3. Ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագծի՝ հեղինակող պետական կառավարման մարմինը առաջարկում է իրավակարգավորմամբ ամրագրել շենքի կամ շինության անձնագրի վերաբերյալ հետևյալ սահմանումը "...Օբյեկտի անձնագիրը՝ դրա նախագծման, շինարարության, շահագործման բոլոր փուլերի, փաստացի տեխնիկական վիճակի, շահագործման պահանջների վերաբերյալ սահմանված ձևին համապատասխան կազմված տեխնիկական փաստաթուղթ է, որը հավաստում է Օբյեկտի շահագործման պիտանիությունը կամ ոչ պիտանիությունը և անհրաժեշտ է օրենքով նախատեսված գործարքների և պարտավորությունների կատարելու համար...": Սահմանման մեջ առկա են մի շարք հասկացություններ, որոնք նախատեսում են անձի կամ անձանց կողմից որոշակի գործողությունների իրականացում և որոնց վերաբերյալ "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով անհրաժեշտ իրավակարգավորումները բացակայում են (շենքի կամ շինության շահագործման փուլեր, շենքի կամ շինության փաստացի տեխնիկական վիճակ, շահագործման պայմաններ, շենքի կամ շինության պիտանիություն)։ Նախ, հարկ է անդրադառնալ շենքի կամ շինության անձնագրի իրավական բնույթին։ Նախագծով առաջարվող սահմանումից բխում է, որ շենքի կամ շինության անձնագիրը տեխնիկական փաստաթուղթ է, ինչը ենթադրում է, որ դրա կազմումը կարգավորվում է նախևառաջ տեխնիկական նորմավորմամբ և տեխնիկական անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ։ Սակայն, անձնագրավորման գործընթացի նկարագրությանը վերաբերելի իրավակարգավորմամբ սահմանվում է, որ "․․․Օբյեկտի անձնագրավորումը՝ օբյեկտի նախագծման, շինարարության, շահագործման, տեխնիկական վիճակի, սեյսմակայունության վերաբերյալ առկա փաստաթղթերի տվյալների հիման վրա սահմանված ձևին համապատասխան անձնագրի կազմումն է:"։ Մեջբերման բովանդակությունը վկայում է, որ անձնագիրը իր մեջ պարունակում է շենքի կամ շինության նախագծման, շինարարության և շահագործման վերաբերյալ, ինչպես նաև տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վերաբերյալ տեղեկատվություն։ Հարկ է նկատել, որ տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը, ըստ էության, իր մեջ ներառում է սեյսմակայունության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Որպես ասվածի ամփոփում՝ իրավակարգավորման համաձայն առկա տեղեկատվությունը նախատեսվում է համակարգված ամփոփել մեկ փաստաթղթում՝ ըստ սահմանված ձևի։ Հետևաբար, շենքի կամ շինության անձնագիրը չի կարող հանդիսանալ տեխնիկական փաստաթուղթ՝ տեխնիկական կանոնակարգման հիման վրա տեխնիկական միջոցառումների իրականացման բացակայության պատճառով։ Այլ կարող է լինել փաստաթուղթ, որի առկայությունը կամ բացակայությունը անձի համար կարող է առաջացնել փաստական որոշակի հանգամանքներ։ Օրինակ՝ շահագործման թույլտվության վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից վարչական ակտի տրամադրման մերժումը կարող է պայմանավորված լինել անձնագրի բացակայությամբ կամ սահմանված պահանջների ոչ ամբողջական կատարմամբ։ Ավելին՝ շենքի կամ շինության անձնագիրը կարող է հիմք հանդիսանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի շահագործման թույլտվության կասեցման համար։ Վերջինս իրագործելի է միայն այն դեպքում, եթե "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքով սահմանվեն շահագործման թույլտվության վարչական վարույթի առանձնահատկությունները։
Առաջարկվում է քննարկել և առանձին՝ "Շենքի և շինության անձնագիր" վերարտադրությամբ, հոդվածով շարադրել շենքի և շինության անձնագրի սահմանում հետևյալ բովանդակությամբ՝ "Շենքի և շինության անձնագիրը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կազմված փաստաթուղթ է, որը բովանդակում է քաղաքաշինական գործունեության ընթացքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, շահագործման պայմաններ և պահանջներ։" Առաջարկվող սահմանումից բխում է, որ`
1)շենքի և շինության անձնագրի կազմման նկատմամբ սահմանվելու է միասնական մոտեցում,
2)հնարավորություն է ընձեռվում սահմանել այն քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր անձնագրավորման,
3) օրեսդրությամբ հնարավոր է սահմանել քաղաքաշինական գործունեության օբյեկտի վերաբերելի տվյալները, որոնք արտացոլվում են շենքի և շինության անձնագրում,
4) կարող է անձնագրի մաս է հանդիսանալ շահագործման պայմանները և պահանջները, որն իր հերթին անձի կամ անձանց համար առաջացնելու է որոշակի պարտավորություններ։