11.08.2017
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (հետայսու՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասում «26» թիվը փոխարինել «23» թվով, 41-րդ հոդվածի 3.1-րդ մասում «6» թիվը փոխարինել «9» թվով: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) ծանրաբեռնվածությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ՝ դատական կազմերի ավելացմամբ և ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Վարչական դատարան) դատավորների թվի կրճատմամբ։ Սահմանվել է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննման ընթացակարգ՝ պատասխանողի կողմից վարչական ակտի իրավարաչափությունը քննարկելու վերաբերյալ Վարչական դատարան համապատասխան պահանջի ներկայացմամբ (Տե՛ս հիմնավորում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման։ https://www.e-draft.am/projects/334/justification): Հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթի իրականացման ընթացակարգային փոփոխությունը Վարչական դատարանի հնարավոր ծանրաբեռնվածության՝ դատավորնի թվի կրճատմամբ, նվազեցման միջոց է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է Վարչական դատարանի դատավորների թվի ավելացումը որպես Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության պատճառ: Այսպիսով, Նախագծով առաջարկվում է նորից կրճատել Վարչական դատարանի դատավորների թիվը Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքների թիվը նվազեցնելու նպատակով։ Վարչական դատարանի դատավորների թվի ավելացումը հասարակական սուր պահանջի արդյունք էր, որն էլ հանգեցրեց Վարչական դատարանի դատավորների թվի ավելացման։ Անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ «26» դատավորի կազմով Վարչական դատարանում շարունակվում է խախտվել ողջամիտ ժամկետում գործը քննելու սահմանադրաիրավական պահանջը (Տե՛ս դատական գործեր՝ ՎԴ6/0205/05/12, ՎԴ6/0034/05/14, ՎԴ/4128/05/15 և այլն): Մասնավորապես՝ որոշակի դատավորների մոտ (առավելապես մարզային նստավայրերում) դեռևս շարունակվում են վարչական գործերի քննության ձգձգումները, ընդ որում՝ Վարչական դատարանում դատական նիստերը վերսկսելու վերաբերյալ որոշումները շատ դեպքերում կայացվում են դատարանի ծանրաբեռնվածության պատճառով․ միևնույն գործի շրջանակներում դատական նիստերը վերսկսվում են մի քանի անգամ: Հակընդդեմ հայց ներկայացնելու ինստիտուտի ներդրումը ամրացված չէ որևէ վերլուծական աշխատանքով՝ կազմված քանական և որակական ցուցանիշներով, որոնք հնարավորություն կտային համեմատական անցկացնել ակնկալվող արդյունքի և ներկա իրավիճակի հետ։ Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցման այնպիսի մի միջոց է ընտրվել, որը հանգեցնելու է հետագայում Վարչական դատարանի ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետներում գործերի քննության պահանջի խախտման։ Ելնելով վերոգրալից, առաջարկում ենք․ Վերաքննիչ դատարանի դատավորների թվի ավելացումը չիրականացնել Վարչական դատարանի դատավորների թվի կրճատմամբ: