13.04.2018
Առաջարկում ենք «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պաշտպանը մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով իրավասու է օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնել Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ՝ այդ դատարանների հարցման հիման վրա։»։ Նշված առաջարկության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նախագծով առաջարկվող տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմք չունի։ Պրակտիկայում դասական իրավունքի հարցերն առաջանում են ոչ միայն Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններում, այլ նաև Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում։ Մասնավորապես, մասնագիտական հատուկ կարծիք ստանալու հնարավորությունն անկախության երաշխիքներով օժտված մարմնից էականորեն կարող է բարձրացնել այդ առումով դատարանների կողմից կատարվող աշխատանքի արդյունավետությունը։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ գործերի գերակշիռ մասն իրենց լուծումն են ստանում Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում, որտեղ հենց անմիջականորեն քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր։ Ուստի, ՄԻՊ–ի օժանդակ դիրքորոշումն այդ առումով կարող է նպաստել իրավունքի զարգացմանը, պրակտիկայի ուժով հաղթահարվող խնդիրների որակյալ հանգուցալուծմանը։ Բացի այդ, ՄԻՊ–ի օժանդակ դիրքորոշումը կարող է օգտագործվել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից այն դեպքերում, երբ կոնկրետ գործի շրջանակներում առաջանում է կիրառման ենթակա դրույթի սահմանադրականության հիմնավոր կասկած։ Այդ պարագայում ՄԻՊ–ի դիրքորոշումն իրավունքի դոկտրինալ աղբյուրների հետ համակցության մեջ կարող է էական նշանակություն ունենալ այդ դատարանների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումը վտանգող դրույթների սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցը որոշելիս։ Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ իրավական համակարգերի գերակշիռ մասում ընդունելի մոտեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանն օժանդակ դիրքորոշում ներկայացնի ոչ միայն Վճռաբեկ դատարանի կամ Սահմանադրական դատարանի հարցումների հիման վրա, այլ նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների հարցումների հիման վրա։ Մասնավորապես, դեռևս 19-րդ դարից սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում «դատարանի ընկեր» ինստիտուտը։ Ինչպես գիտենք, ԱՄՆ-ի դատական համակարգը բաղկացած է 2 մակարդակից՝ դաշնային և նահանգային: Երկու մակարդակներում էլ դատարանները վճիռներ ընդունելիս լայնորեն օգտվում են «դատարանի բարեկամներ»-ի ծառայություններից՝ և առաջին ատյանում, և՝ վերաքննիչ (տես http://www.rbs2.com/amicus.htm): Վիճակագրության համաձայն՝ Նահանգային դատարանները, գործերի մոտ 82 տոկոսը քննելիս, հաշվի են առել «դատարանի բարեկամներ»-ի կողմից մատնանշված փաստարկները: Իսրայելում և գերագույն դատարանը, և մնացած դատական ատյանները 1996 թվականից սկսած իրենց գործունեությունն իրականացնելիս ակտիվորեն օգտվում են «դատարանի բարեկամների» աջակցությունից (տես https://www.yalelawjournal.org/pdf/1158_hvj33ruz.pdf)։ Լեհաստանի Գերագույն դատարանը, 1997 թվականից սկսած, թույլատրում է «դատարանների բարեկամներին» օժանդակություն ցուցաբերել դատարանին: Ներկայումս Լեհաստանի գրեթե բոլոր դատարանները օգտագործում են այս դոկտրինը: Մեծ Բրիտանիայում գրեթե բոլոր դատարաններին սեփական նախաձեռնությամբ «դատարանի բարեկամներ» նշանակելու լիազորություն է վերապահված, որպեսզի վերջիններս օրենսդրական դրույթների կիրառելիության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարեն: Կանադայում բարձրագույն դատարանները և շրջանային դատարանները ևս «դատարանի բարեկամ» նշանակելու հնարավորություն ունեն: Էկվադորում և’ բարձրագույն դատական ատյանները, և’ առաջին ատյանի դատարաններն իրավասություն ունեն դիմել «դատարանի բարեկամին» դատական գործընթացներում նրա օգնությունը ստանալու համար: Դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված 48/134 բանաձևում նշված է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային ինստիտուտները պարտավոր են իրենց նախաձեռնությամբ կամ համապատասխան պատկան մարմինների խնդրանքով մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ կամ նախագծեր ներկայացնել: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ որևէ տարբերակում դրված չէ միայն բարձրագույն դատական ատյաններին օժանդակ դիրքորոշման տրամադրման վերաբերյալ։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ «դատարանների բարեկամների» կարգավիճակը շատ քիչ դեպքերում է կարգավորվում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների վերաբերյալ օրենսդրությամբ: Արտասահմանյան երկրներում նմանատիպ հարաբերությունները կարգավորվում են համապատասխան դատական օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: