base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով

  • project.old_project_time.text

    28.04.2021 - 14.05.2021

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Կրթություն և գիտություն

  • project.ministry.title

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 10940

project.print.title

project.sentences.title

10.05.2021

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքին ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում Երևանի ավագանու որակումները Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների հասցեին։ Անընդունելի է, որ կայքում գրանցված՝ Երևանի ավագանու էջում տեղադրված կարծիքի հեղինակը հանդես է գալիս ՀՀ մայրաքաղաքի ավագանու անունից և հավակնում է ներկայացնելու ավագանու հավաքական և պաշտոնական տեսակետը։ ՀՀ բուհերի կառավարման հիմնախնդիրների, կրթության զարգացման երկարաժամկետ ծրագրի բացակայության վերաբերյալ թվացյալ «մտահոգություններից» զատ, տրված են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ, ինչպես նաև անհիմն՝ «ինչ ուզեմ՝ կանեմ» ձևակերպմամբ «մեղադրանք» է առաջադրված ռեկտորներին, շաղախված «քծնողների բանակ», «ուրացող» և այլ ուղղակի վիրավորանքներով։ Մինչդեռ՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորներն աշխատում են ՀՀ օրենսդրության պահանջներին և բարձր արժեքային կողմնորոշումներին համապատասխան, պատվով իրականացնելով հազարավոր երիտասարդների կրթության ու դաստիարակության հույժ կարևոր առաքելությունը։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ բուհական ոլորտում կան թերություններ և բացթողումներ, սակայն դա իրավունք չի վերապահում համայնքի ավագանու անդամին՝ անձնական վիրավորանք հասցնել պատկառելի և հարգված անձանց: Ռեկտորները տարիներ շարունակ պայքարում են բարձրագույն կրթության որակյալ օրենք ունենալու համար և այդ նպատակով ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն է միայն ընդունվել: Տեղի են ունեցել շահագրգիռ հանդիպումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, Ազգային ժողովում, Հանրապետության նախագահի հետ։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քանիցս ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված իր կարծիքը և հավաքական ու հիմնավոր եզրակացությունները օրենքի նախագծի վերաբերյալ, հանդես է եկել իր սկզբունքային դիրքորոշումները և առարկություններն արտահայտող մի շարք հայտարարություններով, որոնք իշխանություններին հաճո չէին։ Իսկ ս. թ. մայիսի 3-ին իրավասու մարմիններին և իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի վերջին հայտարարությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որը կարդացողը հստակ կկարողանա տարբերել քծնանքը սկզբունքային հարցադրումներից։ Ցավում ենք, որ տարրական դաստիարակության կարոտ և բարոյական նորմերից հեռու անձն ընտրվել է Երևանի ավագանու անդամ և թաքցնելով սեփական անուն-ազգանունն ու թաքնվելով ավագանու անվան տակ, իրեն թույլ է տալիս վիրավորանք հասցնել կյանքի լուրջ ճանապարհ անցած, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում մեծ ներդրում ունեցող անձանց պատվին ու արժանապատվությանը՝ չգիտակցելով, որ իր արարքը ենթակա է իրավական պատասխանատվության ու պատժի։ Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկում ենք լրջագույնս ուսումնասիրել Երևանի ավագանու անունից պաշտոնապես հրապարակված կարծիքի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության նորմերին ու բարեվարքության կանոններին և ըստ այդմ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ

05.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը. 1. հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի տեսանկյուններից, 2. դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի հետագա քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, համաչափ չեն ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավաչափ նպատակներին, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն։ Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։ Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։ 2. Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։ 3․ Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։ Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։ 4․ ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ 5․ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ՝ Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ 6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ և չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 03․05․2021թ․

04.05.2021

ԴԵՄ ԵՄ

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text