был направлен в Национальное Собрание РА
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
-
2 - project.vote.yes
-
6 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը և հիմք ընդունելով վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրություն 2.3 կետը մշակվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ։
Արարատյան դաշտի ջրահավաք ավազանը կազմված է Ախուրյանի (ներառյալ՝ Կարսի), Քասախի, Մեծամորի, Հրազդանի, Ազատի, Վեդիի գետավազաններից և Իգդիրի տարածքից։ Ջրահավաք ավազանի մակերեսը ՀՀ տարածքում 11,075 կմ2 է։ Գետավազանների խորքային հոսքի ջրերը սնում են Արարատյան արտեզյան ավազանը։
Արարատյան արտեզյան ավազանը զբաղեցնում է ՀՀ տարածքի Արարատի և Արմավիրի մարզերի Արաքս գետի ձախափնյա մասը՝ սահմանափակվելով մինչև 890 մ ծովի մակերևույթից բարձր նիշերով և զբաղեցնում է մոտ 1177 կմ2 տարածք։ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Գոգավորությունը շրջափակող լեռնալանջերի նշանակալի ծախսով բոլոր բնաղբյուրները կապտաժավորված են և օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար:
Արարատյան գոգավորության կենտրոնական մասի ազգային ցանցի դիտակետերում օրինաչափ հիդրոերկրաբանական մշտադիտարկումները վերսկսվել են 2010 թվականից, Արարատյան գոգավորության հյուսիս-արևմտյան (Արմավիրի տարածաշրջան) և հարավ-արևելյան (Արտաշատի և Արարատի տարածաշրջաններ) մասերում սկսվել են 2015 թվականից, իսկ Արարատյան դաշտի նախալեռնային շրջաններում՝ 2021 թվականից:
ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թվականի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների և ընդհանուր շահագործական պաշարի արժեքները։ Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ։ 2016 թվականին Արարատյան դաշտում առկա ջրային ռեսուրսների և ջրապահանջարկի միջև բացասական տարբերությունը կազմել է 1,120.46 մլն. մ3։ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարի արժեքը 2016 թվականի դրությամբ ավելի քան 15%-ով պակաս է 1984 թվականի Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015 թվականին «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,1 մլրդ. մ3 ծավալից։
Համաձայն 2016թ կատարված գույքագրման տվյալների` ավելի մեծ ջրառի (նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաև նոր հորատանցքերի գործարկման) արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ, ինչն անթույլատրելի է: Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել: Անհետացան Սև ջուր գետի ակունքներում գտնվող և Զեյվա կոչվող աղբյուրները, որոնց գումարային ծախսը 1965 թվականին կազմել էր շուրջ 1400 լ/վ, իսկ Ակնա լիճը, որն իրենից ներկայացնում էր ճնշումային ջրերի բեռնաթափման արդյունք` ավելի քան 3000լ/վ ծախսով, ներկայումս դարձել է անհոսք լճակ։ Նախկինում ԱԷԿ-ի տեխնիկական հովացման նպատակով օգտագործվող ջրառը կատարվում էր վերը նշված աղբյուրներից, սակայն դրանց ցամաքելու պատճառով ներկայումս ջրառն իրականացվում է հորատանցքերով։
2013-2016 թվականներին ընթացքում իրականացվեց տիրազուրկ և ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման և կոնսերվացման գործընթաց, ինչի արդյունքում լուծարվեցին 55 հորատանցքեր, կոնսերվացվեցին՝ 61-ը, որով խնայվեց ընդհանուր 4843լ/վ ջրաքանակ: Միաժամանակ բազմաթիվ չօգտագործվող հորատանցքեր փակվեցին փականներով, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններում վերանայվեցին ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվեց ջրօգտագործման թույլտվություներին՝ հորատանցքերը փականային ռեժիմի բերելով և դրանք կնքելով, ինչի արդյունքում 2015-2017 թվականներին Արարատյան գոգավրությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսեցին բարձրանալ, մեծացավ շատրվանող գոտու մակերեսը և բազմաթիվ հորատանցքեր, այդ թվում՝ ազգային ցանցի դիտակետերից սկսեցին կրկին շատրվանել:
Սական սկսած 2018 թվականից ստորերկրյա ջրառի քանակների ավելացման հետ կապված մակարդակը սկսել է իջնել, քանի որ բացվել են նախկինում փականներով փակված հորատանցքեր, վերագործարկվել են նախկինում փակված ձկնաբուծական տնտեսություններ:
Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների և ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի վարչական տարածքի N 198 դիտակետում 2010-2011 թվականներին նկատվել է շատրվան, որն անհետացել է 2011 թվականի վերջերին: Մինչև 2013 թվականը ճնշումային ջրերի միջին տարեկան մակարդակն իջել է մինչև 1,1մ երկրի մակերևույթից ցածր: 2013-2016 թվականներին Արարատյան գոգավորության շատրվանող հորերի կարգաբերման, լուծարման և կոնսերվացման աշխատանքների արդյունքում վերոնշյալ հորատանցքում շատրվանն աննշան չափով վերականգնվել է: 2016-2017 թվականներին նկատվել է կտրուկ բարձրացում, որից հետո՝ 2018 թվականից ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2մ-ով և դադարել է շատրվանել: 2020-2022 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.57 մետրով (+0.17մ- (-1.40)մ):
Համանման պատկեր է նկատվում Արարատյան գոգավորության կենտրոնական մասում (Արարատի մարզ)՝ Սիս, Հայանիստ, Հովտաշատ, Դաշտավան բնակավայրերի NN78, 2005, 1523, 1526 դիտակետերում։
Հատկանշական է, որ Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի քանակական փոփոխություններն հանգեցնում են որակական փոփոխությունների՝ ճնշումային ջրերի մակարդակի իջեցումներն ուղեկցվում են դրանց ընդհանուր հանքայնացման և ընդհանուր կոշտության բարձրացմամբ: Համաձայն «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի անալիզի տվյալների՝ գոգավորության կենտրոնական մասում (N1523) ընդհանուր հանքայնացումը 2017-2021թ բարձրացել է 673մգ/լ-ից 850մգ/լ, իսկ ընդհանուր կոշտությունը՝ 6,16 մգ,համ/լ-ից 8,59 մգ,համ/լ: Համանման երևույթներ են նկատվում Արտաշատ քաղաքի վարչական տարածքի N2069 դիտակետում: Այստեղ ընդհանուր հանքայնացումը 730մգ/լ-ից բարձրացել է 1154մգ/լ, իսկ ընդհանուր կոշտությունը՝ 6,55 մգ,համ/լ-ից 13.93 մգ,համ/լ:
Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ Արարատյան դաշտում և նրա ջրահավաք ավազանում ապօրինի ջրօգտագործման կարգավորումներ։
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Սևանա լճի պահպանության և դրա ռեսուրսների օգտոգործման հիմքում ընկած է երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, այն է`
1) ռեսուրսի սահմանափակ լինելը,
2) ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը,
3) էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:
Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Նրա պահպանությունը բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր է, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը:
Մասնավորապես, 1930-ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվել էր Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը, ինչը հանգեցրել էր մի շարք բացասական հետևանքների, այդ թվում`
1) ջրի ծավալի կրճատում (58,5 մլրդ մ3-ից 32.9 մլրդ մ3, 44%),
2) մակարդակի իջեցում (1916 մ-ից 1897 մ),
3) ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում,
4) ջրի աղտոտվածության բարձրացում` ջրի թափանցիկությունը կրճատվել է (13 մետրից` 3 մետր),
5) ճահճացման հետևանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծված թթվածնի քանակը,
6) լճում ձկնային պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, բնական ձվադրավայրերի ոչնչացման արդյունքում հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները` իշխանի երկու ենթատեսակներ ձմեռային իշխանը և բոջակը իսպառ ոչնչացել են, իսկ ամառային և գեղարքունի ենթատեսակները պահպանվել են աննշան քանակությամբ։
Սևանա լիճը իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում, մասնավորապես` դրա ձկնային պաշարները: Մեր պետության պատմության բարդ ճգնաժամային, շրջափակման և պատերազմական ժամանակահատվածում Սևանա լճի կենսառեսուրսները՝ մասնավորապես սիգի պաշարները, առանցքային նշանակություն են ունեցել երկրի բնակչության պարենային ապահովման համար։ Այդ իսկ պատճառով այս կենդանատեսակի նկատմամբ անհրաժեշտություն է առաջանում առանձնահատուկ կարգավորման դրույթներ սահմանել։
Լճում ձկնային պաշարների կրճատմանը նպաստել է նաև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում (մինչ 2019 թվականը) Սևանա լճի կենսապաշարների նկատմամբ չկակնոնակարգված և սպառողական վերաբերմունքը, ինչի արդյունքում էապես նվազել են նաև արդյունագործական նշանակության ձկնապաշարները։ Եվ այդ պատճառով էլ Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում լճում ձկան և խեցգետնի պաշարների ավելացումը։
Յուրաքանչյուր տարի Սևանա լճում սիգի որսի արգելքի և սիգի ձվադրման ժամանակահատվածում մի շարք պատասխանատու գերատեսչությունների կողմից գրեթե 1 ամիս և ավել համատեղ իրականացվում է պահպանության խստացված միջոցառումներ։ Աշխատանքներին ներգրավվում են շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի մարդկային և տեխնիկական մեծածավալ ներուժը։
Չնայած պետության կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ այդ միջոցները բավարար չեն կանխելու կենսապաշարի վրա տեղի ունեցող արդի ճնշումները։ Եվ վերջնական վերլուծությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում խստացնել նաև պատասխանատվության միջոցները։
2019 թվականից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Կարող ենք փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։
Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, լճից մինչև վաճառք ողջ շղթայում պատշաճ վերահսկողության, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով խստացնել է գործող վարչական և քրեական պատասխանատվության դրույթները։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով՝
- ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ.
- հստակեցվել է կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը.
- նախատեսվել է արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաև կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է՝
- մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև խստացված վարչական պատասխանատվություն առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար.
- գործող պատասխանատվության հոդվածներից առանձնցնել սիգի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանել առավել խիստ պատասխանատվության միջոցներ։
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝
- Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատանցք հորատելու կամ լուծարված հորատանցքը վերաբացելու համար.
- սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև կնպաստեն Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի եկամուտներում կնախատեսվի ավելացում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունև լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթություններից։ Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաև Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը։
-
project.old_project_time.text
24.02.2023 - 17.03.2023
-
project.type.title
Закон
-
project.area.title
Շրջակա միջավայր, Энергетика и природные ресурсы, Уголовное законодательство, Водное хозяйство, Административные правонарушения
-
project.ministry.title
Министерство окружающей среды
project.views.title 1939
project.print.title