26.01.2023
Հայեցակարգի նախագծի 5-րդ կետից հեռացնել «առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազեցմանը» բառերը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսության հիմքում հաշմանդամության բժշկական մոդելն է և այն հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությանը։ Առաջարկը բխում է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների 6 (2) առաջարկից (վերանայել իր օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանը և բուժմանը և դրանք համապատասխանեցնել հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին)։ Համապատասխանաբար անհրաժեշտ է հեռացնել նաև հավելված 4-ի ոչ ֆինանսական ցուցանիշների 5-րդ և 6-րդ տողերը։ Անհրաժեշտ է նաև խմբագրել հավելված 5-ի 17-20-րդ կետերը՝ ապահովելու, որ դրանք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին և հաշմանդամության սահմանմանը։ Որպես օրինակ 18-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ վնասներ է կրում հիվանդություններ կամ վաղ տարիքից հաշմանդամություն ունեցող անձանց չկատարած նյութական և ոչ նյութական ներդրումների հետևանքով», մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ ոչ թե իրենց առողջական խնդիրների, այլ հասարակության՝ հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումը չընկալելու, վերաբերմունքի և անմատչելիության, համակարգային խտրականության և խարանի պատճառով։