ԿԱՐԾԻՔ-ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի հիմնավորման համաձայն՝ Նախագիծը նպատակ ունի վերանայելու ՀՀ պետա¬կան բյուջեից իրավաբանական անձանց դրա¬մաշնորհների հատկացման մրցութային գործընթացի ընթացակարգային մի շարք դրույթներ, ակնկալելով ապահովել ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, և սահմանելով մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթեր:
Բարձր գնահատելով ՀՀ ֆինանսների նախարարության և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում մշակված Նախագծի կարևորությունը, ինչը նախատեսված էր նաև Հայաստանի կողմից ստանձնացած միջազգային հանձնառության, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ին N 1307-Լ որոշման հավելվածով հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների չորրորդ ծրագրի առաջին հանձնառության երկրորդ կետի՝ «ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշ¬վետվողականության ապահովում» շրջանակներում, այնուամենայնիվ, Նախագծի հետագա լրամշակման և առկա խնդրահարույց կարգավորումների խմբագրման համար ներկայացնում ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի դիտողություններն ու առաջարկությունները: Այսպես.
1. Նախագծի նախաբանում հղում է կատարվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2019թ. թիվ 1130-Լ որոշմանը, մինչդեռ՝
1) հարկ էր նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի ուժով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ չեն կարող կատարվել, քանի որ ՀՀ կառավարությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջների համաձայն՝ Սահմանադրությամբ կամ օրենքով լիազորված չէ այդպիսի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու, իսկ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ այ նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել: Խնդրի էությունը կայանում է նրանում, որ 2003 թվականին, երբ ՀՀ կառավարությունը ընդունել է այդ որոշումը, Որոշման նախաբանում հղում չի կատարել որևէ օրենքի կոնկրետ լիազորող նորմի, որով ՀՀ կառավարությանը այդպիսի որոշում ընդունելու լիազորություն էր տրված, այլև Որոշման ընդունումը պայմանավորել է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացը կանոնակարգելու» անհրաժեշտությամբ, ինչի իրավունքը այդ պահին ուներ ՀՀ կառավարությունը՝ համաձայն այդ պահին գործող սահմանադրաիրավական կարգավորումների: Մինչդեռ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժով այդպիսի իրավունք ՀՀ կառավարությանը տրված չէ, հետևաբար նախկինում ընդունված Որոշման մեջ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ուժով փոփոխություններ և լրացումներ չեն կարող կատարվել:
Հետևաբար, առաջարկում ենք նախ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Կազմակերպության գործունեության պետական երաշխիքները» վերտառությամբ 9-րդ հոդվածում լրացում կատարել, որով ՀՀ կառավարությունը պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը ընդունելու լիազորություն կտրվի, այնուհետև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ սկսել նոր կարգի նախագծի մշակման աշխատանքները:
2) Ինչ վերաբերում է Նախագծի նախաբանում Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2019թ. թիվ 1130-Լ որոշմանը հղում կատարելուն, ապա պետք է նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում նշվում է օրենսդրական իրավական ակտը, այսինքն՝ առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի, հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմերը և ոչ թե առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող (այս դեպքում ՀՀ կառավարության ներքին (լոկալ) իրավական ակտը ): Բացի այդ հարկ է նկատի ունենալ, որ հղումները կատարվում են հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին, իսկ այս պարագայում հիմնական ակտ է համարվում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ին N 1307-Լ որոշումը: