base.notification_banner.text
project.favorite.title

««Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
      1) 5-րդ կետում «պետական մարմնի ուժերի,» բառերից հետո լրացնել «աշխարհազորի,» բառը.
      2) լրացնել 9.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
   «9.1) աշխարհազոր՝ քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը.»:
       ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝
       1) 1-ին մասի 4-րդ կետում «զարգացումը,» բառից հետո լրացնել «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերը.
       2) 2-րդ մասի 9-րդ կետում «ծավալման,» բառից հետո լրացնել «աշխարհազորի պատրաստության,» բառերը.
       3) 3-րդ մասի 3-րդ կետում «կառուցվածքի» բառից հետո լրացնել «, աշխարհազորի կիրառումը» բառերը:
    ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «համալրումը» բառից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված կարգով աշխարհազորայինների հավաքագրումը» բառերը:

       ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
      «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:»:
      ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «պատրաստության» բառից հետո լրացնել «, աշխարհազորի պատրաստության և կիրառման պլանավորումն ու» բառերը:
       ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «զորակոչը» բառից հետո լրացնել «, աշխարհազորը» բառը:
       ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել 29.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
      «Հոդված 29.1. Աշխարհազորը
      1. Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
      2. Աշխարհազորի նպատակներն են՝
      1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.
   2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
    3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:
      3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝
   1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
     2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.
      3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
  4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.
      5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:
  4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
    5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
     6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:
  7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
    8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է:
   9. Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված՝ խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
   10. Աշխարհազորային պայմանական բրիդադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև՝ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխան համայնքում (Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
   11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ՝
     1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
     2) ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
     3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
 12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին հատկացվող համազգեստի նկարագիրը և տարբերանշանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով՝ զինծառայողների համար սահմանված կարգով:»:
    ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
   2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

  • project.old_project_time.text

    24.08.2020 - 08.09.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Անվտանգություն

  • project.ministry.title

    Պաշտպանության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 11479

project.print.title

project.sentences.title

07.09.2020

Առաջարկում եմ վերանայել աշխարհազորի ձևավորման գործընթացում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (Սահմանադրություն, հոդված 14, մաս 3): Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործն է, իսկ առողջական խնդիրներ չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: Աշխարհազորի ձևավորման և կառավարման առաջարկվող մոդելը կարող է մի շարք խնդիրների պատճառ հանդիսանալ. 1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալների վրա ի պաշտոնե ըստ էության զինվորական պարտականություններ դնելը ռազմականացնում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն իսկ պաշտպանության հետ կապված մի շարք գործառույթներ ունեն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի 1-ին մասի երկրորդ կետի համաձայն համայնքի ղեկավարը մասնակցում է զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարածքային պաշտպանության և ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին: «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ը սահմանում պաշտպանության բնագավառում մարզպետի լիազորությունները: Ներկա տեսքով օրենքը մարզպետի տեղակալի հաստիք չի նախատեսում: «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծն առաջարկում է ստեղծել մարզպետի տեղակալի հաստիք, որի լիազորությունների շրջանակը, համաձայն օրենքի նախագծի, սահմանափակվում է աշխարհազորի հետ աշխատանքով: Ըստ էության մարզպետի տեղակալը դառնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մարզի վարչակազմում: Կարող է ստեղծվել իրավիճակ, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ուղղակի տեղում չլինեն, ինչի արդյունքում ռազմական գործողություններում անմիջապես չներգրավված տեղական բնակչությունը (այն որ պաշտոնյաները նախատեսում են, որ աշխարհազորում ներգրավվելու է 100 հազար մարդ, ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու է ռազմական գործողություններում չներգրավված մի քանի հարյուր հազար մարդ), պատերազմի պայմաններում կմնա առանց իշխանության առաջնորդության, ինչը խնդրահարույց է: 2. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալներն ի պաշտոնե ներգրավվում են հատուկ պատրաստություն պահանջող գործառույթներում (դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների), ինչի համար սովորաբար տարիների պատրաստվածություն, հատուկ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ են պահանջվում: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալներն այդպիսի գիտելիքներ, հմտություններ և կարողություններ կարող են չունենալ (եթե նրանք պաշտոնաթող զինվորական կամ ոստիկան չեն, ապա ուղղակի չեն կարող ունենալ): 3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալները դառնում կրկնակի ենթակայության պաշտոնյաներ, ինչը կառավարման տեսակետից համարվում է անարդյունավետ և ոչ նպատակահարմար: Անհրաժեշտ է խուսափել զինված ուժերում (իսկ այս նախաձեռնության արդյունքում աշխարհազորը փաստացի դառնում է զինված ուժերի մաս) կրկնակի ենթակայության պաշտոնյաներ ունենալուց: 4. Եթե աշխարհազորում ներգրավված «շարքայինները» անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն, իսկ նրանց «հրամանատար» հանդիսացող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալները անցած չլինեն պարտադիր զինվորական ծառայություն, նման ստորաբաժանումներում մեծ կլինի անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ունենալու հավանականությունը: Աշխարհազորի ստորաբաժանումների հրամանատարները պետք է լինեն ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, այլ աշխարհազորայինների շրջանում հեղինակություն վայելող և զինվորական գործի մասին առնվազն նվազագույն գիտելիքներ ունեցող քաղաքացիներ: 5. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունը և վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող համայնքների խոշորացման հիմնավորումներից մեկը եղել է համայնքների ծախսերի օպտիմալացումը, ինչը ենթադրում է, որ մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի տեղակալի հաստիք կարող է չլինել:

07.09.2020

Առաջարկում եմ փոփոխություն և լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում աշխարհազորի դերը, նշանակությունը, գործառույթները և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (Սահմանադրություն, հոդված 14, մաս 3): Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործն է, իսկ առողջական խնդիրներ չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: 2020թ. հուլիսի 10-ին Անվտանգության խորհրդի կողմից հաստատված (https://www.seco.am/security_council/sessions/61?lang=hy ) Ազգային անվտանգության ռազմավարությունը անդրադառնում է ՀՀ զինված ուժերի (և “Պաշտպանության մասին” ՀՀ օրենքի համաձայն նրա անբաժանելի մաս կազմող պահեստազորի) արդիականացմանը, կառավարման և ղեկավարման համակարգի զարգացմանը, կարողությունների զարգացմանը (4.17 պարբերություն), զինված ուժերի պատրաստվածության բարձրացմանը (4.18), ՀՀ զինված ուժերի միջազգային անվտանգության ապահովմանը մասնակցությունը (4.20), զինվաժ ուժերի արդյունավետ ղեկավարմանը (4.21), զինված ուժերի հզորությունների շարունակական ընդլայնման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի գործում ռազմարդյունաբերական համալիրի առանցքային գործոնի զարգացմանը (7.39): 2020թ. հուլիսի 10-ին հաստատված ազգային անվտանգության ռազմավարության մեջ «աշխարհազոր» բառն ընդհանրապես չի օգտագործվել: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2019թ. հուլիսի 16-ի №935-Ա որոշմամբ: Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վրա գրեթե մեկ տարվա աշխատանքի արդյունքում միջգերատեսչական հանձնախումբը անհրաժեշտ չի գտել անդրադառնալ 100 հազարանոց աշխարհազորի հարցին, այն դեպքում, երբ համաձայն ներկայացված նախագծի աշխարհազորի վրա է դրվելու այնպիսի կարևորագույն գործառույթներ, ինչպիսիք են դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերին դիմակայելը, չեզոքացնելը և ոչնչացնելը, երկրի տարածքի, բնակչության, կարևորագույն օբյեկտների ու ենթակառուցվածքների պաշտպանությունը: Ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելուց մեկ ու կես ամիս հետո հանրային քննարկման է ներկայացվել այսպիսի կարևորագույն օրենքի նախագիծ, որը վերաբերում է ՀՀ պաշտպանական համակարգի կարևորագույն տարրերից մեկին: Այս իրավիճակը կարող է ՀՀ վարչապետի աշխատակազմում, Ազգային անվտանգության խորհրդում և ՀՀ պաշտպանության նախարարությունում ռազմավարական պլանավորման կարողությունների բարելավման անհրաժեշտության ցուցիչ հանդիսանալ: Դրանով պայմանավորված առաջարկում եմ իրականացնել ներքին ուսումնասիրություն և գնահատում, ռազմավարական պլանավորման աշխատանքների թերությունները վերհանելու և դրանց վերացման ուղղությամբ միջոցառումներ նախատեսելու համար: Ի տարբերություն պահեստազորի, աշխատազորը չի կարող համալրվել զինված ուժերի անբաժանելի մաս, որովհետև հիմնվում է կամավորության վրա: Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կամավորության վրա հիմնվել չի կարող: Աշխարհազորը կարող է և պետք է ավելացնի զինված ուժերի կարողությունները և կարևոր է, որպեսզի ազգային Անվտանգության ռազմավարությունը հստակեցնի այդ լրացման հանգամանքը, նպատակը, ձևերը և այլ հանգամանքներ:

07.09.2020

Առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի №650-Լ որոշման մեջ ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №1030-Լ և 2019թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշումներով ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի կարողությունների զարգացման, պաշտպանության նպատայով մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով մի շարք կարևորագույն միջոցառումներ են նախատեսվել, սակայն դրանցից ոչ մեկով ՀՀ կառավարությունը աշխարհազորի ձևավորման ուղղությամբ միջոցառումներ չի նախատեսել: Օրինակ, միջոցառումների ծրագրի (բոլոր ներկայացված տեղեկությունները վերցվել են ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 15-ի №650-Լ որոշումից). Կետ 204-ով նախատեսվում է Պաշտպանության պլանավորման և ռեսուրսների կառավարման միասնական համակարգի ներդրում, որի շրջանակներում նախատեսվում էր մինչև 2019թ. նոյեմբերի առաջին տասնօրյակ «Մշակել և Անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել ՀՀ պաշտպանության պլանավորման գործընթացի մոդելի նախագիծը», իսկ մինչև 2020թ. մարտի 30-ը «Անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ Պաշտպանության պլանավորման մոդելի պահանջներն ու դրույթները նորմատիվ իրավական ակտերով ամրագրելու, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ»: Կետ 205-ով նախատեսվում է «Պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավում»: Աշխարհազորի վերաբերյալ նախագծերով ներկայացված փաստաթղթերը ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված չեն: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը օպերատիվ կառավարման փաստաթուղթ է, որն անհրաժեշտության դեպքում կարող է և պետք է ենթարկվի փոփոխության, որպեսզի հնարավորինս ճիշտ արտացոլի այն առաջնահերթ խնդիրները, որոնց վրա աշխատում են պետական մարմինները:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text