08.04.2021
Նախագծով առաջարկվող արարքը եւ հիմնավորումը չեն համապատասխանում միմյանց: Մասնավորապես, հիմնավորման մեջ խոսք է գնում ինտերնետային կայքերից (այդ թվում՝ սոցիալական ցանցերից) բացի հասարակական վայրերում եւ զանգվածային լրատվության միջոցներով տարածվող հայհոյանքի (անպարկեշտ վիրավորանքի) մասին: Այնինչ Նախագծում օգտագործվում է "հրապարակային հայհոյել, "հրապարակային հայհոյանք"-ը: Այս առումով Նախագիծը հաշվի չի առնում, որ "հրապարակային"-ը ներառում է, բայց չի նույնանում հանրայնորեն կամ հասարակական վայրում արվածի հետ: Այսպես, ԵԿԴ/2293/02/10 գործով Վճռաբկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ հրապարակային է այն արտահայտությունը, որը կատարվել է առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ: Այս առումով պետք է նշել, որ թեեւ իրավունքի շուրջ քննարկումներում, դոկտրինում կամ խոսակցականում կարող ենք օգտագործել հրապարակային կամ ոչ հրապարակային վիրավորանք արտաայտությունները, սակայն մեկնաբանված "վիրավորանք" եզրույթի տեսանկյունից ոչ հրապարակային վիրավորանք գոյություն չունի, քանի որ արտահայտությունը վիրավորական համարվելու համար պետք է ի թիվս այլնի նաեւ կատարված լինի հրապարակային եղանակով: Ուստի, վիրավորանքն (այդ թվում անպարկեշտ ձեւով արվածը) արդեն իսկ իր մեջ պարունակում է հրապարակայնության նախապայմանը: Արդյունքում Նախագիծը նման բառակազմով փաստացի վերաբերում է անպարկեշտ ձեւով արված ցանկացած վիրավորանքի եւ ցանկացած հայհոյանքի, որը արվել է առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ (ներառյալ, եթե երկու անձ միասին վիրավորում մեկ ուրիշին) ոչ միայն հասարակական վայրերում կամ հանրայնորեն, այլ նաեւ մասնավոր վայրերում, երբ հասարակությունը հաղորդակից էլ չի լինում վիրավորանքին կամ հայհոյանքին: Արդյունքում, Նախագիծը փաստացի չի սահմանափակվում Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակով եւ սահմանազանցում է հիմնավորման մեջ նշված փաստարկը: Վերոնշյալի համատեքստում առարկայազուրկ է դառնում Նախագծի հիմնավորման այն պնդումը, որ որևէ իրավական խնդիր չկա նաև անձին մեկ արարքի համար կրկին անգամ պատասխանատվության ենթարկելու արգելքի սկզբունքի հետ առնվազն հետեւյալ պատճառով. քանի որ վհրապարակային վիրավորանքն առկա է նաեւ մեկ երրորդ անձի ներկայության կամ հաղորդակից դարձնելու դեպքում եւ ըստ այդմ հրապարակայնության պայմանը ներառում, բայց չի սահմանափակվում եւ չի նույնանում միայն հասարակական վայրում կամ հանրայնորեն վիրավորանքի կամ հայհոյելու հետ, ապա նման բառակազմով Նախագծի դեպքում ստացվում է, որ Նախագիծը ոչ թե պատասխանատվություն է նախատեսում վիրավորանքի ձեւի (պայմանների՝ հանրայնորեն, հասարակական վայրում իրականացված լինելու) համար, այլ պարզապես առանձնացրել է վիրավորանքի որոշ տեսակներ (հայհոյանքը եւ անպարկեշտ ձեւով վիրավորանքը) եւ դրանց համար նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ չվերացնելով քաղաքացիաիրավական պատասխանատվությունը: Առաջարկում եմ Նախագիծը խմբագրել, վարչական պատասխանատվությունը պայմանավորել ոչ թե վիրավորանքի "հրապարակային" լինելով, այլ հանրայնորեն, բոլորին հասանելի (հասարակական վայրում) արված լինելով: