base.notification_banner.text
project.favorite.title

Ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝

  • անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց  հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։
  • Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով:
  • Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետևաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին։
  • Սահմանվել է դրույթ համաձայն որի արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում։
  • Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ:
  • ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը։

         Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ։

         Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  նախատեսվող փոփոխությունով և լրացումով պայմանավորված  կարգավորումների նպատակը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում  լրացվող հոդվածներին համապատասխան դրույթների ամրագրումն է, մասնավորապես՝ կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի  գանձման հիմքի ամրագրումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի և հաշմանդամ մարդկանց համար սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն տալն է և դրա անվճար դարձնելը՝ նպատակ հետապնդելով հեշտացնել այդ տարիքային և խոցելի խմբի մարդկանց համար գործընթացը և լուծել նրանց համար  որոշակի սոցիալական խնդիրներ։

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հքանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաև Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար:

  • project.old_project_time.text

    09.03.2020 - 25.06.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Շրջակա միջավայր, Սոցիալական ապահովություն, Մշակութային, Էկոնոմիկա

  • project.ministry.title

    Շրջակա միջավայրի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8860

project.print.title

project.sentences.title

19.03.2020

Առաջարկում եմ օրենքի նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը կրկեսներում արգելող, և ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների օգտագործումը մշակութային նպատակով` ամբողջովին արգելող լրացումներով: Հիմնավորումը՝ Կրկեսներում կենդանիների օգտագործման արգելքը գործում է տասնյակ երկրներում (ամբողջական ցանկը այստեղ՝ https://www.stopcircussuffering.com/circus-bans/): Կրկեսներում կենդանիների օգտագործումը բացասական է անդրադառնում կրկես այցելող երեխաների հոգեկան աշխարհի վրա: Կենդանիների շահագործումն զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ: Այս առաջարկի ընդունումը հնարավորություն կտա նաև բարձրացնել Հայաստանի Հանրապետության վարկանիշը տեղական ու միջազգային բնապահպանական շրջանակներում: Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալ հնարքների լայն հնարավորությունները` առանց կենդանիների կրկեսը չի կորցնի իր հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում:

19.03.2020

Առաջարկում եմ արգելել անազատ պայմաններում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների պահելը, բացառությամբ` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական և վերարտադրության նպատակներով: Հիմնավորումը՝ Անազատ պայմաններում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլատվությունը ամբողջովին հակասում է օգտագործումը կարգավորող հոդված 27-ի գաղափարախոսությանը` որով սահմանվում է, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը թույլատրվում է գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև բնական և ոչ բնական պայմաններում դրանց վերարտադրության կազմակերպման նպատակներով: Փաստացի, եթե ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանին պահվում է ոչ թե վերոհիշյալ օգտագործման նպատակով, ապա ստացվում է, որ այն օգտագործվում է ցուցադրական /գեղագիտական/ մշակութային նպատակներով: Անընդունելի է ֆիզիկական անձի, խմբի կամ կազմակերպության քմահաճույքների համար եզակի և վտանգված կենդանատեսակների պահելու օրինականացումը:

19.03.2020

Առաջարկում եմ ներդնել պետական լիազոր մարմնի կողմից կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մշտադիտարկման կարգ, որը կիրականացվի լիազոր մարմնի կողմից ընտրված անկախ մասնագետների խմբի/կազմակերպության կողմից` տվյալ տնտեսվարողի ֆինանսավորմամբ: Հիմնավորումը՝ Անհնար է ստուգել արդյոք տնտեսավրողը իրականացնում է կիսաազատ պայմաններում բնակվող կենդանիների պատշաճ մշտադիտարկում: Այդ նպատակով առաջարկում եմ ներդնել համապատասխան մեթոդաբանություն և կանոնակարգ, ըստ որի տնտեսվարողը կվճարի սահմանված պետական տուրքն, իսկ պետական լիազոր մարմինը` օգտագործելով այդ միջոցները կհայտարարի տվյալ տարածքում թիրախային կենդանատեսակի մշտադիտարկման իրականացման մրցույթ: Արդյունքում մշտադիտարկման արդյունքները կլինեն ավելի վստահելի:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text