base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝  այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

2. Կարգավորման առարկան

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ որպես ուղենիշեր կարևորվեցին ընտանիքում բռնության միջավայրի վերացման և կանխարգելման, բռնության տարբեր դրսևորումների բացահայտման, բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները: Սակայն Օրենքում առկա բացերը և իրավակիրառ գործունեության արդյունքները փաստում են, որ բռնության ոչ բոլոր դրսևորումները  և ոչ բոլոր հարաբերություններն են ընդգրկվում գործող իրավակարգավորման շրջանակում: Այսպես, օրինակ, վիճակագրական տվյալները փաստում են, որ ընտանեկան բռնության տարածված դրսևորումներից է վերահսկող վարքագծի կիրառումը, որը նույնպես պահանջում է կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Մինչդեռ, Օրենքը վերահսկող վարքագիծը որպես ընտանեկան բռնության տեսակ առհասարակ  չի սահմանում, ինչի արդյունքում բռնության տվյալ դրսևորումը զրկված է որևէ իրավական կարգավորումից:

Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում  խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության և խախտված իրավունքի վերականգնման: Հաշտեցման գործընթացին պետության որևէ միջամտությունը պետք է բացառվի, քանի որ այն հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու և համաչափ, արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Քննարկվող ոլորտում պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելուն, բռնության կրկնումը կամ շարունակումը բացառելուն, այլ ոչ թե նպաստի բռնություն գործադրած անձի նկատմամբ բացասական ներգործության միջոցները վերացնելուն

Օրենքում այլ իրավական ակտերին կատարած որոշ հղումներ և/կամ կարգավորումներ (ինչպես, օրինակ, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 8-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասը և այլն) չեն համապատասխանում այդ ակտերի բովանդակությանը, իսկ սահմանված որոշ գործառույթներ ըստ էության դուրս են համապատասխան մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակից:

Oրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր), հայտնվելով, ըստ էության, խիստ խոցելի, հոգեբանորեն ծանր վիճակում:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Աջակցության կենտրոնի կարգավիճակ ունի միայն պետական կազմակերպությունը: Նման սահմանափակումը չի նպաստում քաղաքացիական հասարակության հետ գործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը և անտեսում է մասնագիտացված կազմակերպությունների ներուժը (կազմակերպական, նյութական և մարդկային (մասնագիտական)  և փորձը: Այս առումով նպատակահարմար կլինի աջակցության կենտրոնի կարգավիճակ թույլատերլ նաև ոչ պետական կազմակերպության համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Ծրագրի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կընձեռնեն առավել համապարփակ ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները, տրամադրելու արդյունավետ պաշտպանության և աջակցման միջոցներ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ այլ իրավական ակտերում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման  կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում: 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    17.10.2019 - 01.11.2019

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 24385

project.print.title

project.sentences.title

01.11.2019

Ընտանեկան բռնությունն ինքնին կանանց նկատմամբ գենդերային խտրականության դրսեւորման ձեւ է. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեն իր №19 կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ընդհանուր բնույթի առաջարկով (տես http://www.un.org/womenwatch/daw/cedaw/recommendations/recomm.htm) արձանագրել է, որ գենդերային բռնությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, ուստի դրա դեմ պայքարելիս պետք է հստակորեն հաշվի առնել գենդերային առանձնահատկությունները: Այս մոտեցումը արտահայտել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք նախադեպային գործերով (տես http://hudoc.echr.coe.int/app/conversion/pdf/?library=ECHR&id=001-92945&filename=001-92945.pdf)։ Իր հերթին «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան նույնպես սահմանում է, որ պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական եւ այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` յուրաքանչյուր անձի, հատկապես` կանանց, բռնությունից զերծ մասնավոր եւ հանրային կյանքով ապրելու իրավունքը ապահովելու եւ պաշտպանելու ուղղությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 2-րդ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները» վերտառությամբ հոդվածը համալրել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով. «2. Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենսդրությունը հիմնված է օրինականության, հավասարության եւ խտրականության բացառման, տուժողակենտրոն մոտեցման (ընտանեկան բռնության ենթարկված անձանց շահերի պաշտպանության առաջնայնության), գենդերային զգայունության սկզբունքների հիման վրա: Գենդերային զգայունության չափորոշիչները սահմանված են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով: 3. Գենդերային հիմքով բռնությունից կանանց պաշտպանելուն եւ այն կանխելուն ուղղված այնպիսի հատուկ միջոցների ընդունումը, որոնք չեն վերաբերում տղամարդկանց, չի հանդիսանում խտրականության դրսեւորման ձեւ:»։

01.11.2019

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը» որպես ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ «ավանդական արժեքներ» հասկացության սահմանումը ՀՀ իրավական որեւէ փաստաթղթում առկա չէ: «Ավանդական արժեք» եզրույթն իրավական կատեգորիա չէ, ուստի իրավակիրառ գործունեության մեջ անհնար է մասնավորեցնել այդ եզրույթի բովանդակության շրջանակը, քանի որ այն ուղղակիորեն կապված է սուբյեկտիվ ընկալման հետ եւ յուրաքանչյուր դեպքով՝ կախված իրավահարաբերության սուբյեկտների անձնական հատկանիշներից, իրավագիտակցության մակարդակից, կրթվածության աստիճանից եւ այլ հանգամանքներից, ավանդական արժեքների շրջանակն ու բովանդակությունը միանգամայն տարբեր կերպ է մեկնաբանվում, ինչը գործնականում հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման եւ մարդու մի շարք հիմնարար իրավունքների ոտնահարման: Այն նաեւ հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին եւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ հոդվածի ա) կետով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք սույն Նախագծի շրջանակներում կարգավորել նաեւ այդ հարցը։

01.11.2019

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնություն Է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաեւ անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջեւ:»: Առաջարկում ենք Նախագծում տեղ գտած սահմանմանն ավելացնել հետեւյալ արտահայտությունը՝ այն առավելապես միջազգայնորեն ընդունված սահմանմանը համապատասխանեցնելու նպատակով. «, անկախ նրանից՝ արդյոք բռնարարը բնակվում է կամ բնակվել է բռնության ենթարկված անձի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ։»:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text