base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով.

2) 2-րդ կետը «բռնությունների» բառից հետո լրացնել «, այն է՝ նրանց ֆիզիկական կամ հոգեկան կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիքի» բառերով.

3) 3-րդ կետը «ռասայից, » բառից հետո լրացնել «մաշկի գույնից, » բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «(քաղաքացիներ կամ կազմակերպություններ)» բառերը.

2) 4-րդ մասը «կազմակերպությունը» բառից առաջ լրացնել «պետությունում գրանցված կամ միջազգային» բառերով, իսկ «անձը» բառից հետո՝ «(այսուհետ՝ օտարերկրյա գործատու)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են աշխատանքային իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, նրանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հիմքերը» բառից հետո լրացնել «և վայրը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.

«1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը կնքվել է սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով այն փոստային, ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապի կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝

1) ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող գործատուի գտնվելու վայրը (նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.

2) գործատուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.

3) հիմնարկի պետական հաշվառման վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.

4) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ գործատու հանդիսացող առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գտնվելու վայրի հասցեն (փոստային հասցեն) Հայաստանի Հանրապետությունում է.

5) ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի բնակության հիմնական վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.

6) աշխատանքային հարաբերությունները ծագում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող աշխատողի հետ:»։

Հոդված 6. Օրենսգրքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պահից:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Իրավաբանական անձ չհանդիսացող այլ գործատուների աշխատանքային իրավունակության և գործունակության նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձ հանդիսացող գործատուի աշխատանքային իրավունակության և գործունակության մասին նորմերը, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:».

2) 2-րդ մասը «մարմինների» բառից հետո լրացնել «, համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց, ինչպես նաև օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ այդպիսի լիազորություններ ունեցող այլ անձանց» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պաշտոնի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ժամանակավոր աշխատանք կատարող անձինք» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Մինչև տասնութ տարեկան անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները

1. Մինչև տասնութ տարեկան յուրաքանչյուր անձ ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան՝ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

2. Մինչև տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր։ Մինչև տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է:

3. Մինչև տասնվեց տարեկան անձինք, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի՝ ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի), իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե այն չի խանգարում նրանց պարտադիր կրթության գործընթացին:

4. Մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) կամ կատարմանը:

5. Մինչև տասնութ տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վտանգում նրանց առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացումը), բարոյականությունը, չեն սպառնում նրանց անվտանգությանը և չեն խոչընդոտում նրանց պարտադիր կրթությանը:

6. Մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչաշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

7. Մինչև տասնվեց տարեկան անձինք ժամանակավոր աշխատանքներում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերին, 143-րդ հոդվածի 1.1-ին մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 152-րդ հոդվածի 1.1-ին մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի 7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:

8. Մինչև տասնութ տարեկան անձինք ունեն աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Այդ անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

9. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում:

10. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնոգրաֆիա, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առևտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը և իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաև մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրա գովազդելուն ուղղված աշխատանքներին:»:

 

  • project.old_project_time.text

    21.03.2022 - 06.04.2022

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Աշխատանք և զբաղվածություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9776

project.print.title

project.sentences.title

06.04.2022

Նախագծի 65-րդ հոդվածով Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, փորձ է կատարվել էապես համապատասխանեցնել նախատեսված կարգավորումները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի հետևությունների հաշվառմամբ: Այնուամենայնիվ, Նախագիծը շարունակում է էական հակասության մեջ գտնվել Խարտիայի պահանջների հետ՝ առանձին տարիքային կատեգորիաների երեխաների համար սահմաված աշխատաժամանակի պահանջների տեսանկյունից: Աշխատաժամանակի առավելագույն չափի սահմանման համար այստեղ առանցքային կարևորություն ունի պարտադիր կրթության ենթակա երեխաների առավելագույն տարիքը, որն էլ պետք է դիտարկվի այս իրավակարգավորման ելակետը: ՀՀ-ում սահմանված է պարտադիր 12-ամյա կրթության համակարգ, հետևաբար, սույն դեպքում 15 տարին որպես կարգավորման ելակետ դիտարկելը իրավաչափ չէ: Արձանագրենք նաև, որ Կոմիտեն իր 2015 թվականի հետևություններով (http://hudoc.esc.coe.int/eng?i=2015/def/ARM/7/3/EN) անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված՝ երեխաների համար աշխատաժամանակի տևողության հարցին: 14 տարեկան երեխաների համար սահմանված աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական մինչև 24 ժամ, գնահատվել է Խարտիայի պահանջներին հակասող, քանի որ նման տևողությամբ աշխատանքը չի համարվել թեթև բնույթի աշխատանք: 2019 թվականի հետևություններով անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2015 թվականին կատարված փոփոխություններին՝ Կոմիտեն (http://hudoc.esc.coe.int/eng?i=2019/def/ARM/7/1/EN) արձանագրել է, որ 15-ից ցածր տարիքի և պարտադիր կրթության ենթակա երեխաները կարող են կատարել միայն թեթև աշխատանք, աշխատանքի բնույթը դադարում է թեթև լինելուց, եթե դրա տևողությունը չափազանց երկար է: Կոմիտեն գտել է, որ այն իրավիճակները, երբ երեխաները թեթև բնույթի աշխատանք են կատարում երկու ժամ տևողությամբ՝ դպրոցական օրվա ընթացքում և 12 ժամ՝ շաբաթական՝ դպրոց հաճախելու ժամանակահատվածից դուրս, համապատասխանում է Խարտիայի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Կոմիտեն արձանագրել է նաև, որ այն իրավիճակները, երբ 15 տարեկանից ցածր երեխան աշխատում է շաբաթական 20-25 ժամ դպրոցական կիսամյակի ընթացքում կամ երեքական ժամ դպրոցական օրվա ընթացքում կամ վեցից ութ ժամ շաբաթվա այն օրերին, երբ չի հաճախում դպրոց, հակասում է Խարտիայի պահանջներին: Հաշվի առնելով 12-14 տարեկան երեխաների աշխատաժամանակի օրական տևողությունը և շաբաթական տևողությունը 14-16 տարեկան երեխաների համար՝ Կոմիտեն արձանագրել է անհամապատասխանություն Խարտիայի պահանջների հետ: Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Կոմիտեն իր 2015 թվականի հետևություններով (https://hudoc.esc.coe.int/eng?i=2015/def/ARM/7/3/EN) հստակ հարցադրումներ էր կատարել կառավարությանը՝ պարտադիր կրթությունը ավարտելու տարիքի առնչությամբ՝ ՀՀ-ում համապատասխան ժամանահատվածում գործող կրթական համակարգի համատեքստում, պայմանավորելով առավելագույն աշխատաժամանակի իրավաչափությունը պարտադիր կրթության տարիքի հետ, իսկ հետևություններով Խարտիայի պահանջների հետ աշխատանքային օրենսգրքի անհամապատասխանությունը արձանագրվել էր պարտադիր կրթության ենթակա երեխայի ելակետային հիմքով:

06.04.2022

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առաջարկվող փոփոխության («աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով) վերաբերյալ դեռևս 2021 թ. քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիրքորոշում էին հայտնել այն մասին, որ առաջարկվող փոփոխության արդյունքում կստացվի, որ աշխատանքի ազատ ընտրությունը ներառում է աշխատանքի իրավունքը, մինչդեռ աշխատանքի իրավունքն ավելի լայն եզրույթ է, և աշխատանքի իրավունքն է, որը ներառում է աշխատանքի ազատ ընտրությունը/աշխատանքն ազատորեն ընտրելը (ՄԱԿ-ի 1966 թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 6-րդ հոդված): Միաժամանակ, նույն դրույթի կարգավորումն ունի վերանայման կարիք, քանի որ դրանով նախատեսված է, որ աշխատանքի ազատությունը ներառում է աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է, կամ որին ազատորեն համաձայնում է), մինչդեռ անձն ընտրում է ոչ թե աշխատանքի իրավունքը, այլ` աշխատանքը։ Հետևաբար, կրկին առաջարկում ենք Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ հիմնական սկզբունք է հանդիսանում աշխատանքի ազատությունը և այն ներառում է աշխատանքի, մասնագիտության և գործունեության տեսակի ազատ ընտրությունը և աշխատանքային ունակություններն ազատորեն տնօրինելը (https://hcav.am/labor-rights-research/ ):

06.04.2022

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետում «ռասայից» բառից հետո լրացնել «մաշկի գույնից» բառերը, որի վերաբերյալ կրկին հարկ է նշել, որ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ՝ Խարտիա) նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տրված եզրակացությամբ նշվել է, որ բացակայում է սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պաշտպանությունը (ESCR Conclusions, Armenia 2016, http://hudoc.esc.coe.int/eng?i=2016/def/ARM/1/2/EN ): Հետևաբար, կրկին առաջարկում ենք Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ռասայից» բառից հետո լրացնել «մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից» բառերը (https://hcav.am/labor-rights-research/):

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text