09.11.2019
2. Նախագծի 8) կետով առաջարկվող լրացումը թեև մեր գնահատմամբ որոշակիորեն հստակեցնում է Բաժանորդ դառնալու համար նոր միացման գործընթացը, սակայն այն բավարար չէ։ Վեոլիա ջուր ընկերության կողմից ներկայացվող 14 կետանոց ցանկի և ընդհանրապես այս մասով առկա որոշ դեպքերում անտեղի քաշքշուքները մեղմելու որևէ գործուն առաջարկ այս նախագիծը չի պարունակում։ Ավելին՝ չի վերացվում մատակարարին 11․1 կետով տրված բացառիկ իրավունքը, այն է՝ նոր համակարգի կառուցման տեխնիկական վերահսկողությունը պետք է իրականացնի կա՛մ մատակարարը, կա՛մ մատակարարի հրապարակած ցանկում ընդգրկված կազմակերպությունը։ Չի վերանայվել նաև 12-րդ կետը, համաձայն որի մատակարարի կողմից հրապարակվում են գներ, որոնք մեղմ ասած հեռու են գործող իրականությունից (չնայած ինչ-ինչ ստանդարտների հաշվառմամբ ունեն իրենց հիմնավորումները)։ Արդյունքում՝ նոր բաժանորդ դառնալու քաղաքացու հոգսը այս փոփոխություններով որևէ կերպ չի մեղմվում։ Մինչդեռ դա օրակարգում առկախված թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Խնդրում ենք հնարավորության դեպքում անդրադարձ կատարել հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման գործընթացի պարզեցման և բաժանորդների հոգսերը թեթևացնելու ու լրացուցիչ ծախսերից ձերբազատելու հնարավորություններին։