25.10.2019
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ գործարար միջավայրի բարելավման ռազմավարության նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Փաստաթղթի կառուցվածքը և չափելիության ցուցիչները Ռազմավարության նախագիծը որպես գործարար միջավայրի բարելավման նպատակ իրավացիորեն մատնանշել է միջազգայնորեն մրցունակ ազգային տնտեսության կառուցումը։ Այդ նպատակով առաջադրվել են գործարարների համար վարչարարական բեռի և ռիսկերի կրճատման կարևորագույն խնդիրը լուծելու թիրախներ, այդ թվում՝ վարկերի ստացման, հանրային ծառայությունների մատակարարման ցանցերին միացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, սնանկության ճանաչման գործընթացների հստակեցման և արդյունավետության բարձրացման։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ նախագիծը չի նախատեսում կոնկրետ ժամկետներում գործողություններ, որոնց իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել գործարար միջավայրի համար իրավական դաշտը և գնահատել կոնկրետ արդյունքները ժամանակի մեջ։ Այլ կերպ ասած՝ նախագիծը չունի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիր, ինչը բացառում է նախագծով նախանշված նպատակների չիրականացման դեպքում պատասխանատվության գործոնը, քանի որ չկան կոնկրետ գործողություններ և պատասխանատուներ։ Առաջարկություն • Ռազմավարությունից բացի մշակել և քննարկման ներկայացնել ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիր՝ ամրագրելով ռազմավարությամբ նախանշված նպատակների իրականացման ժամկետները և պատասխանատուներին։