Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ գործողությունների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ), որը կներառի առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները:
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով:
Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝
- Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
- ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
- Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
- Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար: