ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ի կատարումն ՀՀ վարչապետի 2018թ. հունվարի 25-ի N 02/24.9/974 հանձնարարականի՝ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2018թ-ի հունվարի 9-ի N 1-Փ/18 արձանագրության վերաբերյալ, ՀՀ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել են քննարկումներ ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում որոշվեց, անկախ նրանից տարին սակավաջուր կլինի թե ոչ, «սակավաջրություն» հասկացության ձևակերպման նպատակով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին և 92-րդ հոդվածներում, որոնցով ամրագրվել են «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունները, հստակեցվել են լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունների լիարժեք ձևակերպմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: