02.03.2021
Օրենքի նախագծի ընդունումը դարձել է հրատապ հրամայական ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների համար, քանի որ վերջիներիս կողմից 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-378-Ն օրենքի ընդունումով <<սահմանփակման ենթակա ծառայություն>> մատուցող բիզնեսների համար ստեղծվել է իրենց գործունեությունն ակամայից դադարեցնելու, բազմաթիվ աշխատատեղեր կրճատելու, բազմամիլիոնանոց բիզնեսները կորցնելու մի աննախադեպ իրավիճակ, որն ավելի է խորացել COVID-19 համավարակի և պատերազմի պատճառով ՀՀ-ում սահմանված սահմանափակումների հետևանքով: Վերոնշյալ օրենքի անորոշության, ձևակերպումների անհստակության և իրավակարգավորումների թերի լինելու արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրենքում լրացված 15.3-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Երևան և Ջրվեժ համայնքների ավագանիների կողմից ընդունված համապատասխանաբար 25.12.2019թ. 188-Ն և 12.11.2019թ. N 67-Ն որոշումներով սահմանվել են սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների տեղակայմանը և հեռավորությանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք աղերս չունեն վերոնշյալ օրենքի ընդունման անհրաժեշտության, կարգավորման նպատակի, բնույթի և ակնկալվող արդյունքի հետ: