07.09.2020
Առաջարկում եմ վերանայել աշխարհազորի ձևավորման գործընթացում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը (Սահմանադրություն, հոդված 14, մաս 3): Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործն է, իսկ առողջական խնդիրներ չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել ՀՀ զինված ուժերում: Աշխարհազորի ձևավորման և կառավարման առաջարկվող մոդելը կարող է մի շարք խնդիրների պատճառ հանդիսանալ. 1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալների վրա ի պաշտոնե ըստ էության զինվորական պարտականություններ դնելը ռազմականացնում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն իսկ պաշտպանության հետ կապված մի շարք գործառույթներ ունեն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի 1-ին մասի երկրորդ կետի համաձայն համայնքի ղեկավարը մասնակցում է զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև տարածքային պաշտպանության և ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին: «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ը սահմանում պաշտպանության բնագավառում մարզպետի լիազորությունները: Ներկա տեսքով օրենքը մարզպետի տեղակալի հաստիք չի նախատեսում: «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծն առաջարկում է ստեղծել մարզպետի տեղակալի հաստիք, որի լիազորությունների շրջանակը, համաձայն օրենքի նախագծի, սահմանափակվում է աշխարհազորի հետ աշխատանքով: Ըստ էության մարզպետի տեղակալը դառնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մարզի վարչակազմում: Կարող է ստեղծվել իրավիճակ, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ուղղակի տեղում չլինեն, ինչի արդյունքում ռազմական գործողություններում անմիջապես չներգրավված տեղական բնակչությունը (այն որ պաշտոնյաները նախատեսում են, որ աշխարհազորում ներգրավվելու է 100 հազար մարդ, ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու է ռազմական գործողություններում չներգրավված մի քանի հարյուր հազար մարդ), պատերազմի պայմաններում կմնա առանց իշխանության առաջնորդության, ինչը խնդրահարույց է: 2. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալներն ի պաշտոնե ներգրավվում են հատուկ պատրաստություն պահանջող գործառույթներում (դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների), ինչի համար սովորաբար տարիների պատրաստվածություն, հատուկ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ են պահանջվում: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալներն այդպիսի գիտելիքներ, հմտություններ և կարողություններ կարող են չունենալ (եթե նրանք պաշտոնաթող զինվորական կամ ոստիկան չեն, ապա ուղղակի չեն կարող ունենալ): 3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալները դառնում կրկնակի ենթակայության պաշտոնյաներ, ինչը կառավարման տեսակետից համարվում է անարդյունավետ և ոչ նպատակահարմար: Անհրաժեշտ է խուսափել զինված ուժերում (իսկ այս նախաձեռնության արդյունքում աշխարհազորը փաստացի դառնում է զինված ուժերի մաս) կրկնակի ենթակայության պաշտոնյաներ ունենալուց: 4. Եթե աշխարհազորում ներգրավված «շարքայինները» անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն, իսկ նրանց «հրամանատար» հանդիսացող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների տեղակալները անցած չլինեն պարտադիր զինվորական ծառայություն, նման ստորաբաժանումներում մեծ կլինի անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ունենալու հավանականությունը: Աշխարհազորի ստորաբաժանումների հրամանատարները պետք է լինեն ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, այլ աշխարհազորայինների շրջանում հեղինակություն վայելող և զինվորական գործի մասին առնվազն նվազագույն գիտելիքներ ունեցող քաղաքացիներ: 5. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունը և վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող համայնքների խոշորացման հիմնավորումներից մեկը եղել է համայնքների ծախսերի օպտիմալացումը, ինչը ենթադրում է, որ մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի տեղակալի հաստիք կարող է չլինել: