28.02.2019
Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե որ դեպքերում/ում որոշմամբ է իրականացվում հիվանդանոցային եւ որ դեպքերում/ում որոշմամբ՝ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն։ Իրավական որոշակիության տեսանկյունից՝ այս հարցերը վերաշարադրման կարիք ունեն։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի մայիսի 13-ի № ՍԴՈ-753 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաեւ իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի, որպեսզի իրավունքի սուբյեկտները համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կանխորոշելու, թե տվյալ դեպքում իրավական ինչ նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ։ Նույնաբովանդակ իրավական դիրքորոշումներ են տեղ գտել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում (օրինակ՝ «Սանդեյ Թայմս ընդդեմ Միացյալ Թագավորության» 1979 թվականի ապրիլի 26-ի գործով վճիռը, գանգատ № 6538/74, կետ 49):