28.07.2022
3. Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին (տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում) կարող են դասվել այդ թվում հետևյալ տեղեկությունները՝ - պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին (մաս 3, «գ» կետ), - պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր¬ձակոնստրուկտորական աշխատանքների մասին (մաս 3, «դ» կետ), - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին (մաս 3, «է» կետ): Հաշվի առնելով «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացության չափազանց լայն լինելը՝ դրա տակ հնարավոր է հասկանալ, ցանկացած պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական վերազինմանը չվերաբերող տեղեկություն: Նմանապես, «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փոր¬ձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Գտնում ենք, որ այս առումով միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների (այդ թվում՝ արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի) մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է համարվել անձի տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու՝ օրենքով սահմանված հնարավորությունն առհասարակ չի կարող գնահատվել որպես համաչափ՝ տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին: Դրանից բխում է, որ կառավարության որոշմամբ գաղտնագրել հնարավոր է պետության ցանկացած ֆինանսական ցուցանիշների մաս կազմող տեղեկատվություն: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Նշված տեղեկությունների գաղտնագրումը չի կարող համարվել տեղեկատվության մատչելիության իրավաչափ սահմանափակում, ուստի այն անհրաժեշտ է հանել նախագծից կամ սահմանել այդպիսի սահմանափակման հստակ և բացառիկ նախապայմաններ: Հիմնվելով միջազգային փորձի վերլուծության վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 82-86 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf)՝ առաջարկում ենք․ • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը վերաշարադրել՝ դրանում օգտագործվող «պաշտպանական պատվեր» բառակապակցությունը փոխարինելով «սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների, օբյեկտների պատվերներ» բառերով. • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «կամ տնտեսական» բառերը կամ փոխարենը, որպես գաղտնագրման ենթակա տեղեկություն նախատեսելով այժմ Կառավարության թիվ 173 որոշման 15-րդ կետում շարադրված դրույթը՝ «պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները». • նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «է» կետը վերաշարադրել՝ դրանից հանելով «նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ դրանք փոխարինելով «ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա» բառերով: 4. Նախագծի 9-րդ հոդվածից հանվել է նախորդ խմբագրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստի¬ճան պաշտոնատար անձանց առողջության վերա¬բերյալ տեղեկությունները՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասման ոչ ենթակա տեղեկություն լինելու վերաբերյալ սահմանափակումը: Բացի այդ, պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկում կրկին չի ներառվել այլ պետությունների իրավաստեղծ փորձում լայնորեն կիրառվող մի շարք այլ կարևոր տեղեկություններ, մասնավորապես. - մարդկանց անվտանգությանն ու առողջությանն ինքնին վտանգ չներկայացնող, սակայն բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները, - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, նախագծում տեղ գտած «առողջապահության բնագավառ», «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» ձևակերպումները կարող են հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման ու տեղեկատվության ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, քանի որ դրանց տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք հասկանալ, որ խոսքը վերաբերում է բացառապես այդ ոլորտներում իրականացվող գործողություններին, ծրագրերին և չի վերաբերում բնակչության առողջության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկություններին: Նախագծի 9-րդ հոդվածից հանվել են սահմանափակման ոչ ենթակա ներքոգրյալ տեղեկությունները. - իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները, - այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա, - արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները: Հաշվի առնելով նշված տեղեկությունների հանրային կարևորության աստիճանը՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը հետընթաց քայլ է գործող իրավակարգավորումների համեմատությամբ, և նշված դրույթների խմբագրությունն այս մասով ենթակա է վերականգնման: • Հիմք ընդունելով նշվածը և միջազգային լավագույն փորձը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 92-93 էջերում, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf )՝ առաջարկում ենք ընդլայնել նախագծի 9-րդ հոդվածով սահմանված՝ պետական գաղտնիք հանդիսանալու հիմքով սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկը՝ դրանում ներառելով. - բնությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգների մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «1» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «մարդկանց անվտանգությանը և առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները», - պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունները, - բնակչության կենսամակարդակի մասին տեղեկությունները, - ժողովրդագրական վիճակի/ցուցանիշների մասին տեղեկությունները, - բնակչության առողջության, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի իրական վիճակի մասին տեղեկությունները՝ 9-րդ հոդվածի 1-ին մասի «2» կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «տնտեսության, բնության և շրջակա միջավայրի, բնակչության առողջության վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները»։ - Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց առողջության վերա¬բերյալ տեղեկությունները: • Օրենքի 9-րդ հոդվածի «3» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները»: • Վերականգնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով սահմանված դրույթները: 5. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և արդիականության սկզբունքներին համապատասխան: (….) Գաղտնագրման հիմնավորվածությունը դա յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից»: