ մրցութային հանձնաժողով (այսուհետ նաև` Հանձնաժողով):   
          Մասնավորապես, Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով  Կոմիտեի նախագահը կազմավորելու է մրցութային հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմավորվելու է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, 3-ը` պետական ծառայողներ, իսկ 1-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ:
          Նախագծով առաջարկվող մրցույթը  թե՛ Կոմիտեի ղեկավար կազմի, թե ծառայողների թեկնածուների ընտրության դեպքում,  կազմված է հետևյալ փուլերից.  

     փաստաթղթերի և մասնագիտական փորձառության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը համադրում է թեկնածուի համապատասխանությունը Նախագծով նախատեսված պահանջներին: Պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջների չբավարարելու դեպքում Հանձնաժողովն անձին չի թույլատրի մասնակցել մրցույթի հետագա ընթացքին:  Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքերում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

հարցազրույցի փուլ՝  Հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձևով ստուգվելու են մասնակցի մասնագիտական պատրաստվածությունը և գործնական կարողությունները: Հարցազրույցի  արդյունքում Հանձնաժողովը կազմելու է այն մասնակիցների ցանկը, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: 

բարեվարքության ստուգման փուլ՝ Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո՝ երեք օրվա ընթացքում, պետք է գրավոր դիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հարցազրույցի փուլը հաղթահարած թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով մեկշաբաթյա ժամկետում Հանձնաժողովին է ներկայացնելու թեկնածուների վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն: 

 արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրած խորհրդատվական եզրակացության հիման վրա մեկօրյա ժամկետում կարող է վերանայել թեկնածուների ցանկում ընդգրկված անձանց տվյալները և կազմել մրցույթում հաղթող ճանաչվածների վերջնական ցանկ: Մրցույթի վերջնական արդյունքները մեկօրյա ժամկետում հրապարակվելու են հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

 Մասնակցի իրավունքները ապահովելու նպատակով Նախագծով  ամրագրվել է  նաև մրցույթի արդյունքները գրավոր բողոքարկելու հնարավորություն:  

Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը և  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացությունները ներկայացնելու է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ով  մրցույթում հաղթող ճանաչված և առավել թվով ձայներ ստացած մասնակցին պետք է նշանակի համապատասխան պաշտոնում:

             Ինչ վերաբերում է Կոմիտեի նախագահի ընտրությանը՝ հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվում է Կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորել մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվելու է  Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից։ Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավում են երեք միջազգային փորձագետ։ 

               Հաշվի առնելով Խորհրդի անաչառ և արդյունավետ գործունեության կարևորությունը, Նախագծով սահմանվում են նաև Խորհդի անդամին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, Խորհրդի անդամ կարող է նշանակվել  բարձրագույն կրթությամբ,  բարձր մասնագիտական ​​և բարոյական հատկանիշներ ունեցող  յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից), ինչպես նաև միջազգային կազմակերպություններում:       

         Խորհդի աշխատանքների թափանցիկությունը ապահովելու համար դրա նիստերը լինելու են բաց քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար և միաժամանակ  տեսաձայնագրվելու են:    

               Հարկ է նշել նաև, որ Կոմիտեի բոլոր աշխատակիցները նախքան նշանակվելն անցնելու են բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրություն:

         Կոմիտեի գործունեությունը պետք է լինի հնարավորինս թափանցիկ և հիմնված լինի հաշվետվողականության վրա: Այդ նպատակով Նախագծով առաջակվող կարգավորումների համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնելու  նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում, իսկ Կոմիտեն յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը, հրապարակելու է տեղեկատվություն իր գործունեության մասին:  
          Այսպիսով, Կոմիտեի՝ որպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության գործառույթով օժված նոր, իրավապահ մարմնի կազմավորումը ժամանակի հրամայականն է: Սույն Նախագիծը ուղղված է Կոմիտեի ձևավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծմանը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և  անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: 

 

Ակնկալվող արդյունքը.

Սույն Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն  մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը, որի տարր է կազմելու նաև Կոմիտեն,  կնպաստի կոռուպցիայի, որպես հասարարակական արատավոր երևույթի հաղթահարմանը:  

 

 

  • project.old_project_time.text

    24.01.2020 - 14.02.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 19152

project.print.title

project.sentences.title

14.02.2020

Առաջարկ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի նշանակման, ազատման, գործունեության հաշվետվողականության վերաբերյալ իրավական մեխանիզմներ․ • Ներկայացված նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ վարչապետը 8 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված մրցույթով անցած թեկնածուներից։ Սկզբունքորեն չառարկելով վարչապետի կողմից Կոմիտեի նախագահի նշանակման ընթացակարգին, Կոմիտեի նախագահի հաշվետվողականության, պաշտոնից ազատման առումով գտնում ենք, որ նախագծում ներկայացված լուծումները խիստ թերի են և կրում են ձևական բնույթ։ Մասնավորապես՝ նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում։ Նման իրավակարգավորման դեպքում գրավոր հաղորդման քննարկում, դրա արդյունքում Կոմիտեի նախագահին անվստահություն հայտնելու իրավական մեխանիզմներ նախատեսված չեն։ Բացի այդ, Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը՝ 8 տարով համարում ենք չհիմնավորված երկար։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի նախագահի իրավունքներին և պարտականություններին նվիրված նախագծի 12-րդ հոդվածում նախատեսել, որ Կոմիտեի նախագահը կիսամյակային և տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում ՀՀ ԱԺ։ Կոմիտեի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ՀՀ վարչապետի կամ ԱԺ 1/3-ի առաջարկությամբ՝ պաշտոնեական պարտականությունները չկատարելու, լիազորությունները գերազանցելու կամ հանցակազմի հատկանիշներ պարունակող իրավախախտում կատարելու, ինչպես նաև կիսամյակային և տարեկան հաշվետվությունը ԱԺ կողմից չհաստատելու դեպքում՝ ԱԺ քվեարկությամբ՝ պատգամավորների 2/3-ով։ 2․ Սահմանել, որ եռամսյակը մեկ Կոմիտեի կայքում տեղադրվում է գործունեության մասին հաշվետվությունը։ 3․ Կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը սահմանել առավելագույնը 6 տարի ժամկետով՝ միևնույն անձի համար մեկ անգամից ոչ ավել ընտրվելու հնարավորությամբ։ • Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեությունը․ Նախագահի պաշտոնում թեկնածուի ընտրության համար նախագծով նախատեսվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն կառավարության, ԱԺ, ԲԴԽ, ՄԻՊ և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներ։ ՀՀ սահմանդրության 7-րդ գլխում ԲԴԽ որպես կառույց գործում է բացառապես ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ընտրության, վերջիններիս լիազորությունների դադարեցման և դատական իշխանության գործունեության հետ կապված այլ հարցերով։ Այս առումով ԲԴԽ մասնակցությունը Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում անթույլատրելի է, քանի որ քրեական գործերի քննության իմաստով Կոմիտեն հանդիսանում է քննության ընդհանուր գործընթացի առաջին փուլում գործունեություն իրականացնող նախաքննական կառույց, որին կարող է հաջորդել դատաքննությունը։ Այս առումով ընդհանուր գործընթացի երկու փուլերում ԲԴԽ ազդեցությունը պետք է բացառել՝ նախաքննության անկախության երաշխիքները չվնասելու նկատառումներից ելնելով։ Բացի այդ, նախագծով ԱԺ-ն ունենալու է մեկ ներկայացուցիչ։ ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունն այս խորհրդում արտահայտելու նպատակով նպատակահարմար է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ևս հնարավորություն ընձեռել մասնակցել հանձնաժողովի ձևավորմանը՝ համատեղ ներկայացնելով երկու թեկնածու։ Անհամաձայնության դեպքում այդ թեկնածուներին նշանակելու իրավասությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Առաջարկ․ Կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդում ընդգրկել կառավարության, նախագահի, ՄԻՊ կողմից առաջադրված մեկական թեկնածու, ԱԺ մեծամասնության կողմից առաջադրված մեկ թեկնածու, ԱԺ ընդդիմադիր ուժերից երկու թեկնածու, հակակոռուպցիոն ոլորտում վերջին 10 տարում գործունեություն ծավալող երկու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից համատեղ թեկնածուներին չներկայացնելու դեպքում լիազորությունը փոխանցել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ ՄԻՊ և ԱԺ առաջարկած թեկնածուները պետք է լինեն իրավաբան գիտնականներ՝ 5 տարվա աշխատանքային ստաժով։

14.02.2020

2․ Կոմիտեի նախագահի տեղակալների հաստիքների նշանակման իրավական մեխանիզմներ․ Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվում է Կոմիտեի նախագահի տեղակալի երկու հաստիք՝ քննչական և օպերատիվ գծով։ Գտնում ենք, որ Կոմիտեում վերլուծական, կազմակերպչական, իրավական նախաձեռնությունների, կարգապահական պատասխանատվության, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, վիճակագրության ոլորտի աշխատանքների համակարգման համար անհրաժեշտ է նախատեսել իրավական հարցերով տեղակալի հաստիք։ Առաջարկ․ Կոմիտեի նախագահի 3 տեղակալներին՝ քննչական, օպերատիվ-հետախուզական և իրավական հարցերով, նշանակում է ՀՀ վարչապետը։ Տեղակալների թեկնածուները անցնում են Կոմիտեի նախագահի թեկնածուի համար սահմանված մրցութային նույն ընթացակարգով։

14.02.2020

3․ Կոմիտեի ծառայողների նշանակման իրավական մեխանիզմներ․ Կոմիտեի ծառայողների ընտրության համար նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվում է Կոմիտեի նախագահի կողմից ձևավորել հանձնաժողով 7 անդամով՝ 3 իրավաբան գիտնական, 3 պետական ծառայող, 1-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ Հարկ է նշել, որ նախագիծում առկա չեն առանձնահատուկ իրավակարգավորումներ օպերատիվ ծառայության աշխատակիցների թեկնածուների ընտրության համար, քանի որ նախագծով առաջարկվող վերոնշյալ հանձնաժողովի կազմով գաղտնի ծառայությունների աշխատակիցների ձևավորումն անհնարին է։ Բացի այդ, քննչական ծառայության համար առաջարկվող հանձնաժողովի կազմը ևս հստակ չէ։ Օրինակ 3 պետական ծառայող՝ հստակեցված չէ նրանց ներկայացվող պահանջները, կամ մեկը քաղաքացիական հասարակությունից՝ կարգավորված չէ ներկայացվող չափանիշները։ Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է, որ մրցութային գործընթացում Կոմիտեի ծառայողների թեկնածուները պետք է անցնեն մրցութային հետևյալ փուլերը՝ փաստաթղթերի ստուգման փուլ, հարցազրույցի փուլ, բարեվարքության ստուգման փուլ, որը ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրում։ Գտնում ենք, որ Կոմիտեի ծառայողների թեկնածուները պետք է անցնեն նաև թեստավորում՝ գիտելիքների ամբողջական ստուգման նպատակով։ Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ բարեվարքության ստուգման փուլը նախատեսված է փաստաթղթերի ստուգման և հարցազրույցի փուլերից հետո։ Գտնում ենք, որ բարեվարքության ստուգման փուլը պետք է նախորդի թեստավորման և հարցազրույցի փուլերին և պետք է հստակեցվի նաև ԿԿՀ կողմից բարեվարքության ստուգման շրջանակներում ներառվող հարցերի շրջանակը։ Բացի այդ, ըստ վերոնշյալ ձևակերպման՝ ԿԿՀ եզրակացությունը կրելու է խորհրդատվական բնույթ։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարանջատել այն հարցերի շրջանակը, որոնցով ԿԿՀ եզրակացությունը հիմք կհանդիսանա մրցույթին տվյալ թեկնածուի մասնակցությունը դադարեցնելու համար, ինչպես օրինակ՝ գույքային վիճակի ստուգման արդյունքում եզրակացությունը և հարցեր, որոնցով ԿԿՀ եզրակացությունը հիմք կհանդիսանա հարցազրույցի փուլ թեկնածուի մասնակցությունը թույլատրելու և այդ փուլում հարցերի միջոցով ճշգրտումներ կատարելու համար։ Առաջարկ․ 1․ Կոմիտեի օպերատիվ գաղտնի ծառայությունների աշխատակիցների ընտրությունը կատարել բացառապես ներքին կանոնակարգերի և իրավակարգավորումների շրջանակում ձևավորված ընթացակարգերով՝ առանց արտաքին միջամտության։ 2․ Կոմիտեի քննչական ծառայության աշխատակիցների ընտրության հանձնաժողովի կազմում ընդգրկել՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ ներկայացրած մեկական իրավաբան գիտնականներ, Կոմիտեի նախագահի քննչական ծառայության ոլորտը համակարգող տեղակալին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված մեկ միասնական թեկնածու, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված չափանիշներին համապատասխանող քաղաքացիական հասարակության կառույցների 2 ներկայացուցիչներ։ 3․ Մրցութային գործընթացում նախատեսել նաև թեստավորման փուլ, իսկ բարեվարքության ստուգման փուլը նախատեսել փաստաթղթերի ստուգման փուլից հետո։ Միաժամանակ հստակեցնել ԿԿՀ եզրակացությամբ տրվող հարցերի պատասխանների այն շրջանակը, որոնք հիմք կհանդիսանան կամ մրցութային գործընթացին թեկնածուի մասնակցությունը դադարեցնելու կամ հարցազրույցի փուլ տեղափոխելու համար։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text