17.11.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ (հարթակ)։ 1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) լրացնել նոր 13.1-ին գլխով և 102.1-ին հոդվածով։ Համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի՝ էլեկտրոնային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝ 3) էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը։ Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «(…) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար», իսկ նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «…էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Մեջբերված իրավակարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ էլեկտրոնային հարթակում աշխատողի վերաբերյալ ներառված տվյալներին (այդ թվում՝ անհատական) բացի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ցանկացած պահի հասանելիություն են ունենալու նաև պետական այլ մարմիններ, ընդ որում՝ Նախագծով բացահայտված չեն, թե որո՞նք են այդ պետական մարմինները, ի՞նչ ծավալի տեղեկատվության կարող են հասանելիություն ունենալ և ի՞նչ նպատակով։ Հատկանշական է, որ թեև Նախագծի 102.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ էլեկտրոնային հարթակից օգտվելու կարգը պետք է սահմանվի Օրենսգրքով, սակայն Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանը։ Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է համաչափության սկզբունքի համատեքստում և չի համապատասխանում օրենքի կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին. Համաձայն ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: ՀՀ Սահմանադրական դատարանը 4 մայիսի 2021 թ. թիվ ՍԴՈ-1592 որոշմամբ փաստել է, որ «…որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, և տվյալ դեպքում օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջներն են. 1) սահմանափակման նպատակի իրավաչափությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը. 2) սահմանափակման համար ընտրված միջոցների` ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար. բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար. գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), իր վճիռներում անդրադառնալով համաչափության սկզբունքին, նշել է, որ «Համաչափության սկզբունքն իրենից ներկայացնում է «արդարացի հավասարակշռության որոնում հասարակության շահերով թելադրված պահանջների և անձի հիմնական իրավունքների պաշտպանության պահանջների միջև» (CASE OF SOERING V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 14038/88, 07.07.1989 թ. վճիռ): ՄԻԵԴ-ը կարևորել է հետապնդվող նպատակի և կիրառվող միջոցի միջև համաչափության պահպանման հարցը, (CASE OF PRESSOS COMPANIA NAVIERA S.A. AND OTHERS V. BELGIUM, գանգատ թիվ 17849/91, 20.11.1995 թ. վճիռ 38) արտահայտելով դիրքորոշում այն մասին, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հանգամանքներին, որպեսզի չոտնահարվեն սահմանադրական արժեքները (CASE OF GRIGORIADES V. GREECE, գանգատ թիվ 121/1996/740/939, 25.11.1997 թ. վճիռ ): Հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար) խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Մասնավորապես, Նախագծում տեղ գտած հիշյալ կարգավորումը ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ և աշխատող անձին հնարավորություն չի ընձեռում կանխատեսելու այն իրավական հետևանքները, որոնք կարող են առաջանալ էլեկտրոնային հարթակում իրենց վերաբերյալ առկա տվյալներին պետական մարմինների կողմից հասանելիություն ստանալուց հետո։ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի (3 մայիսի 2016 թ. ՍԴՈ-1270 որոշում)։ Oրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (18 ապրիլի 2006 թ. ՍԴՈ-630 որոշում)։ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ այն մասին, որ օրենքը պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (13 մայիսի 2008 թ. ՍԴՈ-753 որոշում), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176) ։ Ամփոփելով վերոգրյալը գտնում ենք, որ Նախագծի 102.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին՝ աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմանը, համաչափ չեն և չեն բխում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրության կարգավորումներից։ Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հստակ չէ, թե ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում, ուստի նման պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից։