Կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի ստեղծում
Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ավելի ու ավելի տարածում է գտնում կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանների ստեղծումը։ Ներկայումս շուրջ 20 երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ, օրինակ՝ Ինդոնեզիա, Քենիա, Ֆիլիպիններ, Սլովակիա, Ուգանդա և այլն։ Հակակոռուպցիոն դատարան ասելով մենք հասկանում ենք դատարան, դատավոր կամ դատարանի մասնագիտացված կազմ, որը մասնագիտացված է կոռուպցիոն գործեր քննելում։ Նման դատարանի ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մասնագիտացված հակակոռուպցիոն իրավապահ համակարգի, որը մենք տեսնում ենք ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ներքո և դատախազությունում մասնագիտացված հակակոռուպցիոն ստորաբաժանման։ Հակառակ պարագայում, որքան էլ որ մասնագիտորեն պատրաստված գործը գնա դատարան, եթե դատավորը չլինի մասնագիտացված հակակոռուպցիոն գործերում, որտեղ առկա են մի շարք առանձնահատկություններ, օրինակ՝ ապօրինի հարստացման գործերում ապացուցման բեռի հետ կապված, ապա չի կարող արդար և անաչառ վճիռ կայացնել։ Արդյունքում, պետության կողմից իրականացված ամբողջ հակակոռուպցիոն ջանքերը զուր կանցնեն։
Առաջարկում ենք
Ստեղծել կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ։