ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով որպես ռազմավարական ուղղության է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ։ Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու և վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը։
Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։
Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության արդյունավետ աշխատանքն առաջնային կարևորություն ունի հանցագործությունների կանխման, նախականխման ու հակազդման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ու Հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության զգացման համար։
Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ ծառայության այս տեսակը, գործառութային առումով նորամուծություն է և մեր երկրում չկան այս ծառայության փորձառուներ, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման ծրագիրն անցած նոր կադրերի նշանակման համար։ Հատկանշական է, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։
Ուստի, այս նախագիծը լուծում է ոլորտի բարեփոխումների առաջին կարճաժամկետ նպատակը՝ «Պարեկային ոստիկանության» կազմավորման և դրա գործունեության ապահովումը Հանրապետության տարածքում։
Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։ Ծառայության հետագա ընդլայնման ժամանակացույցը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրի կազմակերպման ժամկետներով, անհրաժեշտ պարեկային ծառայողների թվով, որոնք պետք է անցնեն կրթական ծրագիրը։
Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Օրենքների նախագծերի փաթեթն ուղղված է Ռազմավարությամբ առաջարկվող բարեփոխումների նպատակներից մեկի՝ պարեկային ոստիկանության ստեղծմանը և դրա գործունեության կարգավորմանը։
Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների՝ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։
3. Նախագիծը մշակող մարմինը
Օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծերի ընդունմամբ մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, մասնավորապես, ինչպես կառավարության որոշումներ, այնպես էլ առանձին պետական մարմինների գերատեսչական ակտերում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում: