31.08.2020
Շնորհակալություն այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծը շրջանառելու համար: Համայնքային մի շարք դպրոցներում ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժների առկայության հետ կապված լրջագույն խնդիրներ կան: Փաստաթուղթը և հիմնավորումները լրամշակման կարիք ունեն: 2003թ. ի վեր փորձագետների մի խումբ պետական մարմիններին խորհրդատվություն է տրամադրել փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման վերաբերյալ (evidence based policy making): Ինքս ՀՀ ԿԳՆ հետ այդ և հարակից հարցերի վերաբերյալ աշխատել եմ սկսած 2004թ.-ից: Փաստերի վրա հիմնված քաղաքականությունների տեսակետից փաստաթղթի հիմնավորումները բարելավման կարիք ունեն: Շատ լավ է, որ ներկայացվել են ՀՀ տարբեր մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում բնակարանների վարձակալության գները (այստեղ ևս կարելի է ուղղում կատարել, քանի որ սահմանամերձ և բարձր լեռնային որոշ բնակավայրերեում հավանաբար խոսք է գնում ոչ թե բնակարանի, այլ առանձնատան, կամ առանձնատան մեկ կամ մի քանի սենյակների մասին): Սակայն այս փաստը վերաբերում է ոչ թե կրթության ոլորտին, այլ կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտին: Կրթության, մասնավորապես մանկավարժական կադրերի կարիքի վերաբերյալ տվյալների և ցուցանիշների առումով կարգի հիմնավորումները բարելավման կարիք ունեն: Առաջարկում եմ փաստաթղթի հիմնավորումների վերլուծական մասում տեղեկատվություն ներկայացնել հետևյալի մասին. 1) Մինչ այժմ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ մանկավարժական կադրեր գործուղելու կարգը կանոնակարգվել է ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ: Անհրաժեշտ է ներկայացնել վերը նշված որոշման ընդունումից ի վեր կատարված աշխատանքը, այդ թվում ՀՀ տարբեր մարզեր և բնակավայրեր գործուղված ուսուցիչների վերաբերյալ տվյալներն ըստ առանձին մասնագիտությունների (առարկաների), ինչպես նաև տալ գնահատական, թե ինչու վերը նշված որոշման շրջանակներում չի հաջողվել լուծել վերը նշված բնակավայրերի դպրոցները ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժական կադրերով համալրելու հարցը: Արդյոք դա պայմանավորված է եղել. ա. Ֆինանսական միջոցների անբավարարությամբ, բ. Համապատասխան կադրերի բացակայությամբ, գ. Պայմանների ոչ բավարար գրավչությամբ, դ. Այլ պատճառներով 2) Անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25 №1412-Ն որոշման ճակատագիրը: Համաձայն առլիս կայքի 2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ այն դեռևս գործում է (տես https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=35515 ):